27/07/2024

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը էապես ազդելու է Հայաստանի սահմաններին իրադրության վրա

Փաշինյանը հրավիրել էր անվտանգության խորհրդի շտապ նիստ: Այդ տեղեկությունը չի հաստատվել, բայց նաեւ չի հերքվել: ԱԽ շտապ նիստի մասին տեղեկությունը զուգորդվեց Մեղրու շրջանից ստացված ողբերգական լուրով, որ զինվորական Ուրալի վթարի հետեւանքով զոհվել է 4 զինծառայող եւ վիրավորվել է 20-ը:

Արդյո՞ք կառավարությունը ունեցել է մտավախություն, որ կատարվածը կարող էր լինել դիվերսիոն գործողության հետեւանք: Սա կարող է նշանակել, որ կառավարությունը համենայն դեպս բարձր է համարում այդպիսի ռիսկի հավանականությունը, եթե կարող էր այդ կերպ շտապ արձագանքել տեղի ունեցածին:

Միեւնույն ժամանակ աակայն, ապրիլի 12-ին տեղի էր ունեցել նաեւ մեկ այլ իրողություն, որը բարեբախտաբար ֆեյք լուր էր՝ Երեւանի մի շարք դպրոցներում ահաբեկության իբրեւ թե ծրագրման մասին, բայց իր բնույթով անկասկած առնչվում է ազգային անվտանգությանը, քանի որ ի թիվս օրինակ իրավապահ համակարգի արձագանքը ստուգելու, կարող է նաեւ առաջացնել հանրային խուճապ եւ այդպես նաեւ «թեստավորել» Հայաստանի անվտանգության համակարգը:

Չի բացառվում իհարկե, որ ԱԽ շտապ նիստը պայմանավորված լիներ այլ, ավելի լայն ռազմա-քաղաքական գործոններով, կապված օրինակ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, երբ արդեն գրեթե բաց ռեժիմում միջազգային մակարդակով քննարկվում է Իսրայելին հասցվելիք հարվածի հարցը եւ ուժգնությունը:

Անգամ հայտնվել է տեղեկություն, թե Իրանին խորհուրդ են տալիս ոչ թե խուսափել հարվածից, այլ՝ չհարվածել այնպես, որը կխթանի ռեգիոնալ պատերազմի մեծ ալիք: Ի վերջո, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը էապես ազդելու է Հայաստանի սահմաններին իրադրության վրա:

Միով բանիվ, ակնառու է այն, որ իրավիճակը Կովկասում աստիճանաբար մոտենում է լարվածության բավականին բարձր կետի: Ի դեպ, հարկ է թերեւս նկատել, որ 2020 թվականի պատերազմական ողբերգական տարին եւս սկսեց Իրանի շուրջ սուր զարգացումներով եւ մերձավորարեւելյան իրադրության սրումով:

Կովկասը մեծ Մերձավոր Արեւելքի անվտանգության «ավազանում» գտնվող ռեգիոն է, հետեւաբար շաղկապվածությունն ու փոխազդեցությունը բացարձակապես տեսական չեն:

Այլ հարց է, որ ավելի ու ավելի հիբրիդային աշխարհում «անտեսանելի» կարող են դառնալ փոխազդեցության դրսեւորումները: Հայաստանի իշխանությունը անվտանգության հարցերում աչքի է ընկնում հռետորաբանությամբ, որի անթաքույց նպատակներից մեկը Հայաստանի սահմանին հարձակման որեւէ առիթ չտալն է:

Առանցքային հարցերից մեկն այն է սակայն, որ ժամանակակից աշխարհում ագրեսիայի հիբրիդային բնույթը, հիբրիդային տեխնոլոգիաների գերարագ զարգացումը ստեղծում են մարտահրավերներ, որոնք կարող են եւ չարտահայտվել սահմանային որեւէ ագրեսիայի տեսքով, բայց սպասարկել այն նպատակները, որոնք կարող էին լինել որեւէ սահմանային գործողության կամ ապակայունացման քաղաքական եւ աշխարհաքաղաքական շարժառիթների գեներատոր: