Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված հարցերի թվում է նաև «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հայտարարության» նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ներկայացրել էր բացասական եզրակացություն:
Նախագիծն օրակարգում ընդգրկվելու համար ելույթներ ունեցան նախագծի հեղինակը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, և հարակից զեկուցողը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ գործընթացն «առանց իրավական հիմնավորման» սկսվել է Շուռնուխից, և որ նույնը հիմա կատարվում է Տավուշի մարզում:
«Այսօր Կառավարությունը մի բան էլ առաջ է գնացել: Սահմանազատումից բացի, սահմանազատումից անդին՝ իրականացվում է նաև սահմանագծում, սահմաններն ինչ-որ մի կերպ, անհասականալի բազայի վրա, իրավապայմանագրային բազայի վրա, գծվում են, փաստացի սյուներ են տեղադրվել: Ո՞վ է այդ իրավունքը տվել,- ասաց նա և եզրափակեց ելույթը.- Մենք հստակ նշում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային կոնտուրների որոշումը որևէ կերպ չի կարող ազդել Արցախի Հանրապետության և Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացի վրա»:
Հարակից զեկուցող Մարիա Կարապետյանը հայտարարեց, որ գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի վերարտադրության գործընթացն է, և որ այդ սահմանի վրա կարելի է սյուն տեղադրել:
«ՀՀ-ի տարածքից ոչ մի միլիմետր ո՛չ զիջվում է, ո՛չ փոխանակվում»,- հայտարարեց Մարիա Կարապետյանը և պարզաբանեց, թե հանձնաժողովը մերժել է նախագիծը:
«ՀՀ-ն 29.743 քառակուսի կիլոմետր է, և Դաշնակցության անկեղծ ցանկությունը՝ ունենալ ավելի մեծ Հայաստան, ցավոք, օգտագործվում է Կայսրության կողմից՝ հանգեցնելու ավելի փոքր Հայաստանի կամ առհասարակ Հայաստանի պետականության վերացման,- ասաց նա և հավելեց.- Հայտարարության նախագիծն առաջարկում է, որ Հայաստանը՝ որպես Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթաց, հիմք առաջարկի 1993 թվականի սեպտեմբերի դրությամբ շփման գիծն այն հիմնավորմամբ, որ այդ ժամանակ է Ադրբեջանը վավերացրել Անկախ պետությունների համագործակցության կանոնադրությունը:
Ըստ էության, սա առաջարկ է հրաժարվել ՀՀ պետական սահմանից և վերադառնալ ռազմական գործողությունների տրամաբանությանը: Սա բացարձակապես անընդունելի է և պարունակում է ՀՀ-ի համար իրավական, քաղաքական, դիվանագիտական և ռազմական ռիսկեր»:
Քվեարկությունից առաջ ընդդիմությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց: Ընդմիջումից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ ընդդիմության նախագծում որևէ նոր բան չի առաջարկվում, և որ այն պարունակում է ռիսկեր ու վտանգներ ՀՀ-ի պետականության համար, ուստի խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:
Որոշումը չընդունվեց: Նախագծին կողմ քվեարկեց 27 պատգամավոր, դեմ՝ 51, ձեռնպահ՝ 0:

Բաց մի թողեք
ՖԻՖԱ-ն հետաքննում է Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների վարքագիծը ԱԱ եզրափակիչից հետո. Լուսանկար
Ցավալի է, որ այստեղ գտնվողները չեն զգում ՀՀ շունչը․ Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից. Լուսանկար
«Արքան» արժանապատիվ պարտվելու որեւէ ծանրակշիռ օրինակ չի տվել