23/05/2024

Հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Մոսկվայի պաշտոնական ներկայացուցիչների քննադատական հայտարարությունները, որը տպավորություն են ստեղծում, թե հասցեագրված են Հայաստանի իշխանությանը, իրականում ուղղված են Հայաստանին և նրա ցանկացած քաղաքացուն, նույնիսկ նրանց, ովքեր չեն քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին:

«Այս ամենը միանգամայն այն ոճի շրջանակում է, որը որդեգրել է ռուսական շիզոֆաշիզմը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա՝ հավելելով, որ սա Հայաստանից պահանջում է շատ կոնկրետ պատասխան, գործնական քայլեր:

«Շատ պարզ հարց է առաջանում՝ նրանց դեսպանն այսքանից հետո ի՞նչ գործ ունի այստեղ, 10 հարկանի դեսպանությունն ինչո՞ւ են պահում մի երկրում, որը թշնամական է իրենց նկատմամբ: Դեսպանին, որը համակարգում է ռուսական քաղաքականությունը մեզ մոտ, պետք է 24 ժամ տրվի, և նա լքի Հայաստանի տարածքը: Ռուսական ուժային գերատեսչությունների ներկայացուցիչները ևս պետք է արտաքսվեն Հայաստանից, որովհետև այդ հռետորաբանությունն այլևս աններելի է: Սրանք սոլավյովներ չեն, որ ալիքը փակենք, ասենք՝ թող ինչ ուզում է, խոսի, մեզ մոտ չի հեռարձակվում: Սրանք պաշտոնյաներ են, և սա ոչ թե Լավրովը կամ Զախարովան են ասում՝ սթափ կամ ոչ սթափ վիճակում, այլ՝ Պուտինը, պարզապես՝ նրանց շուրթերով: Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար և պահանջում է պատասխան գործնական քայլեր»,- կարծում է զրուցակիցը:

Մեկնաբանելով Զախարովայի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ԱՄՆ-ի և Եվրամիության հետ «ռազմաքաղաքական պայմանավորվածությունների» մասին տեղեկությունների մասով՝ Մեհրաբյանն ասում է՝ Հայաստանը պարտական չէ Ռուսաստանին բացատրություններ տալ. «Հայաստանը, այո, ռազմաքաղաքական համագործակցություն է ուրվագծում ԵՄ-ի, առանձին երկրների, ԱՄՆ-ի հետ, որովհետև վերջին 200 տարվա ընթացքում գործ է ունեցել մի սուբյեկտի հետ, որը ՀՀ-ն դիտարկել է որպես գրպանի մանրադրամ՝ փոխանակելու համար: Հայաստանն այսօր հարաբերություններ է հաստատում այն սուբյեկտների հետ, որոնց հետ ունի ընդհանրություններ թե՛ շահերի, թե՛ նպատակների, թե՛ արժեքների տեսանկյունից»,- նկատում է քաղաքագետը:

Մեհրաբյանի դիտարկմամբ՝ այս ամենը նաև հարցեր է առաջացնում, թե Հայաստանը Ռուսաստանի ստեղծած պատանդառու կազմակերպությունների մեջ անդամակցությունն ինչո՞ւ է շարունակում. «Վայրահաչում են Հայաստանի ուղղությամբ, որովհետև ՀՀ-ն որդեգրել է մի քաղաքականություն, որը ռուսական շահերի առաջխաղացմանն այլևս չի նպաստում. ռուսական շահերին նպաստելը կնշանակի նպաստել հայկական պետականության ոչնչացմանը»:

Մեկնաբանելով Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովի այն հայտարարությունը, թե ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առաքելությանը Լեռնային Ղարաբաղում հաջողվել է փրկել քաղաքացիական բնակչությանը տարհանման ժամանակ՝ Մեհրաբյանն ասում է՝ սա ուղղակի ցինիզմ է:

«Ռուսական զորքերի առաքելությունը, որ ավարտված է այնտեղ, դժվար է չհամաձայնել, ավելին՝ ռուսական ներկայության առաքելությունն է պատմականորեն ավարտված, և, այո, վերջակետերը դնելու ժամանակն է: Այժմ ՀՀ-ն ևս պետք է իր քայլերն անի, որովհետև ռուսական ներկայությունը Հայաստանում վերածվելու է ամենօրյա սպառնալիքի: Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է»,- կարծում է զրուցակիցը:

Նրա խոսքով՝ այս իրավիճակում Հայաստանի համար ամենառիսկայինը ոչինչ չփոխելն է, որը նշանակում է դանդաղ, կամ ոչ այնքան դանդաղ մահ. «Սա պայքար է. ռուսներն ուզում են մեր պետությունը լիկվիդացնել, մենք որպեսզի դա թույլ չտանք, պետք է լիկվիդացնենք ռուսական ներկայությունը ՀՀ-ում և չեզոքացնենք ռուսական սպառնալիքը ընդդեմ Հայաստանի»: