27/07/2024

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Ովքեր նախկինում բնակվում էին Լեռնային Ղարաբաղում, այժմ բնակություն են հաստատել Հայաստանի Հանրապետությունում: Կարճաժամկետ քաղաքականությունը որքան հասկանում եմ, հետևյալն է՝ օգնել կացարանի հարցում, կրթության հարցում, աշխատանքի հարցում և այլն: Դա երկարաժամկետ ապագայի հետ կապված հարց է առաջ բերում այս մարդկանց պարագայում: Դուք համարո՞ւմ եք, արդյոք, որ վերադարձի իրավունքը տարածաշրջանում համապարփակ կարգավորման մաս է, թե՞ այդ գլուխը փակված է և հայ հասարակությունը պետք է ներկայիս սահմաններով պարփակված շարունակի զարգանալ, Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներն էլ այստեղ՝ Հայաստանի հասարակության մեջ:

Լյուիս Բաստոնի (The Guardian) հարցին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց ՀՀ քաղաքականությունը հետևյալն է, որ եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն իրատեսորեն Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, ամեն ինչ կարվի, որպեսզի նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում:

«Ես նաև ուզում եմ ձեզ ասել, որ վերջերս մարզային այցելություններից մեկի ընթացքում ինձ մոտեցավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի կին և հարց տվեց, ասաց՝ որքանո՞վ է իրատեսական, որ մենք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն ունենանք ու ասաց՝ խնդրում եմ ինձ ուղիղ և անկեղծ պատասխանեք:

Ես նրան ասացի՝ ես Ձեզ կպատասխանեմ ուղիղ և անկեղծ, ես ստեղծված իրավիճակում և այն ընկալումները, որոնք գոյություն ունեն մեր տարածաշրջանում, և այն ընկալումները, որ գոյություն ունեն Ադրբեջանում, և այն ընկալումները, որ գոյություն ունեն Լեռնային Ղարաբաղի հայերի շրջանում, այդ ընկալումների պայմաններում ես դա իրատեսական չեմ համարում: Ես ասացի՝ չեմ կարող ես Ձեզ խաբել, որովհետև եթե դա իրատեսական լիներ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանումը տեղի չէր ունենա:

Բայց նաև պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը փորձել է ամեն ինչ անել, ընդ որում, 2023 թվականի սեպտեմբերյան ամենավերջին օրերին մեզ մեղադրում էին, որ իբր, իհարկե այդպիսի բան չկա, բայց շատ կարևոր է նաև, որ Լեռնային Ղարաբաղում այդ պահին գործող նաև իշխանությունների որոշ շրջանակներ մեզ մեղադրում էին նրանում, որ Հայաստանի կառավարությունը թույլ չի տալիս, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը փրկվի և տեղափոխվի Հայաստանի Հանրապետություն:

Մեր մտածածն այն ժամանակ հետևյալն էր. մենք ուզում էինք ամեն ինչ անել, որպեսզի մեր մասով պայմաններ ստեղծենք, որովհետև հասկանալի է, որ դա ամբողջությամբ մեր որոշումների տիրույթում չէր, որպեսզի անենք հնարավորը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումը և էթնիկ զտումը տեղի չունենա: Բայց մեր ջանքերն արդյունք չտվեցին:

Եվ ընդհակառակը, ակնհայտորեն կային ուժեր, որ այդ պայմաններում Հայաստանի Հանրապետությանն ուզում էին ներքաշել պատերազմի մեջ՝ հեռուն գնացող նպատակներով: Ես նախորդ հարցերին ի պատասխան ասացի՝ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար: Ես ասացի, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի: Եվ մենք հույս ունենք, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կվերականգնվի։

Իմիջիայլոց, կարծում եմ, որ սահմանազատման գործընթացում արդեն իսկ այսօր կայացվող որոշումներով մենք ցույց ենք տվել մեր անկեղծությունը։ Ցույց ենք տվել մեր անկեղծությունը, որովհետև մենք նաև հետևյալն ենք արել՝ արձանագրել ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական այն գյուղերում, մասնավորապես 4 գյուղերի մասին է՝ Ղըզըլհաջիլի, Խեյրումլի, Աշաղը Ասկիպարա, Բաղանիս-Այրում, որ այդ գյուղերում, որտեղ հիմա մարդիկ չեն ապրում, այդտեղ մարդկանց կյանքը հնարավոր դառնա, ապրելը հնարավոր դառնա։

Բայց մենք նաև արձանագրում ենք, որ այդ նույն պրոցեսի արդյունքում պետք է նույնքան հնարավոր դառնա մարդկանց կյանքն առանց սթրեսների Հայաստանի Հանրապետության՝ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում, որ այդ մարդիկ իրենց տներում ապրեն, ընտանիքներ ձևավորեն, երեխաներ ունենան առանց անվտանգային մտավախությունների»,- ասել է վարչապետը։

Սա, ըստ Նիկոլ Փաշինյանի, այն կետն է, որի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պետք է տեսական խաղաղության օրակարգը կարողանան վերածել կոնկրետ խաղաղ իրականության։

«Եվ ճիշտ է, այս հատվածում տեղային հարցի շուրջ ենք պայմանավորվել, բայց այս տեղային հարցի շուրջ պայմանավորվածությունների իրագործման որակն ավելացնելու կամ նվազեցնելու է հավատը խաղաղության օրակարգի և խաղաղության հնարավորության նկատմամբ։

Ես հավատում եմ, որ ավելացնելու է հավատը խաղաղության նկատմամբ՝ և՛ Հայաստանի հանրության, և՛ Ադրբեջանի հանրության շրջանում, և՛ ի վերջո նաև վստահության որոշակի պաշար է կուտակելու։ Եկեք արձանագրենք, որ խորը անվստահություն կա: Նաև ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել սահմանազատման հարցերով հանձնաժողովների անդամների և երկու համանախագահների կատարած աշխատանքի մասին, որոնք փորձում են մոլեկուլ առ մոլեկուլ վստահություն կառուցել, որին խնամքով վերաբերվելու դեպքում դա կարող է զարգանալ, խնամքով չվերաբերվելու դեպքում կարող է փլուզվել։ Այդ հանձնաժողովները ղեկավարում են Հայաստանի կողմից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ադրբեջանի կողմից՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը»,- ասել է վարչապետը։

Հայաստանն ամենահին քրիստոնեական երկիրն է աշխարհում: Հնարավոր է արդյոք նկարագրել եկեղեցիների, խաչերի, տապանաքարերի այն ավերածությունը, որն ընթանում է:

Ջայլս Ֆրեյզերш (BBC) հարցին ի պտասախան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց հոգևոր արժեքներն ունենում են ֆիզիկական արտահայտություններ և Քրիստոնեության համար դա ամենևին էլ երկրորդական չէ։ Ընդհանրապես, պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրը լուրջ է և այդ խնդիրը շատ է սրվում հատկապես հակամարտությունների գոտիներում:

«Կարծում եմ՝ այստեղ նույնպես շատ կարևոր է, որ մենք այդ վստահության մթնոլորտը ստեղծենք տարածաշրջանում, այդ թշնամանքի մթնոլորտը կարողանանք հաղթահարել։

Գիտե՞ք ինչ, ի վերջո մշակութային և պատմամշակութային անշարժ հուշարձանների նկատմամբ նեգատիվ վերաբերմունքով մարդիկ, ըստ էության, արտահայտում են թշնամանքը միմյանց նկատմամբ։ Այսինքն, անշունչ հուշարձան է չէ՞ ըստ էության, թվում է, թե ի՞նչ կարիք կա անշարժ հուշարձանի վրա հարձակվել և այսպես շարունակ վնասել: Մարդիկ այդպես արտահայտում են իրենց թշնամանքը միմյանց նկատմամբ։

Այդ խնդրի լուծումը կրկին թշնամանքը հաղթահարելու մեջ է, իհարկե, այդ հուշարձանները, հատկապես եկեղեցիներն ունեն պատմություն, ունեն այդ պատմությունից բխող ոգի, իրենք սրբավայր են, բայց սրբություններն ինչ-որ ձևով պղծելը կամ վնասելը նույնպես թշնամության արտահայտություն է։ Այսինքն` հնարավոր չէ, որ մենք ասենք՝ լավ, թողեք թշնամությունը մնա, շարունակվի խորանալ, բայց մենք ապահովենք հուշարձանների անվտանգությունը, դա հնարավոր չէ։

Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպանել այն ժամանակ, երբ այդ հուշարձանին նայելիս մարդիկ թշնամանք չեն զգում կամ զգում են առնվազն կառավարելի, որպեսզի միանգամից շատ բարձր նպատակներ չդնեն, և դա համարում եմ խաղաղության օրակարգի մի մասը։ Պետք է դա էլ ասեմ՝ ուրիշ վտանգավոր եզրույթ էլ կա, որ հուշարձանների պահպանության շարժումը և այդ հարցով հետևողական լինելը շատ կարևոր է, չափազանց կարևոր է, բայց կարևոր է նաև, որ այդ պրոցեսը չօգտագործվի թշնամանքը հետագայում ևս խորացնելու համար։

Այսինքն, սա էլ կա և շատ նուրբ նրբություն է, չնայած օբյեկտիվորեն դա տեղի է ունենում, որովհետև եթե մեկի սրբությունը պղծում են՝ այդ թշնամության զգացումը բնականորեն խորանում է։ Եվ եթե մենք ուզում ենք, որ դա տեղի չունենա, պետք է հետևողական լինենք խաղաղության օրակարգի իրագործման շուրջ, որովհետև դա առանձին վերցրած հարց չէ, դա այս խաղաղության օրակարգի հարցն է։

Բոլոր հարցերի լուծումը ես պատկերացնում եմ՝ վերադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի երեք հիմնարար սկզբունքների շուրջ խաղաղությունը կառուցելու վրա։ Պետք է արձանագրենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության երեք հիմնարար սկզբունքներն արձանագրված են, առաջինը՝ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, երկրորդը՝ Հայաստանը և Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագիրը վերցնում են որպես քաղաքական հենք՝ սահմանազատման գործընթացի համար, և երրորդը՝ տարածաշրջանային կոմունիկացիաները, հաղորդուղիները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա, և այս երրորդ սկզբունքը մենք արտահայտել ենք «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մեջ, որը թշնամանքի հաղթահարման շատ կարևոր գործիք է նախորդ երկու սկզբունքների հետ համադրությամբ»,- ասել է վարչապետը։