27/07/2024

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Դրական է, որ հասել ենք նրան, երբ սյուն ենք դնում ու ֆիքսում ենք սահմանը։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Միակողմանի զիջումը սահման ունենա՞լն է, միակողմանի զիջո՞ւմ է հավանական հարձակվող կողմից մեր հայկական սահմանը ճանաչելը։ Ուզում եմ հարցնել՝ հայկական որևիցե տարածք որևիցե թումբ հանձնվե՞լ է։ Ոնց որ մարդկանց գժի տեղ դնեն, անընդհատ ասում են, որ մենք ենք 29․800 քառակուսի կիլոմետր տարածքը դրել քննարկման, բայց մենք բազմիցս ասել ենք, որ չկա ՀՀ-ից որևիցե մետր, որը քննարկման ենթակա է։ Ով պատահի, ով ինտերնետ մուտք ունի, որոշում է, որ ասի՝ հանձնում են, որ գնաս վզից բռնես, ասես՝ հլը մի հատ արի հասկանանք, թե ինչն ենք հանձնում, մատով ցույց տուր, սկսում է հեքիաթներ պատմել ու ցնդաբանություններ անել»,- ասաց նա՝ անդրադառնալով Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացին։

ԱԺ նախագահը հստակեցրեց՝ ՀՀ տարածքից որևիցե մեկը բան չի հանձնում․ «Որտեղ մենք ենք առաջ, մենք ենք հետ քաշվում, իսկ որտեղ Ադրբեջանն է առաջ, իրենք են հետ քաշվում։ Ես կարող եմ ասել այն բնակավայրերի անունները, որոնք Ադրբեջանը բարձրաձայնում է, հայկական կողմից ո՞վ կարող է տենց բնակավայրերի անուն ասել։ Խոսքը գնում է 31 գյուղերի կենսական տարածքների մասին։ Բռնել մի բառ փոխել ու մանիպուլյացիա անել շատ վատ բան է, դարձել է արդեն կարգախոս»։

Նրա խոսքով՝ Տավուշն այժմ ավելի պաշտպանված տարածք է․ «Երբ որ դու այդ գծի վրա հավանական հարձակվող կողմից հարցեր ու սակարկումներ չես ունենում, ֆիքսում ես, ասում ես՝ ստեղ դու ես, ստեղ ես եմ, ու անցնում ես առաջ, դա էլ ավելի պաշտպանված է դարձնում։ Մենք կարող ենք մշտապես պատ կառուցենք, դիրքեր, հետո իրենք բայրաքթարներով հարձակվեն մեզ սպանեն, ասենք՝ դե պաշտպանված էր, բայց էլի հարձակվեցին»։

Ալեն Սիմոնյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նկատեց՝ ընդդիմախոսներին երկու մաս կա Հայաստանում։

Նրա խոսքով՝ առաջինը դրանք հետևյալ մարդիկ են․ «Մարդիկ, որոնք հույզերի են տրվում, և լսում են նրանց, որոնք ուզում են ներսում որևէ բան հրահրել, ես այդ մարդկանց հրահանգով եմ մոտենում և խնդրում եմ չհետևել այդ սուտ տեղեկություններին։ Մի ամսի է ասում ենք, որ ՀՀ-ից ոչ մի թիզ չի հանձնվում, էլի լրագրողները ասում են՝ Հայաստանից հանձնում են։

Երկրորդը դրանք այն մարդիկ են, որոնք փորձում են քաղաքական դիվիդենդներ շահել, բայց իրենք լուզր են, իրենց մոտ ոչինչ չի ստացվելու․

Ա․ իրենք ասելիք չունեն Հայաստանի Հանրապետությանը

Բ․ իրենց ասելիքը իրականությանը չի համապատասխանում

Գ․ դա դրսից թելադրված բան է, որը ՀՀ ժողովուրդը գիտակցում ու հասկանում է»,- ներկայացրեց նա։