20/05/2024

Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները

Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի պատմամշակութային հուշարձանների, հոգևոր արժեքների, ազգային մշակույթի այլ տարրերի ոչնչացումը կամ յուրացումը դիտվում է որպես մշակութային ցեղասպանություն։ Հենց այսպիսի երևույթ է տարիներ շարունակ, առավել ևս՝ հիմա, տեղի ունենում Արցախում։

«Փաստ» օրաթերթը գրում է. Ճիշտ է՝ դեռևս 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո էր Ադրբեջանը սկսել ոչնչացնել հայկական կոթողները, հուշարձաններն ու մշակութային արժեքները, բայց ողջ Արցախի բռնազավթումից հետո այս գործընթացը նոր թափ է ստացել։ Իսկ այն պարագայում, երբ արդեն պարզ է, որ ռուս խաղաղապահները դուրս են գալիս Արցախից, Ադրբեջանը կարող է ամբողջովին ձեռքերին ազատություն տալ ու իսպառ վերացնել հազարամյակների ընթացքում հայերի թողած հետքերը։

Դրան զուգահեռ մեծ արագությամբ Արցախի տարածքում ինչ-որ կառույցներ են ստեղծվում այն համատեքստում, թե իբր իրենք վերականգնում են ադրբեջանական «հինավուրց» կոթողները։ Հաշվի առնելով ադրբեջանական քարոզչության բնույթը՝ պարզ է, թե ինչ նպատակներ է իր առաջ դրել Բաքուն։ Ադրբեջանական կեղծ պատմագիտության համատեքստում զարգացվում է, այսպես կոչված, «աղվանական տեսությունը»։ Անգամ փորձ է կատարվում իրականությունը ներկայացնել հակառակ տեսանկյունից, թե իբր հայերն են ոչնչացրել ադրբեջանական մշակութային արժեքները։

Ադրբեջանական կառավարող շրջանակների կողմից պարբերաբար կազմակերպվում են այցելություններ Արցախի այս կամ այն բնակավայր, որոնց ժամանակ լրագրողների խմբերի կամ արտերկրյա պաշտոնյաների տանում են՝ ցույց տալու, թե իբր հայերն ավերել ու ոչնչացրել են ադրբեջանական հուշարձանները։

Վերջերս էլ համացանցում տարածված լուսանկարներից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները հիմնովին քանդում են Արցախի Ազգային ժողովի շենքը, ապա անցնում նաև խորհրդարանի շենքի հարևանությամբ գտնվող Ազատամարտիկների շենքը քանդելուն։ Մյուս կողմից էլ՝ տարածվող լուսանկարներից պարզ է դառնում, թե ինչպես է վերանորոգման անվան տակ Ադրբեջանը ավերում Շուշիի Ղազանչեցոց տաճարը, իսկ Շուշիի «Կանաչ ժամը» ընդհանրապես հողին է հավասարեցվում։ Պարզ է, թե ադրբեջանական հանցագործությունները ինչ արդյունքների կարող են հանգեցնել, եթե անարգել շարունակվի հայկական մշակութային արժեքների ոչնչացումը։ «Կանաչ ժամի» ճակատագրին կարժանանան բոլոր հայկական կառույցները և հուշարձանները։ Այս հարցի վերաբերյալ կոնկրետ քայլեր են պահանջվում ՀՀ իշխանություններից՝ միջազգային հարթակներում ադրբեջանական հանցագործությունների մասին բարձրաձայնելու առումով։ Բայց նրանք ընդհանրապես մատը մատին չեն տալիս։

Իշխող կուսակցության ներկայացուցիչները միայն ներքին ընդդիմախոսներին սպառնալուց, ճնշելուց են իրենց վստահ զգում, իսկ երբ խոսքը վերաբերում է կոնկրետ գործին, ապա նրանք չկան, զրո են։ Հայաստանյան ՀԿ-ների զգալի մասը նույնպես հիմնականում լուռ է, այնինչ ամենափոքր հարցերի շուրջ մեծ աղմուկ կարող են բարձրացնել, դիմել միջազգային կազմակերպություններին։

Այսինքն, եթե անհրաժեշտ աշխատանք չտարվի ու միայն պարբերաբար լուսանկարներ հայտնվեն մամուլում, ապա կկրկնվի, օրինակ՝ Նախիջևանում Նոր Ջուղայի խաչքարների ոչնչացման պատմությունը։ Հասկանալի է, չէ՞, որ բավական մեծ թվով մշակութային արժեքներ ևս ոչնչացվում են, սակայն դրա մասին հայ հանրությունը տեղյակ չէ, քանի որ հասանելիություն չկա դեպի Արցախ։ Ուստի, հարկավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նաև ադրբեջանական հանցանքները մնացած դեպքերում ևս հստակ ֆիքսելու համար։