22/12/2024

Հայ-ադրբեջանական համաձայնությունը կդիմանա՞ մոսկովյան քննությանը

ՌԴ արտգործնախարար Լավրովը ողջունել է նախօրեին ձեռք բերված հայ-ադրբեջանական համաձայնությունը եւ ՀԱՊԿ անունից ասել, որ հունիսից, երբ սահմանազատումն ավարտված կլինի, ՀԱՊԿ-ը կպաշտպանի Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս եւ Բերքաբեր գյուղերը, ինչպես նաեւ այդ գյուղերի օդային տարածքում կգործարկվի ՀԱՊԿ ՀՕՊ միասնական համակարգը:

Ցինիզմը՝ ցինիզմ, բայց փաստը, որ Հայաստանը միասնական ՀՕՊ համակարգին միանալուց ի վեր անպաշտպան երկինք ունի, խոսում է «դաշնակցային շատ բարձր մակարդակի հարաբերությունների» մասին: Ըստ էության, բացահայտվում է, որ այդ «միասնական» ՀՕՊ-ն ստեղծվել է, որպեսզի Հայաստանն իր երկինքը, օդային սահմանները պաշտպանելու սուվերեն իրավունք չունենա: Եւ քառասունչորսօրյա պատերազմի ողջ ընթացքում «օդը փակելու» խնդիրը չի լուծվել:

Այսինքն, 2020 թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը զանգվածային հարձակման է անցել՝ ստույգ երաշխավորված լինելով, որ ոչ միայն ԼՂ, այլեւ ՀՀ տարածքում առկա ՀՕՊ միջոցները չեն աշխատելու: Ի՞նչ երաշխիքներով է Հայաստանն իր ՀՕՊ համակարգի կառավարումը հանձնել ՀԱՊԿ-ին կամ Ռուսաստանին, Մոսկվան «ազնիվ կոմերիտականի» խոսք է տվել, որ Ադրբեջանը չի՞ հարձակվի:

Բայց չէ՞ որ 2016թ. ապրիլին Ադրբեջանը հարձակվել է եւ ունեցել էինք իրավիճակ, երբ հայկական դիրքերը «սանրող» ուղղաթիռն ստիպված են եղել չեզոքացնել… նռնականետի կրակոցով: Համենայն դեպս, նման տեղեյություն տարածվել եւ պաշտոնապես չի հերքվել: ՌԴ արտգործնախարարը փաստացի Հայաստանին առաջարկում է մնալ ՀՕՊ միասնական համակարգում՝ խոստանալով «փակել» Տավուշի չորս հայկական գյուղի երկինքը: Իսկ սահմանի մյուս հատվածները պետք է անպաշտպան մնան՝ մինչեւ դելիմիտացիան կավարտվի՞:

Ինչպես ասում են՝ պարդոն, պարոն. Եթե դելիմիտացիան ավարտվում է, Հայաստանը եւ Ադրբեջանը կարգավորում են հարաբերությունները, ապա օդային սահմանի հսկողության բոլորովին այլ ռեժիմ է գործելու: ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի՝ որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից երկրի, աջակցության կարիքն այսօր է զգացվում կամ առավել սուր զգացվում է հենց այս փուլում: Ամենեւին էլ զարմանալի չէ, թե Բաքվում ինչու են Ֆրանսիային մեղադրում Հայաստանին ռադիոլոկացիոն սարքեր վաճառելու համար, եւ ինչու է Մոսկվան նույնը ասում:

Այս իրողության նկատառմամբ ՀԱՊԿ-ի միասնական ՀՕՊ համակարգի մասին Լավրովի ասածը շատ չարագուշակ է հնչում: Նրա բացահայտումը պարզապես ցնցող է: Նման բացախոսության համար պետք է չափազանց ծանրակշիռ շարժառիթներ ունենալ: ԻԼհամ Ալիեւը մեկնում է Մոսկվա: Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը կդիմանա՞ մոսկովյան քննությանը: