22/05/2024

«Ռուսաստանը երբեք չի հեռանա Կովկասից». Ալիև

«Ռուսաստանը երբեք չի հեռանա այս տարածաշրջանից, քանի որ նա գտնվում է այս տարածաշրջանում։ Կարծում եմ՝ Հարավային Կովկասի բոլոր երկրները պետք է շահագրգռված լինեն լավ հարաբերություններ ունենալու Ռուսաստանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձ շահերի վրա։ Կարծում եմ՝ Ադրբեջանի օրինակը ակնհայտորեն ցույց է տալիս, որ դա հնարավոր է»։

Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «COP29 և Կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում։

Նրա խոսքով՝ նախկին ԽՍՀՄ-ում շատ ժողովուրդներ կան, որոնք ավելի մոտ են Ռուսաստանին էթնիկ կամ կրոնական առումով. «Բայց համեմատեք նրանց հարաբերությունները Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետ։ Վստահ եմ, որ այս դրական միտումները կշարունակվեն նաև ապագայում։ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում Կովկասում, Հարավային Կովկասում, և այդ դերն աճում է, ինչը միայն օգտակար է»։ Ալիևն ասել է. «Ռուսաստանը Ադրբեջանի հարևանն է և մի երկիր, որի հետ մենք շատ ակտիվ համագործակցություն ունենք տարբեր ոլորտներում։ Ադրբեջանում ավելի քան 300 ռուսական դպրոց կա։ Մենք շատ ընդհանուր բաներ ունենք և, իհարկե, որպես տարածաշրջանային, կովկասյան երկիր, քանի որ Կովկասի մի մասը գտնվում է Ռուսաստանի սահմաններում»:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերմանը, Ալիևն ասել է, որ որոշումը ավելի վաղ ընդունվել էր Ադրբեջանի և Ռուսաստանի միջև խորհրդակցությունների հիման վրա. «Ադրբեջանը միշտ հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին: Իսկ մեր դիրքորոշումն այն էր, որ եթե գրված է 2025-ի նոյեմբեր, ուրեմն պետք է լինի 2025-ի նոյեմբեր։ Բայց միևնույն ժամանակ և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը հստակ հասկանում էին, որ կարող են ավելի վաղ դուրս գալ. սա համատեղ որոշում էր, և այս որոշումը, կարծում եմ, միայն ամրապնդեց ռուս-ադրբեջանական հարաբերությունները»։

Նրա խոսքով՝ նոկեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելիս Հայաստանի դիրքորոշումն այն էր, որ ռուս խաղաղապահների համար ժամանակային սահմանափակումներ չպետք է լինեն. «Այսինքն՝ նրանք պետք է հավերժ մնան։ Մենք չէինք կարող համաձայնել սրա հետ և պնդեցինք, որ ժամանակային սահմանափակում պետք է լինի։ Սա ամենադժվար մասերից մեկն էր, որի շուրջ երկու կողմերն էլ չկարողացան համաձայնության գալ։ Մեզ համար դա հայտարարության ամենասկզբունքային մասերից մեկն էր։ Մեր դիրքորոշումն այն էր, որ եթե մենք չհամաձայնենք այս հարցում, ապա ոչ մի հայտարարություն չի լինի, և պատերազմը կշարունակվի»։