22/11/2024

Ստեփանակերտի լռությունը, կարծես, հուշում է, որ «Ղարաբաղի հարցը փակված է»

Կառավարության ծրագրի կատարողանի քննարկման նախօրեին մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Արցախի հարցով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանձնախումբը հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, վերջինս հասկացրել է, որ «Ղարաբաղի թեման փակված է»:

Որեւէ արձագանք չհետեւեց ոչ Հանձնախմբից, ոչ ԱԽ աշխատակազմից: Լռեցին նաեւ Արցախի քաղաքական ուժերը, ՀԿ-երը, հանրային գործիչները:

Ստեփանակերտը չպատասխանեց նաեւ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, որ Հայաստանի իշխանությունները խնդրում էին, որ Արցախը Բաքվի հետ բանակցություններ սկսի, բայց այնտեղից պատասխանում էին, որ «չեն կարող, զանգ են ստացել»-իսկ ամենավերջում էլ իշխանափոխություն իրականացրին: «Հրաժարական տվողները գոնե ասում էին, թե ինչ է լինելու հետո»-մոտավորապես նման միտք ձեւակերպեց Փաշինյանը:

Իրադարձությունների «սյուժեի» արտաքին դրսեւորմամբ Փաշինյանի գնահատականն արդարացի է: 2022թ. ապրիլի 14-ին Արցախի Ազգային ժողովը հատուկ Հայտարարությամբ մերժել է ԼՂ կարգավիճակի հարցում «նշաձող իջեցնելու»՝ Փաշինյանի գաղափարը, նույն տարվա նոյեմբերին՝ ԼՂ-ում եւ նրա շուրջ «ապառազմակաանցում իրականացնելու» առաջարկությունը, իսկ 2023թ. մարտին՝ Բաքու մեկնելու եւ «ինտեգրացիայի հարցերը քննարկելու»՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի երկու «հրավերը»:

Բայց թվարկած «հանգրվանները» բացառապես տեղեկատվա-քարոզչական դրսեւորումներ են: Խորքում ի՞նչ խմորումներ են եղել, ի՞նչ մակարդակի եւ ծավալի քննարկումներ են ընթացել կամ չեն ընթացել, կամ ամեն ինչ եղել է հեռախոսային խոսակցությունների մակարդակում՝ մենք չգիտենք: Նիկոլ Փաշինյանը գերազանց հնարավորություն տվեց, որ Ստեփանակերտը պատասխանի եւ հերքի իրեն ներկայացված քաղաքական ծանր մեղադրանքը: Ինչու՞:

Արցախի նախկին իշխանությունները, քաղաքական երեք ուժերը, որ սեպտեմբերի 9-ին Սամվել Շահրամանյանին նախագահ են ընտրել, ընդունու՞մ են, որ սխալվել են, թե՞ լռում են, որպեսզի «մայր Հայաստանին չվնասեն» -ինչպես մեկ այլ առիթով պաշտոնապես հայտարարել էին: Եթե երկրորդ տարբերակն է, ապա Նիկոլ Փաշինյանն ինչու՞ է դիսկուրս նախաձեռնում: Մանավանդ ասում է՝ Երեւանը տեղեկություն ունի, որ Ստեփանակերտը Հայաստանում «իշխանափոխություն իրականացնելու ծրագիր է ունեցել»:

Ոչ ոք, իհարկե, չի ցանկանում, որ Հայաստանի իշխանությունը եւ Արցախի նախկին էլիտան «կռփամարտի բռնվեն»: Սկզբունքայինն այստեղ «Ղարաբաղի հարցի փակումն է»: Երեւանը լիազորված չէ բռնատեղահանված 150 հազար մարդու անունից հանդես գալ որպես ոչ «պահանջատեր»: Երեւանում Արցախի «վտարանդի կառավարություն» չկա, չպետք է լինի:

Բայց ո՞վ է ներկայացնելու ԼՂ-ից բռնատեղահնված հայ բնակչության իրավունքները, ե՞րբ եւ ինչպե՞ս: Այս իմաստով Փաշինյանի մեղադրանքների հանդեպ Ստեփանակերտի լռությունը, կարծես, հուշում է, որ «Ղարաբաղի հարցը փակված է» նաեւ նրանց համար: Մնացածը, հավանաբար, այդ իրողությունից բռնատեղահանվածների ուշադրությունը շեղելու համար է: