27/07/2024

Իրանաիսրայելական տիրույթում տեղի ունեցածը չպետք է լինի խաբկանք Հայաստանի համար

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին պարզաբանել է, թե Իրանն ինչ նկատի ունի, երբ ասում է արտառեգիոնալ խաղացողներ՝ անթույլատրելի համարելով ռեգիոնում նրանց հաստատումը:

Ըստ դեսպանի, արտառեգիոնալ խաղացողներ ասելով նկատի ունեն ԱՄՆ ու որոշ եվրոպական երկրներ, որոնք դեսպանի խոսքով գալիս են Կովկաս եւ փորձում են որոշումներ կայացնել այստեղ ապրող ժողովուրդների համար: Պատահակա՞ն է, զուգադիպությու՞ն է արդյոք, որ Իրանի դեսպանը թեմայի վերաբերյալ ավելի բաց է արտահայտվում Իսրայելին իրանական պատասխանից հետո, որը ըստ էության դարձել էր թիվ մեկ միջազգային իրադարձությունն ու ըստ էության առ այսօր մնում է այդպիսին:

Թե՞ Իրանի դեսպանի հայտարարությունները վկայում են այն ընդգրկման մասին, որ ունի հարցը, եւ Իսրայելի ուղղությամբ գործողությունից հետո Իրանը Հայաստանում իր դեսպանի միջոցով որոշակի ազդակներ է ուղղում Կովկասի առնչությամբ:

Ի դեպ, դեսպան Սոբհանին ասել է, որ Իրանը դժգոհ է ռեգիոնում լարվածության աճի միտումից:

Ըստ դեսպանի, հարցերը պետք է կարգավորել խաղաղ ճանապարհով: Նա իհարկե չի ասել, թե հատկապես ո՞վ է առաջացնում աճի լարման միտում, սակայն դա թերեւս այն պատճառով, որ Թեհրանը այդ միտման հետեւում դիտարկում է ավելի լայն աշխարհաքաղաքական պրոցեսները, որտեղ Կովկասի երկրները ի վիճակի չեն լինել եղանակ ստեղծող կամ թելադրող՝ օբյեկտիվորեն, անկախ նրանց միջեւ ուժային բալանսից:

Այլ հարց է, թե ո՞ր եղանակին համարժեք կգործեն նրանք: Միեւնույն ժամանակ, երբ Իրանի դեսպանը արտահայտվում է Կովկասում արտառեգիոնալ դերակատարների դեմ, կարող է ստացվել որոշակի հակասություն, այն իմաստով, որ բավականին նկատելի էր Իսրայելին հասցված հարվածում Իրանի եւ ԱՄՆ միջեւ եղած կոմունիկացիան:
Ավելին, այդ իմաստով թերեւս հարվածը կարելի է բնորոշել համակարգված կամ «համատեղ», հաշվի առնելով, որ թերեւս ԱՄՆ վարչակազմի շահից էր բխում Նաթանյահուի իշխանությանը սանձելու որոշակի առիթը: Սակայն, քաղաքականությունը լինելով շաղկապված գործընթացների համայնապատկեր, այդուհանդերձ չի առաջնորդվում հաղորդակից անօթների տրամաբանությամբ:
Եթե Իրանն ու ԱՄՆ կարող են հատվածային գործակցություն ունենալ Մերձավոր Արեւելքի ուղղությամբ որեւէ մի հարցում, դա ինքնին ոչ միայն չի նշանակում, որ այդպիսին կլինի նրանց վարքագիծը մյուս բոլոր ռեգիոններում, այլ նույնիսկ հենց Մերձավոր Արեւելքի բոլոր հարցերում: Այդ տեսանկյունից, իրան-իսրայելական տիրույթում տեղի ունեցածը չպետք է լինի խաբկանք Հայաստանի համար: Ներկայիս աշխարհում այդուհանդերձ չկան օրինաչափությունների, եւ շարունակում է գերակա մնալ բոլորը բոլորի դեմ պատերազմի ռեժիմն ու անկանխատեսելիությունը, հետեւաբար Հայաստանի քաղաքականությունը չպետք է դուրս գա բարձր զգայունության ռեժիմից:

Առաջիկայում Հայաստան կգա իրանական երկու պատվիրակություն, որոնք ունեն տնտեսական հարաբերությունների խորացման նպատակ: Մասնավորապես, դրանցից մեկը առնչվելու է իրանական Չաբահար նավահանգստում Հայաստանի համար տարածքի հարցին, որով ըստ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի՝ Երեւանը հետաքրքրված է:

Իրանի դեսպանը, որ ասուլիսի է տվել ապրիլի 16-ին, հայտարարել է, որ Հայաստանն Իրանի համար ճանապարհ է դեպի Սեւ ծով, իսկ Իրանը Հայաստանի համար «շնչուղի» է դեպի հարավ, դեպի Հնդկաստան: Իրանի դեսպանը փաստացի ազդարարել է Հայաստանի հանդեպ Իրանի տնտեսական հետաքրքրությունների աճի մասին:

Իհարկե պարզ չէ, թե գործնականության ինչ աստիճան ունեն դրանք, սակայն այստեղ թերեւս շեշտադրումներն առավել ուշագրավ են մի ֆոնի, որն առաջին հայացքից թերեւս տեսանելի չէ: Խոսքն ապրիլի 5-ի հանդիպման մասին է, դրա տնտեսական բովանդակության եւ շեշտադրումների: Անշուշտ, այստեղ եւս կա գործնականության մեծ հարցը, սակայն ուշադրության են արժանի միտումները: Հայաստանի հարցում տնտեսական շեշտադրումների ամերիկա-եվրոպական հանդիպմանը փաստորեն հնչում է Իրանի անուղղակի արձագանքը՝ տնտեսական այլ շեշտադրումների տեսքով: Այստեղ անշուշտ պետք է նկատել աշխարհաքաղաքականությունը: Բրյուսելյան ձեւաչափի «առանցքում» անշուշտ տրանսպորտային կապերի հանգամանքն է՝ Կենտրոնական Ասիայից դեպի Թուրքիա ու Եվրոպա՝ Ադրբեջանով եւ Հայաստանով:

Իրանը գործնականում Հայաստանին առաջարկում է հարավից-հյուսիս տրամաբանությունը: Այստեղ հարկ է նկատել, որ Թեհրանի առաջարկը թերեւս պետք է գրավիչ թվա Ֆրանսիային, որը մեղմ ասած չի կարող ոգեւորված լինել այսպես ասած Միջին միջանցքի այն տրամաբանությամբ, որը ենթադրում է ճանապարհ Ադրբեջանով եւ Թուրքիայով: Ֆրանսիայի համար դա կնշանակի կախվածություն իր էքզիստենցիալ մարտահրավերներից մեկից:

Հայաստանը փորձում է իրավիճակը կառավարել «Խաղաղության խաչմերուկ» գաղափարով, ինչը սակայն հազիվ թե լինի կառավարման հուսալի գործիք եւ դրա ներքո այդուհանդերձ կա որոշումների կայացման հնարավորինս մեծ ներուժ ձեւավորելու հրամայական: Եվ ոչ այն պատճառով, որ Հայաստանը ստիպված է լինելու կայացնել որոշումներ, առանց որոնց տեղից չի շարժվի աշխարհաքաղաքականությունը:

Պարզապես Հայաստանը պետք է ի վիճակի լինի կայացնել որոշումներ, որպեսզի չմատնվի պարզապես այլոց անխուսափելիորեն կայացնելիք որոշումների քմահաճույքին: