23/12/2024

Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է

Եվրոպայում ադրբեջանական քաղվտարանդիության աղբյուրները հայտնում են, որ ապրիլի 28-ի վաղ առավոտյան իր տանն ինքնասպանություն է գործել Ադրբեջանի Գերագույն դատարանի դատավոր Իլգար Դադաշովը:

Մանրամասնություններ հայտնի չեն, բայց նրա գործընկերներից մեկը տեղեկատվությունը հաստատել է: Պաշտոնական հաղորդագրություն դեռեւս չի տարածվել, Բաքվի իշխանամերձ մամուլը նույնպես լռում է: Դադաշովը 2023թ. Իլհամ Ալիեւի հրամաանգրով արժանացել է պետական բարձր պարգեւի, որեւէ խնդիր իշխանությունների հետ չի ունեցել:

Նույն աղբյուրները զուգահեռաբար հայտնում են, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանող՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բանաձեւի նախագիծն ստացել է նաեւ հանրապետական կուսակցության ներկայացուցչի աջակցությունը, իսկ նախաձեռնությանն ընդհանուր առմամբ միացել է ամերիկյան քսանմեկ օրենսդիր:

Հայտնի է դարձել, որ «պատժամիջոցային ցուցակը» համալրվել է եւս երեք բարձրաստիճան պաշտոնյայի անուններով: «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակցի տեղեկացվածությամբ, ցուցակում ընդգրկվել են Պետական անվտանգության ծառայության տնօրեն Նաղիեւը եւ պաշտպանության ու անվտանգության հարցերով Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալեսկերովը:

Բանաձեւի նախագծով պատժամիջոցի ենթակա են դիտվում նաեւ դատական իշխանության ներկայացուցիչներ: Խոսքը հիմնականում Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավորների, ինչպես նաեւ գլխավոր դատախազության մոտ մեկ տասնյակ աշխատակիցների մասին է:

Եվրոպայում ադրբեջանական քաղվտարանդիության աղբյուրները գրում են, որ ամերիկյան օրենսդիրները «մեղադրանքներ են ներկայացրել Ղարաբաղում հակաայաբեկչական գործողության կազմակերպիչների»: Խոսքը սեպտեմբերի 19-20-ի մեկօրյա ահաբեկչական պատերազմի եւ էթնիկ զտումների մասին է:

Ըստ վստահություն ներշնչող աղբյուրների, թե պատերազմը, թե խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունները եւ էթնիկ զտումները կոորդինացրել է Պետական անվտանգության ծառայության տնօրեն Նաղիեւը, որ այդ օրերին գտնվել է Շուշիում: Նա նաեւ կազմակերպել է ԼՂՀ նախկին նախագահների առեւանգման հատուկ գործողությունը, որ իրականացվել է նրա առաջին տեղակալ Շադլինսկիի անմիջական մասնակցությամբ: Ամերիկյան կոնգրեսականների մշակած բանաձեւի նախագծում, ինչպես «Թուրանի» վաշինգտոնյան թղթակիցն է փոխանցում, առանձին բաժնով ադրբեջանցի պաշտոնյաները մեղադրվում են հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց դեմ բռնություններ գործադրելու, նրանց նկատմամբ արտօրինական ճնշումներ գործադրելու մեջ:

Եթե տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա Պետական անվտանգության ծառայության տնօրենի եւ Ալիեւի խորհրդական-օգնականի դեմ պատժամիջոցների սահմանումը կնշանակի ուղղակի մեղադրանք անձամբ Ադրբեջանի նախագահի դեմ:

Անշուշտ, վաղաժամ է ենթադրել, թե ինքնասպանություն գործած Դադաշովը հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց դեմ բռնություններին մեղսակից է: Մանավանդ որ նա պաշտոնավարել է Գերագույն դատարանի տնտեսական հանցագործությունների կոլեգիայում: Բայց Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումը սերտորեն կապված է համատարած կոռուպցիայի հետ:

Պետական եւ ողջ իրավապահ համակարգը գործում է մեկ անձի՝ Իլհամ Ալիեւի եւ նրա աշխատակազմի համապատասխան կառույցների ուղղակի ցուցումներով:

Դադաշովի ինքնասպանությունն, իհարկե, չի բացահայտվի, ամեն ինչ կվերագրվի նրա ունեցած «անձնական խնդիրներին»: Իսկ թե որքա՞ն հետեւողական կգտնվեն ԱՄՆ օրենսդիրները՝ բարդ է կանխատեսել: Այնուամենայնիվ, տպավորություն է, որ Բաքվում «անհանգիստ է»՞ Շաբաթասկզբին ինքնասպանություն է գործել Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժ, թուրքական պետությունների Մանկաբույժների խորհրդի նախագահ Գուլիեւը:

Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «արտաքին սպառնալիքով պայմանավորված՝ երկրի ցամաքային սահմանները կշարունակեն մնալ փակ»: Ինչի՞ է նա նախապատրաստվում: Ապրիլի 27-ին կառավարությունը սահմանել է «Շուշի եւ Լաչին անհատական տրանսպորտային միջոցներով այցելության հատուկ կարգ»: Թույլտվություն տրամադրելու եւ այցելությունները վերահսկելու գործառույթը վերապահվել է ՆԳ նախարարությանը: