Հանրապետությունում ապրիլի 17-ից մայիսի 3-ը կանցկացվի «Արմմոնո» 22-րդ միջազգային թատերական փառատոնը։
Այս տարի այն ներկայանում է բավական հագեցած ծրագրով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ փառատոնին կցուցադրվի 20 ներկայացում Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից։ Բավական ակտիվ մասնակցություն ունեն Հայաստանի բեմադրիչները, դրամատուրգները։
«Նման ակտիվությունը ցույց է տալիս, որ «Արմմոնո» փառատոնը լավ հարթակ է այս ժանրում ստեղծագործողների համար։ Փառատոնը հատուկ շեշտադրում է երիտասարդ դրամատուրգների, բեմադրիչների, դերասանների գործերը։ Նրանցից ոմանք առաջին քայլերն են կատարում դեպի մեծ բեմեր։ «Արմմոնո»-ն նաև լավ հարթակ է միջազգային ասպարեզ դուրս գալու համար»,-ասաց Մարիաննա Մխիթարյանը։
«Արմմոնո» փառատոնի մեկնարկը տրվելու է ապրիլի 17-ին՝ ժամը 19։00-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Սիգրիդ Կարե-Լըկուանդրի «Էդա» մոնոդրամայով։ Ներկայացման բեմադրիչն ու դերասանուհին ֆրանսիացի Լենա Պոգամն է։
«Ներկայացումը ընտանեկան դժվար փուլերի, բռնության մասին է։ Ես ցանկացա պատմել այն մասին, թե ինչպես է երբեմն բռնությունը միախառնվում սիրուն կամ ինչպես է սերն անհետանում՝ տեղը թողնելով բռնությանը։ Ես չէի ցանկանում ներկայացում բեմադրել տղամարդկանց դեմ, բայց ցանկանում էի մատնանշել խնդիրը։ Սա շատ նուրբ թեմա է։ Խնդիրը բարձրաձայնելուց զատ, ներկայացմամբ ուզում եմ լսարանին փոխանցել, որ պետք չէ փակվել, մեկուսանալ։ Այլ անհրաժեշտ է դուռը բացել ու դուրս գալ»,-ասաց Լենա Պոգամը։
«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի ֆրանսիական ծրագրի համակարգող Լուսինե Աբգարյանը տեղեկացրեց, որ «Ավանսեն» ֆրանկոֆոն թատերական ասոցիացիան թարգմանում է ֆրանսագիր հեղինակների, նպատակը թատրոնների խաղացանկը հարստացնելն է։
«Դա հնարավորություն է, որ մեր դերասանները ծանոթանան ժամանակակից դրամատուրգների հետ, կապեր հաստատեն։ Ուրախ ենք, որ բելգիական պիեսները, որոնք նախորդ տարի թարգմանեցինք, մեծ արձագանք գտան հայ հանդիսատեսի շրջանում։ Եվ ուզում եմ նշել, որ այդ պիեսների հիման վրա արված բեմադրություններ ներկայացվելու են նաև «Արմմոնո» փառատոնի շրջանակում»,-ասաց Լուսինե Աբգարյանը։
Փառատոնում տեղ գտած ներկայացումների ցանկը հրապարակված է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի պաշտոնական կայքում՝ https://armmono.com/։ Հիմնականում ներկայացումների մուտքն ազատ է, պարզապես անհրաժեշտ է նախապես ամրագրել տեղերը։ Բեմադրություններ ներկայացվելու են Երևանում և Աշտարակում։
Բաց մի թողեք
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
Մահացել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը. Լուսանկար
Արցախի կամերային նվագախմբի անդրանիկ համերգն էր Երևանում․ Լուսանկար