25/05/2024

Ուր կհասնեն տաուշյան զարգացումները, մինչև ուր ․․․

Տավուշի սահմանագոտու հայտնի իրողությունները Հայաստանում սրել են սոցիալհոգեբանական, քաղաքական իրավիճակը: Բարդ է ասել, թե հանրային շերտերի հարաբերակցությունն ինչպիսին է, սակայն կասկածից վեր է, որ էսկալացիան ունի ծավալման բավարար ներուժ եւ ամեն ինչ կախված է նրանից, թե արդյո՞ք կլինեն այդ ներուժի հետ աշխատող՝ արդյունավետ աշխատող քաղաքական սուբյեկտներ:

Միեւնույն ժամանակ սակայն, այդ ներուժի հետ կարող են աշխատել ոչ միայն ներքին, այլեւ արտաքին քաղաքական սուբյեկտներ: Ըստ այդմ, լայն իմաստով նաեւ բաց է հարցը, թե ծավալվելու դեպքում՝ դեպի ուր կարող է «հոսել» այդ ներուժն ու դրանից ինչպես կարող է օգտվել Հայաստանը:

Մի բան անկասկած է, որ Հայաստանը չի կարող օգտվել տարերային ու անկառավարելի հասարակական-քաղաքական պրոցեսներից, ինչի պարագայում արդեն կարեւոր էլ չի լինի, թե ով կօգտվի դրանից:

Մյուս կողմից, հենց այդ հանգամանքները հաշվի առնելով, հրամայական է դառնում հանրային լարվածության այդ ներուժի հետ աշխատելը, աշխատելն այնպես, որ առավելագույնս նվազեցվի դրա հետ որեւէ ներքին կամ արտաքին մանիպուլյատիվ խաղ, միեւնույն ժամանակ սակայն հաշշվի առնվեն հանրային տրամադրությունները, այլ ոչ թե արհամարվեն մեծամտության կամ ավելորդ ինքնավստահության վտանգավոր դիրքերից:

Այդ պայմաններում, թերեւս թե ներքին իրավիճակի կառավարման, թե նաեւ արտաքին մարտահրավերների կառավարման թերեւս օպտիմալ միջոց կարող է լինել խորհրդարանի արտահերթ ընտրության պատրաստ լինելը:

Բացի հանրային տրամադրությունների եւ ներքին կայունության կառավարման հրամայականից, այստեղ շատ կարեւոր է եւ այն, որ Հայաստանում ձեւավորված կառավարող մեծամասնությունը երեք տարի առաջ կառավարման քվե է ստացել բոլորովին այլ ռազմա-քաղաքական բովանդակության «դիմաց», իսկ այսօր վարում է լիովին այլ քաղաքականություն: Եվ հարցը ամենեւին այն չէ, թե վարվող քաղաքականությունը որքանով է հիմնավոր կամ անհիմն, բխում Հայաստանի շահից, կամ հակասում այդ շահին:

Էական է, որ նոր քաղաքականությունը, առավել եւս, երբ խոսքը բախտորոշ, ճակատագրական նշանակության հարցերի եւ որոշումների մասին է, պետք է ստանա նոր մանդատ, կամ մերժվելու դեպքում՝ ձեւավորվի իրավիճակին համարժեք այլ մանդատ, որպեսզի Հայաստանում չարառաջանա պատասխանատվության վակուում: Համենայն դեպս, իրողություններն անտեսելու քաղաքականությունը ոչ թե կօգնի լուծել հարցեր, այլ ընդամենը կխորացնի պայթյունավտանգ լիցքերը: Դա չի լինի պետական մոտեցում: