27/07/2024

Ադրբեջանի նախագահը փաստորեն «դատարկ ձեռքով» չէ, որ գնում է Ռուսաստան

Ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունների մասին Հռչակագրի ստորագրումից (22.02.2022) ուղիղ երկու տարի երկու ամիս անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «հրավիրվել է» Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման:

Այս կապակցությամբ անգամ ալիեւյան քարոզչության խոսնակ լրատվամիջոցն է գրում, որ Ռուսաստանն «Ադրբեջանին օգնել է, որպեսզի ձեւակերպի պատերազմի արդյունքները»: Ճիշտ է, դա ասում է ռուսաստանցի հեղինակը, բայց կարեւորը ստորագրություն չէ, այլ՝ թե երբ եւ որտեղ է հանրայնացվում պատմա-քաղաքական իրողությունը:

Իսկ դրանից հետեւում է, որ Մոսկվան Ալիեւին «հրավիրում է» ավելի քան բաց խոսակցության: Ընդ որում, գուցե պատահական զուգադիպություն է, բայց՝ փաստ, որ նույն օրը Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկում է Ուկրաինային ռազմական աջակցության օրինագծի օգտին: Ռուսաստանին սպասում է լուրջ փորձություն. Արեւմուտքը մտադիր է ռուսաստանյան սառեցված ակտիվները նույնպես հատկացնել Ուկրաինային: Դա ռազմատուգանք բռնագանձելուն հավասար որոշում կլինի:

Ըստ երեւույթին, Կրեմլը փորձագիտական որոշակի շրջանակների համար տեղեկատվական արտահոսք է կազմակերպել: Եթե մամուլի հրապարակումները «մանրադիտակի տակ դնելու լինենք»՝ մոտավորապես կունենանք այս պատկերը. Վլադիմիր Պուտինը կամ կոնկրետ դնելու է ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության, կամ «ռազմավարական չեզոքության» պարտավորության հարց: Haqqin.az-ի ռուսաստանցի մեկնաբանն ակնարկում է, որ ադրբեջանական հանրության վերաբերմունքն Ռուսաստանի հանդեպ «միանշանակ չէ»:

Չափազանց մեղմ է ասված: Ադրբեջանի հանրությունը գերազանցապես հակառուսական տրամադրություն ունի, բայց դա բռնապետության պայմաններում հաղթահարելի է: Իսկ ի՞նչ անել «Պետական անկախության վերականգնման մասին» Ադրբեջանի սահմանադրական Ակտի հետ, որի նախաբանում երկու անգամ Ռուսաստանը բնութագրված է որպես «օկուպանտ» եւ ադրբեջանական անկախ պետականության գերեզմանափոր: Վլադիմիր Պուտինն այդ Ակտը վերախմբագրելու խնդիր դնելու՞ է: Ռուս-ադրբեջանական նոր պայմանագիր քննարկվու՞մ է:

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը, կարծես, պետք է ցրի մտայնությունը, որ ԱՄՆ-ում Թրամփի իշխանության դեպքում Վաշինգտոնն Ուկրաինայի հարցում այլ դիրքորոշում կորդեգրի: Ըստ էության, Ալիեւի մոսկովյան ուղեւորության կարեւորությունը նրանում է, թե աշխարհաքաղաքական իր տեսլականի ո՞ր մասն է նրա առջեւ «բացելու» Ռուսաստանի նախագահը: Ալիեւը Մոսկվայից կվերադառնա որպես ռեգիոնալ խաղացո՞ղ: Իսկ այդ «կարգավիճակը» որքանո՞վ է ընդունելի ԱՄՆ-ի, Եվրամիության, Իրանի եւ անգամ Թուրքիայի համար:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Տավուշի սահմանի որոշ հատվածների վերաբերյալ արդեն հայտնի, ըստ էության աղմուկ հանած եւ նաեւ միջազգային ուշադրության ու ողջույնի արժանացած համաձայնության առնչությամբ կա նաեւ մի ուշագրավ հանգամանք: Այդ համաձայնության մասին հայտարարվում է այն օրը երեկոյան, որ օրն, օրինակ, հայտնի դարձավ Ալիեւի Մոսկվա մեկնելու մասին: Կրեմլը հայտարարեց, որ Ալիեւը ապրիլի 22-ին Պուտինի հրավերով կլինի Մոսկվայում եւ կբանակցի նրա հետ: Հայ-ադրբեջանական համաձայնությունը փաստորեն հայտարարվեց դրանից ժամեր անց, եւ տեղի է ունենում Ալիեւի այցից երեք օր առաջ:

Ադրբեջանի նախագահը փաստորեն «դատարկ ձեռքով» չէ, որ գնում է Ռուսաստան: Բայց, այդ համաձայնությամբ նա «նվե՞ր» է անում Պուտինին, թե՞ հակառակը: Սա ուշագրավ հանգամանք է: Մի կողմից, որքան առաջ գնա Հայաստան-Ադրբեջան համաձայնությունը, որքան այն մոտենա Խաղաղության պայմանագրի, այնքան կարող է լինել Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը եւս մի քանի աստիճանով թուլացնող գործոն: Բայց, մյուս կողմից, կայացված փոքր համաձայնությունը մեղմ ասած դեռ շատ հեռու է այդպիսի մեծ հեռանկարից, իսկ միջազգային իրադրությունն ու գերտերությունների փոխհարաբերությունը՝ բավականին անորոշ ու հեղհեղուկ:

Միեւնույն ժամանակ, գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ համաձայնությունը եւ Ալմա Աթիի հռչակագրի արձանագրումը մեծ խոչընդոտ է հանում խաղաղության պայմանագրի ճանապարհից եւ Բեռլինը պատրաստ է նպաստել դրան: Մոսկվա մեկնելուց բացի, հայտնի է դարձել, որ ապրիլի 26-ին Ալիեւը մեկնելու է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցելու: Փաստորեն՝ Պուտինի հետ բանակցությունից չորս օր անց: Մեծ հավանականությամբ, Ալիեւը կփորձի հայ-ադրբեջանական համաձայնությունը շահավետ «իրացնել» թե Մոսկվայում, թե հետո Բեռլինում:

Դա հնարավո՞ր է, հաշվի առնելով, որ Մոսկվան ու Բեռլինը կարծես թե «խրամատների» տարբեր կողմերում են: Հնարավորության հարցի պատասխանը հայ-ադրբեջանական համաձայնության մանրամասներում է, որոնք հայտարարությամբ արձանագրված չեն, սակայն չեն կարող չլինել, հակառակ պարագայում հայտարարությունն ինքնին առաժացնում է բազմաթիվ հարցեր, առանց որոնց պատասխան ունենալու, այն չի կարող ունենալ որեւէ առարկայականություն: