19/05/2024

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Անվտանգության ձեր ներկայիս համակարգն արդյունավետ չի եղել, Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագիրը չի օգնել Հայաստանին Ադրբեջանի հետ վերջին հակամարտության ժամանակ: Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս է այդ հարաբերությունը շարունակվելու, ՀԱՊԿ-ում անդամակցությունն ի՞նչ օգուտ է բերում Հայաստանին, ռուսական ռազմաբազաների ապագան ձեր երկրում ինչպիսի՞ն է լինելու:

Պատասխանելով Մայքլ Մոսբաքեր (The Telegraph և The Critic) հարցին վարչապետն ասաց տարածաշրջանային անվտանգության հետ կապված խնդիրները Հայաստանը պատկերացնում է հասցեագրել խաղաղության գործընթացի շրջանակում:

«Ընդ որում՝ շատ կարևոր է ընդգծել, որ հիմա խաղաղության գործընթացն ինքը միայն խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը չէ, որն արվում է: Շատ կարևոր է արձանագրել, որ մենք հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում՝ անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից, և մենք պետք է գնանք այդ ճանապարհով: Ինչ վերաբերվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, այդտեղ ֆունդամենտալ խնդիր է առաջացել, որովհետև տեսեք, ըստ էության, մենք նույնիսկ Ադրբեջանի հետ կարողացել ենք սկզբունքային համաձայնություն ձեռք բերել հետևյալի մասին, որ մենք միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիմա վրա և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը վերցվում է որպես քաղաքական հենք՝ սահմանազատման գործընթացի համար: Ես ուզում եմ մենք արձանագրենք, ի՞նչ է սա նշանակում գործնականում:

1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը մեր քննարկվող հարցերի տեսակետից ունի երկու շատ կարևոր արձանագրում, առաջինը, որ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, և դա պայմանավորվել են նախկին Խորհրդային Միության 12 հանրապետությունները, այսինքն՝ բոլոր հանրապետությունները, բացառությամբ մերձբալթյան երկրների, որոնք այդ պահին արդեն անկախացել էին, և նախկին խորհրդային հանրապետությունների միջև արձանագրված վարչական սահմանները վեր են ածվում պետական սահմանի: Այսինքն՝ մենք հիմա հստակ գիտենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանները որտեղով են անցնում և շատ կարևոր է, որ մենք Ալմա-Աթայի հռչակագիրը վերցնում ենք որպես սահմանազատման գործընթացի քաղաքական հիմք: Սա նաև կարևոր բան է նշանակում, որ մենք Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման պետք է չգծենք, ընդամենը պետք է գետնի վրա վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին և Խորհրդային Միության սահմաններում ունեցել են դե յուրե իրավական հիմք:

Հիմա ի՞նչ կապ ունի այս ամենը ՀԱՊԿ-ի հետ: Իսկ կապը շատ ուղղակի է, որ ահա՝ Ալմա-Աթայի հռչակագրով՝ վարչական սահմաններով արձանագրված սահմանները նաև Հավաքական անվտանգության պատասխանատվության կազմակերպության պատասխանատվության գոտի են: Ի՞նչ է դա նշանակում, որ եթե այդ սահմանը խախտվում է՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգային մեխանիզմը պետք է գործարկվի»,- ասել է վարչապետը:

Հիմա ի՞նչ խնդիր է առաջացել Հայաստանի Հանրապետության և ՀԱՊԿ-ի հարաբերություններում: Խնդիրը մանրամասնելով, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երբ այդ սահմանները խախտվել են 2021թ. մայիսին, 2021թ. նոյեմբերին, 2022թ. սեպտեմբերին և Հայաստանը սահմանված կարգով ձեռնարկել է ճգնաժամային իրավիճակներում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արձագանքի մեխանիզմներ, այդ մեխանիզմները չեն գործարկվել այն պատճառաբանությամբ, որ սահմանները դելիմիտացված չեն:

«Եվ Ռուսաստանի Դաշնությունից էլ վերջերս նման հայտարարություն է հնչում, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի գործարկվել այդ պահին, որովհետև այդտեղ դելիմիտացված սահման չկար կամ սահման չկա, բայց մեր գործընկերները չեն արձանագրել մի կարևոր բան, եթե այդտեղ դելիմիտացված սահման չկա, դա նշանակո՞ւմ է արդյոք, որ չկա նաև Հավաքական անվտանգության պատասխանատվության կազմակերպության պատասխանատվության գոտի, որովհետև սահմանը կա, և բոլորը գիտեն այդ սահմանի տեղը, իսկ, ըստ էության, նրանք ասում են, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի Հայաստանի Հանրապետությունում իրենք չենք կարող ցույց տալ:

Սա, կներեք, նշանակում է, որ իրենք ասում են, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն, ըստ էության, չկա, որովհետև դելիմիտացված չի, դելիմիտացված չէ նաև, օրինակ՝ սահմանը Ռուսաստանի և Ճապոնիայի միջև: Կներեք, ես գիտեմ, որ մեր գործընկերները նման մտադրություն չունեն, բայց եթե հանկարծ այդպիսի իրադրություն լինի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, օրինակ՝ Ռուսաստանը երկրների հետ ունի չդելիմիտացված սահմաններ, եթե հանկարծ այդպիսի մտադրություն լինի, որ որևէ երկրի զորք մուտք գործի Ռուսաստանի Դաշնության տարածք, չդելիմիտացված սահմաններ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը նշանակում է չպիտի՞ որևէ կերպ արձագանքի: Դա էլ իր հերթին նշանակում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն չկա որպես մեխանիզմ, որի վրա անդամ երկրները՝ Ռուսաստանը, Հայաստանը, մյուս երկրները կարող են հույս դնել:

Եվ մեր հարցը հետևյալն է, եթե մենք հույսը դնում ենք մի կազմակերպության վրա, որի վրա չարժե հույս դնել, որովհետև սկզբունքորեն չի կարելի այդ կազմակերպության վրա հույս դնել, և ոչ միայն մենք, այլև մյուսները չեն կարող այդ կազմակերպության վրա հույս դնել, և սա հիմնավորվում է կազմակերպության արձագանքով և անդամ որոշ երկրների հայտարարություններով: Մեր հանրությունը մեզ ասում է՝ դուք ինչո՞ւ եք շարունակում մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: Եվ եթե անկեղծ ասեմ՝ ես այդ հարցի պատասխանը չունեմ»,- ասել Փաշինյանը:

«British Petroleum-ը վերջին չորս տարիների ընթացքում Ադրբեջանին 35 մլրդ դոլարի նավթ ու գազ է մատակարարել, դա Ադրբեջանի ընդլայնվող պաշտպանության բյուջեի քառապատիկն է. Միացյալ Թագավորությունն այդ կերպ լծակ ունի Ադրբեջանի նկատմամբ, կուզեիք արդյոք` Միացյալ Թագավորությունն այդ լծակն օգտագործեր: Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է ստանում ՌԴ-ից, Թուրքիայից, Իսրայելից, ՀՀ-ն ստանում է Ֆրանսիայից ու Հնդկաստանից, կուզեիք, որ այլ երկրներից էլ ստանար, որ հնարավորություն ունենար ինքնապաշտպանվելու»,- բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադառնալով այս հարցին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Ես չէի ցանկանա մեկնաբանել բիզնես գործունեությունը, ներդրումները, որ տեղի են ունենում հարևան երկրներում, ցանկացած ներդրում պետք է ունենա շահագրգռություն, որպեսզի ներդրման միջավայրում ու տարածաշրջանում լինի խաղաղություն և հաստատվի խաղաղություն: Ընդհանուր առմամբ` կարծում եմ, որ խաղաղության հաստատումը միջազգային հանրության և ներդրողների հետաքրքրությունների տիրույթում է, բայց, իհարկե, ես ուզում եմ արձանագրել, որ խաղաղության առաջին շահառուն հենց Հայաստանը և Ադրբեջանն են:

Այս տեսական թեզը, որ շատ տեսական է հնչում, քայլ-քայլ կարող է ստանալ առարկայական արտահայտություն, հատկապես վերջին հինգ ամսում կարևոր է, որ երկու խոշոր համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ, դա նրա արտահայտությունն է, որ, ի վերջո, հենց Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներն են խաղաղության շահառուն»,- ասաց վարչապետը:

Այս առումով, ըստ վարչապետի, Ադրբեջանից հնչող մի շարք հայտարարություններ, որ վերաբերում են ՀՀ բանակի բարեփոխումներին և արդիականացմանը, անհանգստացնում են:

«Դուք ճիշտ նկատեցիք, եթե մենք տեսնենք Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բյուջեների հարաբերակցությունը, այդտեղ էական դիսբալանս կա, այդ հարաբերակցությունը ձևավորվում է նաև ձեր նշած գործարքների միջոցով Ադբեջանի եկամուտների շնորհիվ, բայց նույնիսկ այս պայմաններում Ադրբեջանը շատ ագրեսիվ է արձանգանքում ՀՀ ԶՈւ բարեփոխումներին, սպառազինության ու տեխնիկայի ձեռքբերումներին, չնայած բոլորս հասկանում ենք, որ դրանք ունեն բացառապես պաշտպանական նշանակություն, նաև որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի` մարտունակ բանակ ունենալու իրավունքը։

Պետք է արձանագրենք, որ այո, մարտունակ բանակ ունենալը, այո, երբեմն օգտագործվում է պատերազմի համար, բայց այն նաև օգտագործվում խաղաղության, ուժերի ճիշտ բալանս ձևավորելու համար, նաև այս է պատճառը, որ երբ Ադրբեջանը բարձրացնում է այդ հարցերը, մասնավորապես մեր կողմից սպառազինությունների ձեռքբերման, որը Ադրբեջանի ձեռք բերածի 15-20 տոկոսից ավել չէ` և ֆինանսական, և ծավալի առումով, և հիմնականում կրում է պաշտպանական բնույթ, բայց իրենք նաև այդ հայտարարություններն անարձագանք չեն թողնում:

Մենք առաջարկել ենք սպառազինությունների վերահսկման փոխադարձ երկկողմ մեխանիզմ ստեղծել, որ կարողանանք այդ համաձայնությունների սահմաններում մեր սպառազինություններն ապահովել և մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք չսադրել, առաջարկել և շարունակում ենք առաջարկել, որ զորքերի հայելային հետքաշում տեղի ունենա Ալմա Աթայի հռչակագրով արձանագրված սահմանից, այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ»,- ասաց վարչապետը` նշելով, որ առաջարկվել է նաև չհարձակման մասին համաձայնագիր ստորագրել` նույնիսկ մինչև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություն ձեռք բերելը: