29/05/2024

Տիգրան Համասյանի համերգի դաշնամուրը կտեղափոխեն ուղղաթիռով

Համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ Տիգրան Համասյանը, ինչպես հայտնի է, ապրիլին Սյունիքի մարզում հանդես կգա անվճար համերգներով։ Առաջին համերգը կլինի Կապանի Խուստուփ լեռան լանջերին՝ ապրիլի 21-ին, Փսկու Խութ կոչվող բլրի վրա, երկրորդը՝ ապրիլի 22-ին՝ Շվանիձորի մշակույթի տանը։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մեր նախնիները սրբավայր Խուստուփ լեռան մոտ էին փնտրում իրենց արթնացումը։ Ապրիլի 21-ին մենք բարձրանալու ենք դեպի գերագույնը, գնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով։ Հայացքդ մի՛ կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սեւ ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ»,- իր համերգի մասին հայտնել է Համասյանը:

Մեզ պատմեցին, որ համերգի կազմակերպման աշխատանքներն այնքան էլ հարթ չեն ընթացել, մասնավորապես Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը նեղացել է, որ կազմակերպիչներն առաջինը ոչ թե իրեն, այլ Սյունիքի մարզպետին են դիմել, այդ պատճառով էլ հրաժարվել է խմբին տրամադրել բարձր չափանիշներին համապատասխանող Կապանի մշակութային տան դաշնամուրը, որ տեղափոխեն Խուստուփի լանջին։

Պատմում են, որ Փարսյանը պատճառաբանել է, թե դաշնամուրը լարից կընկնի, կվնասվի եւ այլն, ինչի պատճառով էլ կազմակերպիչները պայմանավորվել են «Կապանի երաժշտական փառատոն» ՀԿ-ի նախագահ Սեւակ Ավանեսյանի հետ, որի ջանքերով մոտ մեկ տարի է՝ համայնքի երաժշտական քոլեջն ունի աշխարհի լավագույն դաշնամուրներից մեկը, որ այն տրամադրեն Համասյանին։ Սակայն այդ դաշնամուրը չափերով մի քանի անգամ մեծ է, եւ տեղափոխությունը պետք է իրականացվի ուղղաթիռով՝ ի տարբերություն Կապանի մշակութային տան ավելի կոմպակտ դաշնամուրի։ Պատմում են, որ Փարսյանը չի աջակցել նաեւ բեմահարթակի տրամադրման հարցում։

Երեկ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի հետ կապ հաստատել չստացվեց, նա չպատասխանեց մեր զանգերին, փոխարենը համայնքապետի տեղակալ Գոռ Թադեւոսյանը հորդորեց բոլոր հարցերի մասին զրուցել համերգի կազմակերպիչների հետ՝ ասելով, որ բոլոր հարցերում իրենք աջակցել են։

Համերգի գլխավոր կազմակերպիչ Հայկ Բարսեղյանը՝ Լեւոն Բարսեղյանի որդին, մեզ հետ զրույցում չհերքեց, որ դաշնամուրի հարցով բանակցություններ եղել են Կապանի համայնքապետարանի հետ, սակայն ասաց, թե չի ցանկանում ասել, որ իրենց մերժել են, ուղղակի քննարկումների արդյունքում հանգել են որոշման, որ պիտի քոլեջի մեծ դաշնամուրը տեղափոխեն՝ ուղղաթիռով։

«Երբ սկզբում մտածում էին, որ այդ դաշնամուրն ափսոս է տեղափոխելու համար, ու դեռ մասնագիտական թիմ չունեինք, մտածում էինք՝ ինչո՞ւ չէ, «Մոսկվա» դաշնամուրը տեղափոխել, որի ներքին օրգանները Գերմանիայից բերված են, եւ որը պատկանում է Կապանի մշակույթի տանը։ Չտալու խնդիրը չէ, մեր ծրագրերում վայրկյան առ վայրկյան փոփոխություններ են տեղի ունենում, եւ երբ որ մենք սկսեցինք քննարկել՝ արդյոք հա, արդյոք չէ, ի վերջո, եկանք այն որոշմանը, որ ավելի լավ է ունենանք լավ թիմ ու բերենք լավագույն դաշնամուրը, իսկ ով տվեց, ով չտվեց, կներեք՝ զուգարանից մինչեւ բիոզուգարան, մինչեւ հաց ուտելու խնդիր հազար կողմով բանակցել ենք։ Չուզողություն չեն արել, նստել հասկացել ենք»,- ասաց Հայկը։

Ասում են նաեւ, որ համերգի համար բեմահարթակի հարցում էլ առատաձեռն չեն գտնվել Կապանի համայնքապետարանում։ Հայկ Բարսեղյանն այս մասին էլ ասաց, որ բեմահարթակ համաձայնել են տրամադրել, խնդիրը եղել է մասնագետը, որը չեն ունեցել․ «Պակաս չեն դեպքերը, երբ բեմ է շուռ եկել, մարդիկ են ընկել, ոտք են կոտրել, հետեւաբար, այդ աշխատանքները պահանջում են նորմալ ինժեներ մասնագետներ, ոչ թե հայավարի լուծում։ Հա, իրենք բեմն ունեն՝ որպես երկաթ, բայց երբ գալիս հասնում է մասնագետներին, կհասկանանք, որ մասնագետ չկա, չենք կարող դա անել»։ Բարսեղյանն ասաց, որ տեխնիկական աշխատանքներից չեն նեղվել, եթե որեւէ մեկը չի կարողացել մի աշխատանք անել, մյուսն է արել, մյուսը չի կարողացել՝ երրորդն է արել․ «Կարեւորը, որ այստեղ բոլորն ուրախ են, որ կա մի կետ, որտեղ կարող են համախմբվել բոլորը, եթե մենք ուզում ենք համախմբվել, ուրեմն պիտի կարողանանք իրար հետ խոսել, զրուցել, լեզու գտնել, մեկս մեկին օգնել»։

Նկատենք․ որքան էլ համերգի կազմակերպիչը փորձում էր չսրել իրավիճակը, այդուհանդերձ, «Հող ու ջուր» համերգային ծրագրի ծանուցման էջում համերգի աջակիցների շարքում չեն ընդգրկել Կապանի համայնքապետարանի անունը, փոխարենը նշվում է Սյունիքի մարզպետի աշխատակազմի, Գորիսի համայնքապետարանի, Կապանի երաժշտական փառատոնի, որը դաշնամուրն է տրամադրել, եւ այլք։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փարսյանի եւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հարաբերություններն առաջվա պես ջերմ չեն, Փարսյանը խանդով է վերաբերվում, որ մարզպետը ջերմ հարաբերություններ ունի համայնքապետերի հետ, մինչդեռ երբ Կալավանցին վարչապետի խորհրդական էր, մարզից միայն ինքն էր մտերմություն անում նրա հետ։ Հավելենք նաեւ, որ Սյունիքում նախկին ըմբոստ համայնքապետերի «կոտրվելու» եւ փաշինյանական իշխանությունների հետ ջերմանալու հիմնական «մեղավորը» հենց Կալավանցի Ռոբերտն է, որ կարողացել է լեզու գտնել տեղի ժողովրդի եւ մասնավորապես համայնքապետերի հետ եւ բերել իշխանական դաշտ: