27/07/2024

Կես ճշմարտություն՝ ՔՊ-ական պատգամավորից․ Կանադան հանել է Թուրքիա զենքի մատակարարման էմբարգոն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը զսպելու՝ արևմտյան երկրների ու կառույցների քայլերին, պնդել է, թե «Կանադան դադարեցրել է Ադրբեջան ԱԹՍ տեխնոլոգիաների արտահանումը»։

fip.am «Կարող ենք էլի գտնել գործողություններ, որոնք տեղի են ունեցել․ մի շարք տեխնոլոգիաներ, օրինակ՝ կանադական, որոնք արտահանվում էին Ադրբեջան, ժամանակի ընթացքում դադարեցին արտահանվել, որոնք օգտագործվում էին անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ»,- ասել է պատգամավորը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՔՊ-ական պատգամավորի՝ կանադական տեխնոլոգիաների արտահանման վերաբերյալ պնդումները։

ԱԹՍ տեխնոլոգիաներ՝ ոչ թե Ադրբեջանին, այլ Թուրքիային

Նախ, Արթուր Հովհաննիսյանը փաստական սխալ է թույլ տալիս՝ պնդելով, թե Կանադան արգելափակել է իր երկրում արտադրվող բաղադրիչների մատակարարումն Ադրբեջանին․ իրականում, այդ երկրին նման տեխնոլոգիաների մատակարարման մասին փաստեր հայտնի չեն, փոխարենը՝ Կանադայից ԱԹՍ-ների արտադրության մեջ կիրառվող տեխնոլոգիաներ ստացել և կիրառել է Թուրքիան։

Կանադական էմբարգոն՝ 44-օրյա պատերազմի ընթացքում

2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմում Բաքուն լայնորեն կիրառում էր թուրքական արտադրության Bayraktar անօդաչու թռչող սարքեր, որոնց որոշ բաղադրիչներ, օրինակ՝ L3 Wescam MX-15D տեսախցիկը և այլ սարքեր, ներմուծվել էին Կանադայից։

Արդեն 2021 թվականին Կանադան չեղարկեց Թուրքիա ռազմական արտադրանքի և տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունը, քանի որ դրանք օգտագործվել են երրորդ երկրի՝ Ադրբեջանի կողմից, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում:

«Հիմնավոր ապացույցներ կան, որ Թուրքիա արտահանված կանադական տեխնոլոգիաները կիրառվել են Լեռնային Ղարաբաղում: Ուստի հայտարարում ենք դրանք կիրառելու թույլտվությունը չեղարկելու մասին»,— ասվում է Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Սակայն 2024 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ Կանադան պաշտոնապես չեղարկել է Թուրքիա մատակարարվող զենքի էմբարգո սահմանելու որոշումը։

Այսպիսով, ՔՊ-ական պատգամավորի հիշատակած կանադական ԱԹՍ տեխնոլոգիաները մատակարարվել են ոչ թե Ադրբեջանին, այլ Թուրքիային․ միևնույն ժամանակ, նաև պատգամավորը հիշատակում է 2021-ին Կանադայի սահմանած էմբարգոյի մասին, բայց չի նշում 2024 թվականին այդ արգելքը վերացնելու Կանադայի որոշման մասին։

Նանե Մանասյան