Հայաստանը կարեւորում է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների շարունակական շփումները, բայց Սերդար Քըլըչ-Ռուբեն Ռուբինյան առաջիկա հանդիպման վերաբերյալ թուրքական կողմի հետ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չունի՝ «Հրապարակի» հարցին ի պատասխան հայտնում են ԱԳՆ-ից։
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք պաշտոնյան պատրաստվում Հայաստան ժամանել, եւ արդյո՞ք Թուրքիայի հատուկ բանագնացի այցելության օրակարգում ներառված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցը։
«Հայաստանը շարունակում է կառուցողական ներգրավվածություն ունենալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում եւ կարեւորում է հատուկ ներկայացուցիչների շարունակական շփումները: Ներկայում Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջեւ առկա չէ հանդիպում անցկացնելու վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն եւ համաձայնեցված օրակարգ»,- նշված է ԱԳՆ պատասխանում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ հայկական կողմն ընդունել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի առաջարկը՝ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը Երեւանում անցկացնելու վերաբերյալ, որը հնչել էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։
Հայ-թուրքական գործընթացին օրեր առաջ անդրադարձել էր նաեւ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ նշելով, որ Եվրամիությունն աջակցում է Հայաստան-Թուրքիա գործընթացին, եւ հույս հայտնելով, որ բանագնացները մոտ ապագայում կհանդիպեն։
Բաց մի թողեք
Նմանատիպ փաստերի հայտնի դառնալուց հետո կառավարություններ են հրաժարական տվել. Լուսանկարներ
Կվերաբացի՞ արդյոք Սոթքի ոսկու բաց հանքը. վարդենիսցիներին որոշ շրջանակներում խաբում են
Ժողովրդավարության «առաջամարտիկ» ՔՊ-ն շարունակում է ազատվել իր ընդդիմախոսներից. Լուսանկար