27/07/2024

Իսրայելի դեմ Իրանի «հարձակումը» նախորդում է Միացյալ Նահանգներ Թուրքիայի նախագահի այցին

Իրանի գիշերային «հարձակումից» հետո Իսրայելի վարչապետ Նաթանյահուն սոցիալական ցանցում գրառում է կատարել. «Մենք պատնեշեցինք, մենք արգելափակեցինք: Միասին մենք կհաղթենք»:

Խոսքն իրանական ԱԹՍ-երի եւ հրթիռների դեմ ՀՕՊ պատնեշի մասին է, որ Իսրայելը «կառուցել է» Միացյալ Նահանգների եւ տարածաշրջանի դաշնակից երկրների հետ: Միամտություն կլիներ ասել, թե «հարձակվող» Իրանը չէր հաշվարկել, որ Իսրայելն ունի արդիական ՀՕՊ, իսկ դաշնակիցները նրան բավարար աջակցություն ցուցաբերելու են:

Այդ դեպքում Իրանի հոգեւոր առաջնորդն ինչո՞ւ է նման որոշում ընդունել: Եթե դա «ուժի նախազգուշական ցուցադրություն» է, ապա ո՞րն է արդյունքը: Թեհրանի եւ իրանական մի քանի այլ քաղաքների գիշերային ցույցե՞րը:

Բայց չէ՞ որ ավելի բարձր պիտի լինի «հարձակման ենթարկված»՝ իսրայելական հանրության ոգեւորությունը: Թեհրանը չէր կարող չհաշվարկել նաեւ այդ հանգամանքը: «Հարձակման» պահ է ընտրվել մի իրավիճակ, երբ Նաթանյահուի քաղաքական վարկանիշը չափազանց ցածր է, նրա կոլալիցիոն կառավարության ապագան՝ անորոշ:

Իրանական «հարձակման» կասեցումը, չպետք է կասկածել, զգալիորեն բարձրացնելու է Նաթանյահուի սասանված հեղինակությունը: Շատ կարեւոր է Նաթանյահուի գրառման «մենք միասին կհաղթենք» ընդգծումը: Փաստացի նա արձանագրել է Իսրայել-ԱՄՆ դաշնակցային հարաբերությունների անխախտելիությունը:

Իսրայելի դեմ «հարձակումից» երկու օր առաջ Իրանի հոգեւոր առաջնորդը քննադատել է Իսրայելին աջակցող իսլամական երկրներին: Ակնարկին հակադարձել է թուրքական մամուլը՝ Իրանին մեղադրելով, որ «ոչ թե Գազայի եւ Պաղեստինի, այլ տարածաշրջանում իր ազդեցության հարցն է լուծում՝ գործնականում ոչինչ նչձեռնարկելով»:

Իրանին, ըստ երեւույթին, ձեռնտու է, որ Իսրայելում աջ-ազգայնական ուժերի իշխանություն լինի: Հակառակ դեպքում իսրայելա-պաղեստինյան կարգավորման հեռանկար կբացվի, եւ, գուցե, Թուրքիային կվերապահվի անկախ Պաղեստինի անվատնգության երաշխավորի դերակատարություն:

Անկարան այդ հավակնությունը չի թաքցնում: Բայց այդ դեպքում Մերձավոր Արեւելքում դե-ֆակտո կհաստատվի նեօսմանական պրոտեկտորատ: Որքան էլ արտառող չթվա, այդ հեռանկարը բացառելու հարցում Իրանի եւ Իսրայելի շահերը պետք է որ համընկնեն:

Իսրայելի դեմ Իրանի «հարձակումը» նախորդում է Միացյալ Նահանգներ Թուրքիայի նախագահի այցին: Դա, կարծես, ազդակ է, որ Վաշինգտոնը եւ Անկարան Մերձավոր Արեւելքի հարցում չեն կարող սեպարատ համաձայնության գալ:

Իսրայելա-իրանական «մեծ պատերազմի սցենարը» կարող է Վաշինգտոնի համար փաստարկ լինել, որպեսզի Թուրքիային տարհամոզի Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում «հակաահաբեկչական ռազմագործողության» հարցում: Իրանը, կարծես, կանխում է Մերձավոր Արեւելքում Թուրքիայի ռազմավարական «պահնորդության» հնարավորությունը: Այդ մրցակցությունը կարող է «արձագանքվել» նաեւ Հարավային Կովկասում: