27/07/2024

Եթե Աղդամի մոնիտորինգային կենտրոնը շարունակի գործել, Իրանն ինչպե՞ս է վերաբերվելու դրան

«Կոմերսանտն» անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից ռուսական զորախմբի հեռանալուն եւ արձանագրել, որ դա «առաջին դեպքն է, երբ Ռուսաստանը կամավոր հեռանում է պոստխորհրդային երկրի տարածքից»:

Այդուհանդերձ, երկու հարց մնում է անպատասխան. ամբողջ զորախու՞մբն է հեռանում, թե որոշ ուժեր կարող են մնալ, օրինակ՝ «համագործակցելու տարածքների ականազերծման աշխատանքներին» եւ ի՞նչ է լինելու Աղդամի ռուս-թուրքական «մոնիտորինգային կենտրոնի հետ»:

Այս հարցերի շուրջ ոչ Ռուսաստանի, ոչ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները տեսակետ չեն արտահայտել: Բաքվի Կովկասի քաղաքաական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ալիլին գտնում է, որ ԼՂ-ից ռուսական զորախմբի դուրսբերման «քաղաքական որոշումն ընդունել է Մոսկվան»: Սոցիալական ցանցերի ադրբեջանական սեգմենտում բուռն քննարկումների տեղիք է տվել քաղաքական մեկնաբան Միրկադիրովի կարճ գրառումը, ըստ որի՝ «լավ է, որ ռուսները հեռանում են Ադրբեջանից, բայց ռուսները երբեք հենց այնպես չեն հեռանում»:

Ի՞նչ է ակնարկել Եվրոպայում որպես քաղաքական վտարանդի բնակվող ադրբեջանցի հեղինակը՝ բարդ է ենթադրել: Ըստ երեւույթին, նա մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է «վերաֆորմատավորել ռազմական ներկայությունը»: Աղդամի այսպես կոչված «մոնիտորինգային կենտրոնը» ստեղծվել է առանձին՝ ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությամբ, թեեւ ֆորմալ առումով կոչված էր վերահսկելու հրադադարը:

Հունվարին Բաքուն եւս մեկ տարով երկարաձգել է այդ կենտրոնում թուրք սպաների ներկայության ժամկետը: ԼՂ-ից ռուսական զորախմբի հեռանալը չեղարկու՞մ է Աղդամի մոնիտորինգային կենտրոնում ռուս սպաների ներկայությունը՝ առայժմ հայտնի չէ:

Հավանական է, որ նրանք կմնան, բայց այդ դեպքում ո՞րն է լինելու նրանց գործառույթը: Ի՞նչ խնդիրների շուրջ կարող են համագործակցել ռուս եւ թուրք սպաները, որ, կարելի է չկասկածել, ներկայացնում են երկու երկրների ռազմական հետախուզությունը:

ԼՂ-ից ռուսական զորախմբի հեռացման տեղեկատվությունը հաջորդում է Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդական Վելայեթիի «Ալա-մայեդան» պարբերականին հարցազրույցին, որտեղ նա արձանագրել է Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացում եւ կարեւորել իր երկրի դերը՝ «Թուրքիայի համար ցանկալի միջանցքի ուժային բացումը կանխելու» հարցում:

Վելայեթին փաստացի ակնարկել է, որ տարածաշրջանում ռուս-իրանական ռազմավարական համագործակցություն չկա: Ռուսական զորախումբը հեռանում է մի տարածքից, որ շատ մոտ է Իրանի հյուսիսային սահմանին: Այդ զորախումբն Իրանի համար «ապահովության հավելյալ երաշխի՞ք» էր, թե՞՝ «սպառնալիք»: Եթե Աղդամի մոնիտորինգային կենտրոնը շարունակի գործել, Իրանն ինչպե՞ս է վերաբերվելու դրան: