23/12/2024

Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը «Դրական խաղաղության 2024-ի զեկույց»-ում

«Էկոնոմիկայի և խաղաղության միջազգային ինստիտուտ» (IEP) վերլուծական կենտրոնը հրապարակել է Դրական խաղաղության զեկույցը (Positive Peace Report 2024), որում ներառված է 163 երկիր, այդ թվում՝ Հայաստանը:

Ըստ զեկույցի հեղինակների՝ դրական խաղաղության ամենամեծ բարելավումները տեղի են ունեցել Ուզբեկստանում, Հայաստանում, Գամբիայում, Թայվանում և Իռլանդիայում:

Հայաստանը վարկանիշում զբաղեցնում է 54-րդ տեղը՝ 2.826 միավորով, մեր երկիրն իր դիրքը բարելավել է 16 կետով: Հայաստանը ներառվել է դրական խաղաղության բարձր վիճակ ունեցող երկրների ցանկում:

Տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանը երկրորդն է՝ զիջելով Վրաստանին, որը 2.748 միավորով 49-րդ տեղում է:

Այնուհետև Թուրքիան է (91-րդ հորիզոնական, 3.295 միավոր, 28 կետով անկում), որին հաջորդում են ՌԴ-ն (93-րդ հորիզոնական, 3.319 միավոր, 12 կետով անկում), Ադրբեջանը (104-րդ հորիզոնական, 3.428 միավոր, 4 կետով վերելք), Իրանը (124-րդ հորիզոնական, 3.628 միավոր, 3 կետով անկում):

Զեկույցի հեղինակները նշում են, որ խաղաղությունն ավելին է, քան զուտ բռնության բացակայությունը: Դրական խաղաղությունը նկարագրում է այն հարաբերությունները, ինստիտուտներն ու կառույցները, որոնք ստեղծում և պահպանում են խաղաղ հասարակություններ: