29/05/2024

Մոլդովան ԵՄ հետ չինտեգրվի եւ չմիավորվի Ռումինիային` աշխարհաքաղաքական բոնուս Ռուսաստանին

Մոլդովայի գագաուզական վարչատարածքային ինքնավարության ղեկավար Եվգենյա Գուցուլը շարունակում է մնալ Մոսվայում: «Ես չգիտեմ, թե երբ տուն կվերադառնամ, դեռ գործեր ունեմ, հանդիպումներ՝ Թուրքիայում»-նրա հակիրճ խոսքը մեջբերել է ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը:

Ըստ տեղեկությունների՝ Գուցուլը Մոսկվայում հանդիպումներ է ունենում Մոլդովայի ռուսամետ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Տեղեկություններ կան, որ նրանք ծրագրում են ձեւավորել «Հաղթանակ» քաղաքական դաշինքը:

Մոլդովայում սպասվում են նախագահի ընտրություններ: Երկրի գործող առաջնորդ Սանդուն հռչակել է եվրաինտեգրացիայի եւ Ռումինիայի հետ միավորման ուղեգիծ: Փորձագետները դժվարանում են գնահատել, թե Մոլդովայի հանրային ընտրությունը որն է: Արեւմտյան աղբյուրները բաց կասկածում են, որ մինչեւ ընտրությունները Մոսկվան «Սանդուի պաշտոնանկություն կհրահրի»: Մոսկվա-Քիշնեւ քաղաքական դիմակայությունը նորություն չէ:

Արտառոցն այդ «մրցապայքարին» Գագաուզիայի ներգրավվածությունն է, որովհետեւ ինքնավարությունը ոչ միայն Ռուսաստանի հետ սահման, այլեւ ամբողջական-միասնական վարչական տարածք չունի, պատմականորեն գոյություն չի ունեցել եւ ցանկացած պահի կարող է սահմանադրական օրենքի ուժով լուծարվել:

Ըստ երեւույթին, Մոսկվան մեծ ցանկություն եւ հնարավորություն չունի, որպեսզի հանդես գա իբրեւ Գագաուզիայի ինքնության երաշխավոր: Խաղի մեջ, հավանաբար՝ ոչ առանց Ռուսաստանի հորդորի, ներգրավվում է Թուրքիան:

Գագաուզներն էթնիկ թուրքախոս են: Մոլդովա պաշտոնական այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը եղել է նաեւ Գագաուզիայի վարչական կենտրոն Կամրատ քաղաքում: Ինքնավարության առաջնորդն այսօր խոսում է Թուրքիա այցի եւ հանդիպումների մասին: Ի՞նչ մակարդակի քննարկումների մասին է խոսքը՝ նա չի մանրամասնել: Մոսկվայում Գուցուլին ընդունել են Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոյի մակարդակով: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը կընդունի՞ Գուցուլին:

Չի բացառված, որ Գագաուզիայի ինքնավարության ղեկավարը պարզապես «գին է բարձրացնում»: Ոչ պաշտոնական տեղեկություն կա, որ Քիշնեւում նրա դեմ քրեական գործ է հարուցված: Հնարավոր է՝ Մոսկվայում նրա հետագա ներկայությունն անցանկալի է, նրա խորհուրդ են տվել հայրենիք վերադառնալ Թուրքիայով: Բայց դա նրա անձնական ապահովության խնդիրն է:

Գուցուլի Մոլդովա վերադարձն ապահովելու դեպքում Գագաուզիայում Թուրքիայի հեղինակությունը կբարձրանա: Էրդողանը խիստ շահագրգռված է Սեւծովյան ավազանում ազդեցության հաստատմամբ: Ռուսաստանը, երեւում է, խաղադրույք է դրել Թուրքիայի հավակնությունների վրա: Եթե Մոլդովայում «ներքին Թուրքիա ստեղծելու» հեռանկարը հավանական լինի, ապա Էրդողանը, բնականաբար, գործի կդնի իր լծակները, որպեսզի Մոլդովան ԵՄ հետ չինտեգրվի եւ չմիավորվի Ռումինիային: Իսկ դա աշխարհաքաղաքական բոնուս կլինի Ռուսաստանին: