27/07/2024

Ռուսաստանը վերջնականապես զիջելո՞ւ է Հայաստանից 1920թ. մայիս-օգոսոոս ամիսներին օկուպացված տարածքները

Ըստ էության, հայ-ադրբեջանական կարգավորման իրավական հիմքն Ալմաթիի Հռչակագիրն ընդունելու մասին «պայմանավորվածությունը» պետք է առաջինը Մոսկվան ողջուներ եւ աջակցության պատրաստակամություն հայտներ:

Ի վերջո, խոսքը խորհրդային ժառանգության հարգման մասին է, իսկ ՌԴ-ն պաշտոնապես ԽՍՀՄ իրավահաջորդություն է ստանձնել: Մոսկվայի չափազանց նյարդային, ռուսաստանյան մի ամբողջ շարք քաղաքագետների հիստերիկ արձագանքից դատելով, Կրեմլում, մեղմ ասած, ոգեւորված չեն, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են հասնել «կայուն եւ տեւական խաղաղության»:

Տավուշ-Ղազախ հատվածում Ալմաթիի Հռչակագրի հիմքով սահմազատում իրականացնելու «համաձայնությամբ» Իլհամ Ալիեւը ծանրագույն պատասխանատվություն է դնում Մոսկվայի վրա, որ հետխորհրդային տարածքի երեք երկրներում՝ Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում կոպտորեն խախտում է Ալմաթիի Հռչակագրի բոլոր կետերը: Եթե Ալիեւը մնա նույն գծի մեջ, ինչում ապրիլի 4-ին հավաստիացրել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին, ապա փաստացի կընդունի, որ ներկայիս Ադրբեջանը ոչ թե ԱԴՀ, այլ Ադր. ԽՍՀ իրավահաջորդն է:

Ծագում է չափազանց դելիկատ խնդիր. 1920թ. մայիս-օգոտոս ամիսներին բոլշեւիկյան Ռուսաստանը խորհրդայնացված Ադրբեջանի անունից պատերազմ է հայտարարել Հայաստանի անկախ հանրապետությանը:

Սա արդեն ենթադրություն կամ վարկած չէ. այդ պատերազմի հետեւանքները փաստաթղթավորված են զինադադարի մասին հայ-ռուսական համաձայնագրով, որ օգոստոսի 10-ին կողմերն ստորագրել են Թիֆլիսում:

Ըստ այդմ, Լեռնային Ղարաբաղը, Նախիջեւանը եւ Զանգեզուրը ճանաչվել են «ժամանակավորապես օկուպացված տարածքներ, որոնց կարգավիճակը պետք է սահմանվեր խաղաղության պայմանագրով»:

Առկա փաստացի իրավիճակում, ինչ խոսք, դա գործնական նշանակություն չունի, բայց Բաքվի կողմից Ադր.ԽՍՀ իրավահաջորդության փաստացի ընդունումից ուղղակիորեն հետեւում է, որ Նախիջեւանը, Լեռնային Ղարաբաղը եւ Զանգեզուրի մի հատվածն Ադրբեջանին է հանձնվել կամ փոխանցվել բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից, որ Հայաստանի անկախ հանրապետության հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրել, այդ տարածքների կարգավիճակը համաձայնեցրել է Թուրքիայի հետ:

Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումն, ըստ երեւույթին, իրականացվել է, որպեսզի հայ-ռուսական երկխոսությունից այդ թեման բացառվի: Սյունիքի կամ նրա մի հատվածի օկուպացիայի սպառնալիքով լռեցնել Հայաստանի գործող իշխանությանը՝ դեռեւս չի նշանակում, թե խնդիրն առմիշտ փակված է կամ կարելի է փակել: Նոր իրավիճակում ծագելու է Ռուսաստան-Ադրբեջան, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա իրավապայմանագրային կարգավորման հարց: Ինչպե՞ս է Ռուսաստանը դրսեւորվելու: Որպես ԽՍՀՄ իրավահաջո՞րդ:

Երկու oրից Իլհամ Ալիեւը կլինի Մոսկվայում: Ռուսաստանը վերջնականապես զիջելո՞ւ է Հայաստանից 1920թ. մայիս-օգոսոոս ամիսներին օկուպացված տարածքները: