22/05/2024

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի՝ Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյանը:

«Իշխանությունով, ընդդիմությունով ու բոլորով մատաղ արեք Տավուշի Բաղանիս և Ոսկեպար և Կիրանց գետակների հովտի բոլոր բնակավայրերի, տո ամբողջ Տավուշի ժողովրդի համար, որ շատ տեղեր իր համար անբարենպաստ անվտանգային լուծումների դեմ լուռ մռնչալով, այս պահին տոտալ սթրես տանելով, իսկ հետագայում էլ՝ այդ ճանապարհով ամեն օր երթևեկելիս, իր տանը քնելիս բոլոր ռիսկերն իր վրա վերցնելով՝ խոշոր հաշվով չի արգելափակում Հայաստան-Ադրբեջան սահմանազատումն իր մոտից, նաև իր կաշվի հաշվին՝ հանուն նրա, որ պրոցեսը շարունակություն ունենա Վարդենիսում, Սև լճերում, Ջերմուկում ու Իշխանասարում՝ հավատալով, որ տնկված սահմանաձողերը ավելի շատ խաղաղության ու անվտանգության մասին են․․․

Մատաղ արեք, որ այդ հերոս, սահմանապահ բնակիչները էս մեկ ամսում ամենախելոքից մինչև ամենավտանգավոր մտքերը լսեցին, քուն ու դադար կորցրեցին, բայց տոն չտվեցին իր համար անհասկանալի զարգացումներին։ Մատաղ արեք թե նրանց համար, ովքեր դա տարան լուռումունջ՝ առանց փողոց դուրս գալու, բայց նաև նրանց համար, ովքեր ինֆորմացիայի պակասից (վատ հանրային հաղորդակցության պատճառով), իշխանության կամ Ադրբեջանի հանդեպ անվստահության կամ այլ պատճառներով անպատասխան հարցեր ունեին ու փողոց են դուրս գալիս, որոնք իշխանությունն էլ չունի այդ հարցերի պատասխանը․․․

Տավուշցու համար սահմանագծի վրա ամեն մի տնկված սյունը բացարձականացված պաթոսի կամ հիմնազուրկ պախարակման ակմ անեծքի թեմա չի, ինչպես այն վայրկենապես դարձավ համացանցում։ Նրա համար ամեն մի նման սյունը դեռևս շատ մեծ հարցական է՝ այն քիչ թե շատ երաշխավորված անվտանգությո՞ւն ու խաղաղությո՞ւն է, թե՞ պարտադրված կամ անհեռատեսորեն իրեն մոտեցված վտանգ։

Ու կրկին այս մեծ պաթոսանեծքային աղմուկում բաց է մնում, թե, օրինակ, կոնկրետ թիվ 1, թիվ 2, թիվ 3 ․․․ Թիվ 33 սյուների կողքը ապրող, քայլող, երթևեկող մարդիկ գետնի վրա ու ընդհանրապես ի՞նչ մակարդակի անվտանգություն են ունենալու․․․

Պաթոսի ու անեծքի փոխարեն սթափվել է պետք, ու պետք է այս մեծ, բարդ խաղում նստել ու լուծել այս ու այլ խնդիրները, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է, պահենք այն, որը կենսական է, ինչպես Հայաստանի հյուսիսից հասնենք մինչև հարավ, որ Տավուշցու զրկանքը ջուրը չգցենք․․․

Մնացածը չասեմ․․․»։