27/07/2024

Ռուսաստանը «չգիտի, թե որն է Հայաստանի խորհրդային շրջանի տարածքը»

ՌԻԱ-Նովոստի պետական գործակալությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանազատմանը: Աչքի է զարնում փորձագետներից մեկի գնահատականը, որ դա «չափազանց բարդ սահման է, կան մի ամբողջ շարք անկլավներ»:

Ընդ որում, այդ դիտարկումն արվում է ՀԱՊԿ-ից Հայաստանի դժգոհության համատեքստում: Փորձագետը համարում է, որ 2021 եւ 2022թ. «մարտական գործողությունների ընթացքում հայտնի չէր, թե որն է սահմանը, իսկ Երեւանը պահանջում էր ճանաչել հանրապետության խորհրդային շրջանի տարածքային ամբողջականությունը»:

Հասկացվում է, որ Ռուսաստանը «չգիտի, թե որն է Հայաստանի խորհրդային շրջանի տարածքը»-իսկ ահա Փաշինյանը եւ Ալիեւը պայմանավորել են սահմանազատման հիմք ընդունել Ալմաթիի Հռչկագաիրը, որով Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը, Տավուշ-Ղազախ, ինչպես փորձագետն է ասում՝ «համեմատաբար պարզ» հատվածում սահմանազատում եւ անգամ սահմանանշում է իրականացվում, իսկ ահա ամբողջական գործընթացը «բարդ եւ ժամանակատար է լինելու»:

Ինչու՞: Որովհետեւ, ինչպես ասվեց, փորձագետը հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում եւ պարզաբանում. «Քարտեզով տարածքը հայկական է, բայց հանկարծ պարզվում է, որ այնտեղ ադրբեջանական բնակավայր կա»:

Ի՞նչ «բնակավայրի» եւ «մի ամբողջ շարք անկլավների» մասին է խոսքը, եթե այդ մասին անգամ Ադրբեջանը ոչինչ չի խոսում: «Քարտեզագրական գյուտի» հեղինակն, իհարկե, պաշտոնական դեմք չէ, չափազանցություն կլիներ նրա տեսակետը վերագրել ՌԴ ԱԳՆ-ին կամ ԶՈՒ Գլխավոր շտաբին, առավել եւս՝ երկրի քաղաքական ղեկավարությանը, բայց ՌԻԱ-Նովոստին էլ «պատի թերթ» չէ, որպեսզի նրա հնչեցրած տեսակետն անուշադրության մատնվի:

Մանավանդ որ հրապարակման խմբագրական հատվածում առանձնակի ընդգծվում է, որ Տավուշի հատվածում սահմանազատումը «հանդիպում է հանրային դիմադրության, մարդիկ ճանապարհներ են փակում, խարույկներ վառում»: Քառասունչորսօրյա պատերազմից հետո Մոսկվան պաշտոնական մակարդակով առաջարկել է սահմանազատման հարցում «խորդատու լինել»:

Տավուշ-Ղազախ հատվածի վերաբերյալ պայմանավորվածությունը երկկողմ է: ՌԻԱ-Նովոստին ակնարկում է, որ մայիսի 15-ին կողմերը պետք է վերջնականապես համաձայնեցնեն ընդհանուր սահմանազատման իրավական հիմքը եւ կանխատեսում, որ «տեղի կունենա վերադարձ ԽՍՀՄ-ին»:

Այսինքն, կանխատեսվում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն իրավական ուժ ունեցող փաստաթղթով սահմանազատման իրավական հիմք կճանաչեն Ալմաթիի Հռչակագիրը, որով ԽՍՀՄ-ը դադարել է, միութենական հանրապետություններն՝ անկախություն ստացել խորհրդային տարածքով եւ միջպետական սահմաններով:

Այս դեպքում ինչո՞ւ պիտի հայ-ադրբեջանական սահմանազատումը «բարդ եւ ժամանակատար լինի»: Իհարկե, սահմանազատումը եւ սահմանանշումը բոլոր երկրների համար է դժվար, Հայաստանի եւ Ադրբեջանի դեպքում՝ առավել եւս:

Զգաստացնում է «մի ամբողջ շարք անկլավների գոյության» մասին փորձագետի դիտարկումը, ինչից հասկացվում է, որ հաղաղ-բանակցային սահմանազատման հավանականությունը Մոսկվան «բարձր չի գնահատում»:

Եւ, ամենայն հավանականությամբ, փորձագետի «մի ամբողջ շարք անկլավներ» ձեւակերպումը վերաբերում է այն տարածքներին, որ 2021 2022թ. ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով մնում են օկուպացված: Անցյալ հոկտեմբերին ՌԴ նախագահ Պուտինը, հավանաբար, դա նկատի ուներ, երբ ասում էր, որ «մի կիլոմետր՝ այս կողմ, հարյուր մետր՝ այն կողմ, էական չէ, կարեւորը, որ սահմանը համաձայնեցվի»: Իսկ ապրիլի 25-ին Իլհամ Ալիեւը խոսել է «սահմանային կոմֆորտ ստեղծելու» ոչ թե «կույր կատվի պես քարտեզի գծին հետեւելու» կարեւորության մասին:

Ապրիլի 26-ին Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո Գերմանիայի կանցլեր Շոլցը համատեղ մամուլի ասուլիսն Ադրբեջանի նախագահին հիշեցրել է Հայաստանի հետ հարաբերությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու խոստումը: «Մի ամբողջ շարք ակնկալվների» թեման կարո՞ղ է էսկալացիայի պատճառ դառնալ: