27/07/2024

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապրիլի 22-ին՝ ժամը 12։36-ի սահմաններում Երևանի «Մալաթիա» տոնավաճառում հրդեհ էր բռնվել։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկակն և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետևողական աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել կանխել հրդեհի տարածումը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել տեսչական մարմինը։

«ՀՀ քաղաքաշինության, տեխնիկակն և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից նախկինում Երևան քաղաքի Սվաճյան փողոցում գործող ընկերությունում, բնակչությանն ավելի հայտնի որպես «Մալաթիայի շուկա» իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների բազմաթիվ խախտումներ:

Վերոնշյալ խախտումներն անմիջական և ուղղակի սպառնալիք էին ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի անվտանգության համար, ուստի Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Ընկերության աշխատանքները դադարեցվել էին։
Նախորդ տարի տեսչական մարմին էր մուտքագրվել Ընկերության տնօրենի դիմումը, որով վերջինս տեղեկացրել էր, որ Տեսչական մարմնի կողմից տրված բոլոր այն էական ցուցումները, որոնք առաջնային վերաբերում էին հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը՝ իրենց կողմից պատշաճ կերպով իրականացվել են, ուստի վերջինս խնդրել էր ընկերության գործունեության վերսկսումը։

Ընկերության տնօրենի դիմումի հիման վրա Տեսչական մարմնի կողմից կրկին իրականացվել էին վերահսկողական գործառույթներ՝ նախկինում հայտնաբերված խախտումների վերացման փաստն արձանագրելու նպատակով։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ Ընկերության կողմից մեծածավալ աշխատանքներ էին իրականացվել հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ, մասնավորապես՝

• Տարահանման ճանապարհների առաստաղները փոխարինվել էին չայրվող նյութով, ապահովված էր մարդկանց անարգել տեղաշարժը

• Ներքին ջրամատակարարման ցանցը վերազինվել էր, մոնտաժվել էր ըստ շինարարական նորմերի համապատասխան, համալրվել էր փողակով և փողրակով (տեղում իրականացվել էր փորձարկում, վերջինս գտնվում է աշխատանքային վիճակում)

• Էլեկտրական տնտեսությունը մոնտաժվել էր էլ․ սարքավորումների տեղակայման կանոններին համապատասխան, էլ․ հաղորդալարերը անցկացվել էին պաշտպանիչ մեկուսիչների մեջ, էլ․ վահանակները տեղադրվել էին չայրվող տուփերի մեջ

• Առևտրի կենտրոնում առևտրի և հասարակական սննդի օբյեկտներն ու շինությունները մոնտաժված էին հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգով և Առևտրի կենտրոնի տարածքում գտնվող շենքերից և շինություններից (պահեստներ, տաղավարներ) հրդեհի տագնապի ազդանշանը փոխանցվում էր լիազոր մարմնին (տեղում իրականացվել էր փորձարկում, գտնվում է սարքին վիճակում)։

• Տեղադրվել էին տարահանման ուղղությունները ցույց տվող ցուցանակներ և տարահանման պլան-սխեմաներ

• Առևտրի կենտրոնի տարածքը համալրված էր կրակմարիչներով և այլն։

Հաշվի առնելով, որ տնտեսավարողի կողմից ծավալուն աշխատանքներ էին իրականացվել խախտումների վերացման ուղղությամբ, որի արդյունքում էականորեն նվազել էր հրդեհների առաջացման և տարածման ռիսկը, Տեսչական մարմնի կողմից թույլատրվել են Ընկերության աշխատանքները։

Հարկ է ընդգծել, որ 2024 թվականի ապրիլի 22-ին Ընկերությունում տեղի ունեցած հրդեհի մասին ահազանգը փոխանցվել է Լիազոր մարմնին հենց հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգի միջոցով, որը մոնտաժվել էր Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում տրված կարգադրագրի պահանջով, ինչպես նաև նույն կարգադրագրի պահանջների կատարման արդյունքում հատուկ հրահանգավորում անցած աշխատակիցները կարողացել են մոնտաժված ներքին ջրացանցի առկայության շնորհիվ իրականացնել նախնական հրդեհաշիջում և հրդեհի տարածման կանխարգելում, որով հնարավոր է եղել խուսափել հետագա հնարավոր վատ հետևանքներից։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ևս մեկ անգամ հորդորում է տնտեսավարողներին պահպանել հրդեհային անվտանգության կանոնները և կատարել Տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրերի պահանջները՝ նմանօրինակ դեպքերից խուսափելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։