27/07/2024

Ադրբեջանն ուզում է դառնալ ինքնուրույն՝ կստացվի արդյոք

Թուրքիայի եւ Ադրբեջանի վերահսկիչ պալատների միջեւ ստորագրվել է արձանագրություն Իգդիր-Նախիջեւան գազամուղի շինարարության աուդիտի իրականացման հարցում գործակցելու վերաբերյալ: Սա հետաքրքիր տեղեկություն է:

Առաջին հայացքից թուր-ադրբեջանական գործակցության սովորական պատմություն, սակայն ուշագրավ է Թուրքիայի Վերահսկի պալատի նախագահ Յեների խոսքը, ըստ որի, աուդիտի հարցում գործակցությունը թույլ կտա ավելի լավ կատարել իրենց պարտավորությունները պետության առաջ:

Բավականին թափանցիկ ակնարկ է, որ ինչ որ մեկը չի կատարում այդ պարտավորությունը: Հազիվ թե Թուրքիայի Վերահսկիչ պալատի նախագահը ակնարկեր, որ այդ պարտավորությունը չի կատարում իր գլխավորած կառույցը: Հետեւաբար, պետք է եզրակացնել, որ նրա ակնարկը վերաբերում է Ադրբեջանի Վերահսկիչ պալատին:

Այլ կերպ ասած, եթե փորձենք որոշակիորեն, թեկկուզ հարաբերական առումով պարզեցնել խնդրո առարկան, Թուրքիան ակնարկում է, որ գազամուղի շինարարության հարցում Ադրբեջանը «մաքուր չէ», կամ առնվազն՝ «մաքուր չէ» կամ իրենց հանդեպ «ազնիվ չէ» Ադրբեջանի Վերահսկիչ պալատը:

Բայց, Ադրբեջանի Վերահսկիչ պալատը կհամարձակվի՞ անմաքուր լինելառանց քաղաքական բարձր հովանու, առավել եւս, որ խոսքը ոչ թե ներադրբեջանական հարցի մասին է, այլ Ադրբեջան-Թուրքիա նախագծի: Առանց քաղաքականության անշուշտ հնարավոր չէ, եւ քաղաքականությունն այստեղ առկա է թերեւս ավելի լայն առումով:

Անկարան ըստ ամենայնի որոշել է դժգոհությունն արտահայտել եւ Վերահսկիչ պալատի առումով Բաքվի ձեռքերը մասնակի «կապել» ընդհանրապես ադրբեջանա-թուրքական քաղաքական պատկերացումներում նշմարվող տարակարծությունների կամ տարբեր մղումների, պատկերացումների համատեքստում:

Անկարային թերեւս այդքան էլ դուր չի գալիս ռեգիոնալ մասշտաբում կարգավիճակի առնչությամբ Բաքվի հավակնությունը, որ վերջին շրջանում դրսեւորվում է ավելի նկատելի: Ավելի շուտ, Անկարան ըստ ամենայնի նշմարում է այդ հավակնության «վերահսկողությունից դուրս» գալու միտում, ըստ այդմ փորձում ձեռնարկել առաջին քայլը՝ Իգդրի-Նախիջեւան գազամուղի առիթով: