27/07/2024

Ո՞վ եւ ինչպե՞ս կարող է ձեւավորել ռուս-հայկական երկխոսության նոր օրակարգ

Տավուշ-Ղազախ հատվածում հայ-ադրբեջանական «սահմանազատման եւ սահմանանշման» շուրջ կրքերը չեն հանդարտում: Ծաղրի եւ քննադատության են ենթարկվում նրանք, ովքեր հարցնում են՝ իսկ ո՞րն է այլընտրանքը,- բայց իշխանության եւ նրան հարող փորձագիտական շրջանակների քննադատներն այդպես էլ որեւէ այլընտրանք չեն վկայակոչում: Խոսքը իրավա-քաղաքական այլընտրանքի մասին է, քնարա-բարոյախոսական զեղումներ բոլորս կարող ենք թույլ տալ: Կա՞ այլընտրանք:

Այո: Դա զինադադարի մասին ռուս-հայկական 1920թ. օգոստոսի 10-ի համաձայնագիրն է, որ կողմերն ստորագրել են Թիֆլիսում: Այդ փաստաթղթով Հայաստանը ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը ժամանակավորապես օկուպացված են բոլշեւիկյան Ռուսաստանի զորքերի կողմից: Ռուսաստանը ճանաչել է, որ ժամանակավոր օկուպացիան չի կանխորոշում այդ տարածքների վերջնական կարգավիճակը: Կողմերը համաձայնել են, որ Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի վերջնական կարգավիճակը պետք է սահմանվի ռուս-հայկական խաղաղության պայմանագրով:

Նման պայմանագիր չի ստորագրվել եւ որքան էլ արտառոց չհնչի՝ զուտ ֆորմալ առումով ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը եւ Հայաստանը գտնվում են, շարունակում են մնալ «զինադադարի ռեժիմում»: Միջին-վիճակագրական հայ մարդուն, մանավանդ եթե ղարաբաղցի «շարժման առաջամարտիկ» է, այս իրողությունը հասու չէ, բայց երբ Մոսկվայի Լոմոնոսվի անվան համալսարանի հեռուստատեսության դպրոցի դեկան Վիտալի Տրետյակովն ասում է, որ եթե հայ ժողովուրդը եւ իշխանությունը չկողմնորոշվի եւ «այսպես շարունակվի, ապա Հայաստանը, թերեւս, Ռուսաստանի հետ պատերազմի մեջ կմտնի»-նկատի է ունենում հենց դա:

Հայաստանի իշխանությունը 1991թվականից ի վեր արդարացիորեն խուսափել եւ խուսափում է Ռուսաստանի հետ նման, մեղմ ասած, տհաճ խոսակցությունից: Հանրությունն, իհարկե, ասել եւ ասում է, որ բոլշեւիկները Կարսը, Սուրմալուն, Արարատ լեռը նվիրել են Թուրքիային, Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջեւանը՝ Ադրբեջանին, իսկ Սյունիքը՝ մասնատել, բայց դա քաղաքական դիրքորոշում չէ, պետության արտաքին քաղաքական օրակարգ չէ: Իսկ ո՞րն է Մոսկվայի օրակարգը: Ցավոք, մենք չգիտենք, ենթատեքստային հայտարարություններից կարող ենք միայն ենթադրություն անել եւ կստացվի մոտավորապես նման մի բան. «Եթե հայերն իրենց կարգին չպահեն, ապա կկորցնեն նաեւ Սյունիքը, այլ տարածքներ, որ վիճելի են»:

Հայաստանում կա՞ քաղաքական ուժ, որ կարող է Մոսկվայի առջեւ դնել ռուս-հայկական 1920թ. օգոստոսի 10-ի զինադադարի պայմանների հիմքով «խաղաղության, բարիդդրացիության եւ համագործակցության մասին,, պայմանագիր ստորագրելու խնդիր: Տեսականորեն դա հնարավոր է, գործնականում՝ ոչ միայն անհնար, այլեւ վտանգաշատ, որովհետեւ շոշափում է այնպիսի հարցեր, որ վաղուց փակված են: Ինչպես ասում են՝ «կրետի բույնը բզբզելուց,, օգուտ չի կարող լինել: Բայց դրանից չի հետեւում, թե հայ-ռուսական երկխոսության անհրաժեշտություն չկա: Ընդհակառակը:

Բայց ո՞վ եւ ինչպե՞ս կարող է ձեւավորել ռուս-հայկական երկխոսության նոր օրակարգ, այդ օրակարգի նոր բովանդակություն, որ պետք է, պայմանականորեն ասած, դուրս լինի «թե հոկտեմբերյան դրոշի փայլից չշիկներ ճակատն Արագածի, իր մութ այրերում շունչը կփչեր այրերի երկիր Հայաստանս» քնարականությունից: Կարո՞ղ ենք: Քաղաքական ընդդիմությունն ասում է՝ «հարգում են ուժեղներին»: Իսկ ուժը զենքից ու զրահից առաջ ներքին իմունիտետ է, դիմադրողականություն, ոչ թե հանրային «անձնատվություն»՝ երբ ասում են, որ «դեմ գնանք՝ ռուսները մեզ կուտեն»:

1920թ. մայիս-օգոստռոսին Ռուսաստանը Հայաստանի անկախ պետության դեմ անեքսիոնիստական պատերազմ է մղել հանուն խորհրդայնացած Ադրբեջանի: Կարո՞ղ ենք կայուն, անսասան, անկաշառ քաղաքական իմունիտետ ստեղծել եւ Ալմաթիի այլընտրանք դնել ռուս-հայկական «խաղաղության եւ համագործակցության մասին» պայմանագրի մեր սկզբունքները: Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական: