21/12/2024

Պետք չէ մութ սենյակում փնտրել սեւ կատու, հատկապես, երբ այն չկա այնտեղ

Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը մեկնել է Կատար: Այցի այսպես ասած պաշտոնական նպատակը կամ առիթը Արաբական լիգայի երկրների տնտեսական ֆորումն է: Բայրամովը սակայն ունենալու է նաեւ երկկողմ հանդիպումներ: Ադրբեջանի արտգործնախարարը փաստորեն Կատար է մեկնում Հայաստանի արտաքին գործերի նախարարից անմիջապես հետո:

Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի Կատար այցը ապրիլի 28-29-նն է: Կա՞ ընդհանուր որեւէ ուղիղ բովանդակություն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների կատարյան այցի համատեքստում, թե՞ պարզապես ժամանակագրական զուգորդում է, երբ Հայաստանի արտգործնախարարի այցից անմիջապես հետո Կատար է այցելում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը:

Ընդ որում, դրան զուգահեռ, Երեւանը հայտարարել է նաեւ, որ Ղազախստանի առաջարկով արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա Ալմա Աթիում:

Իհարկե դեռեւս ոչինչ չի ասվում ժամկետի մասով: Արդյո՞ք Կատարը որեւէ դեր ունի այդ հարցում եւ Ալմա Աթի ճանապարհը անցնելու է Դոհայով: Հայտնի է իհարկե, որ Կատարն այդ իմաստով բավականին հաճախ է ստանձնում միջնորդավորված գործընթացները համակարգելու գործառույթներ, նկատի ունենալով երկրի բավականին կարեւոր դերը ռեգիոնալ գործընթացներում:

Միեւնույն ժամանակ ուշադրության է արժանի հանգամանքը, որ այցերը տեղի են ունենում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ Երեւան եւ Բաքու կատարած հեռախոսազանգերին զուգահեռ, կամ՝ այդ հեռախոսազանգերն են տեղի ունենում Կատար այցերի ֆոնին:

Նշանակու՞մ է դա, որ Կատարի միջոցով տեղի է ունենում որեւէ համակարգում Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ, որը Կատարի պետության հետ ունի բավականին սերտ հարաբերություն: Կատարն օրինակ մեկ անգամ չէ, որ եղել է հաղորդուղի ամերիկա-իրանյան քննարկումների համար:

Ղազախստանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Ալմաթիում սպասվող հանդիպումը չի նշանակում Ղազախստանի միջնորդություն:

Նա նշել է, որ Աստանան պարզապես տրամադրում է այսպես ասած տարածքի բարի ծառայություն: Այն, որ Աստանան միջնորդ չէ, հայտարարել էր նաեւ Ալիեւը, որ առաջինն ազդարարեց Ղազախստանից հանդիպման առաջարկի մասին:

Այն, որ Ղազախստանը չի կարող լինել միջնորդ, նշել էի դեռեւս շաբաթներ առաջ,, հավանական դիտարկելով, որ Բաքվից հետո Երեւան այցելող Ղազախստանի նախագահը հավանաբար անելու է այդպիսի մի առաջարկ: Հարց է առաջանում սակայն, եթե Աստանան միջնորդ չէ, ինչու՞ է որոշել մատուցել այդ ծառայությունը, տրամադրել տարածք: Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպման համար քաղաք, տարա՞ծք էին փնտրում եւ չէի՞ն գտնում, չկա՞ր ուրիշ տրամադրող եւ Ղազախստանը՞ համաձայնեց դրսեւորել այդ բարի կամքն ու մատուցել «բրոկերային» ծառայությունը:

Երեւանն ու Բաքուն ձանձրացե՞լ էին Խաղաղության պայմանագրի «օնլայն» փոխանակումներից: Իսկ Բեռլինը, հրաժարվե՞ց իր դերակատարումից: Չէ՞ որ փետրվարին Մյունխենում կազմակերպելով Փաշինյան-Ալլիեւ հանդիպում, Գերմանիան հետո նաեւ Բեռլինում ընդունեց արտգործնախարարներին, երկօրյա բանակցությամբ, կարծես թե հայտնելով շարունակելու պատրաստակամություն: Հայաստանն ու Ադրբեջա՞նը հրաժարվեցին: Կասկածից վեր է, որ Ղազախստանում «տարածքի» հարց չէ, եւ անգամ ծիծաղելի է դիտել այդպես:

Ըստ այդմ, Ղազախստանը միջնորդ չլինելով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, այդուհանդերձ միջնորդ է հայ-ադրբեջանական գործընթացի եւ որեւէ այլ մեկի միջեւ: Ինտրիգն այն է, թե ո՞վ է որեւէ այլ մեկը: Ի

հարկե, ինչպես կասեին չինացիները՝ «պետք չէ մութ սենյակում փնտրել սեւ կատու, հատկապես, երբ այն չկա այնտեղ», բայց շատ բարդ ու դժվար է հավատալ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին Ալմաթիում տրվելիք սենյակում չի լինելու երրորդ «ներկայություն»: Հարցը ունի աշխարհաքաղաքական չափազանց մեծ գին, «երրորդ», եւ գուցե նույնիսկ «չորորդ» կամ «ութերորդ» ներկայություն չունենալու համար: