Բնապահպանւթյան նախկին նախարար, ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, նրա կինը՝ Մարիամ Գինոսյանը, դուստրը՝ Արմինե Այվազյանը, ինչպես նաեւ փոխկապակցված մի շարք անձինք՝ Գագիկ եւ Սուրեն Այվազյանները, Հարություն Մուրադյանը ապրիլի 19-ին հրավիրված են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
civic.am-ը հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքից տեղեկացավ, որ հիշյալ անձանց պատկանող գույքերի նկատմամբ կատարվել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։
Ըստ մամուլի հրապարակումների` Վարդան Այվազյանն ունի բազմաթիվ հանքեր, որոնք սակայն ձևակեպված են նրա ազգականների կամ ընկերների անուններով: Նախարարն առանձնահատուկ սեր ունի հատկապես ոսկու, պղնձի, մոլիբդենի եւ երկաթի հանքավայրերի նկատմամբ: Սկանդալային պատմությունների կիզակետում մշտապես հայտնված նախկին պաշտոնյայի հետ կապված մամուլում սկսեց պատմություն շրջանառվել դեռևս 2005-ին: Նշվում էր, որ այն ժամանակ դեռևս բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Վարդան Այվազյանի և ոսկի արդյունահանող «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության հարաբերությունները խիստ լարված են եղել: Արդեն 2006-ին հայտնի դարձավ, որ Վարդան Այվազյանը «Գլոբալ Գոլդից» 3 միլիոն դոլար կաշառք է պահանջել: Այվազյանն, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, ընկերությանը զրկել էր Հանքավանում գտնվող ոսկու հանքի շահագործման լիցենզիայից, որը պետք է ուժի մեջ լիներ մինչև 2017 թվականը: Դեռեւս 2006-ի հունվարի 19-ին «Գլոբալ Գոլդի» շահերը ներկայացնող մի ամերիկյան իրավաբանական գրասենյակ նամակ-առաջարկով դիմել էր Ռոբերտ Քոչարյանին, այն ժամանակվա ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին, առեւտրի եւ զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանին, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին և հենց Վարդան Այվազյանին:
«Գլոբալ Գոլդը» 2006-ի դեկտեմբերին ԱՄՆ Նյու Յորքի «Միջազգային առեւտրային պալատի միջազգային արբիտրաժային դատարանում» Վարդան Այվազյանի դեմ վարույթ հարուցեց: Սակայն դրանից տարիներ անց վարույթը չեղյալ համարվեց:
Վրացական հեռուստաընկերություններից մեկը նույնպես հրապարակել էր պատգամավորի հետ կապված մի պատմություն:
Ըստ դրա` պատգամավորը 2010թ. ձևական աճուրդով գնելով Տաբածղուրիի լիճը, 3 տարի է, տեղի բնակչության համար լիովին սահմանափակել է այնտեղից ձկան որսը: Սրանով, ըստ մամուլի հրապարակումների, Այվազյանը եկամտի աղբյուրից զրկել է ավելի քան 400 ընտանիքների:
Հիշեցնենք, որ 2023թ․-ին Դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ դատարան է ուղարկվել Վարդան Այվազյանի կողմից ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ գործը։ ՀՀ ԱԱԾ-ում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և իր փաստացի բնակության վայրում պահել ռազմամթերք հանդիսացող, գործարանային արտադրության «АКМ» տեսակի ինքնաձիգերից, «РПК» տեսակի ձեռքի գնդացիրներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված 12 հատ 7,62 մմ (7,62*39) տրամաչափի, «СВД» տեսակի նշանառու հրացաններից, «ПК» տեսակի գնդացիրներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված 2 հատ 7,62մմ (7,62*54R) տրամաչափի մարտական փամփուշտներ, ինչպես նաև՝ «MP-446 (Viking)», «Glock» տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված 34 հատ 9 մմ (9*19) տրամաչափի սպորտային-վարժանքային փամփուշտներ։
Բաց մի թողեք
Նմանատիպ փաստերի հայտնի դառնալուց հետո կառավարություններ են հրաժարական տվել. Լուսանկարներ
Կվերաբացի՞ արդյոք Սոթքի ոսկու բաց հանքը. վարդենիսցիներին որոշ շրջանակներում խաբում են
Ժողովրդավարության «առաջամարտիկ» ՔՊ-ն շարունակում է ազատվել իր ընդդիմախոսներից. Լուսանկար