27/07/2024

Ադրբեջանի հանդեպ ի՞նչ սպասել ԱՄՆ Կոնգրեսից

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցից, որի ընթացքում ամերիկյան կողմը բարձրացրել է նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների եւ խոսքի ազատության խնդիը, մեկ օր անց Բաքվում ձերբակալվել է Ընտրությունների դիտարկման կենտրոն ՀԿ ղեկավար Անար Մամեդլին:

Ոստիկանությունը խուզարկել է նրա եւ ծնողների բնակարանները: Առգրավվել են համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, փաստաթղթեր: Ըստ չճշտված տեղեկությունների, Մամեդլիի բնակարանում «հայտնաբերվել եւ առգրավվել է խոշոր չափի գումար՝ արտարժույթով»:

Նրան, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի նույն մեղադրանքը, որով արդեն իսկ մոտ մեկ տասնյակ լրագրողներ եւ հանրային գործիչներ կալանավորված են՝ «արտարժույթի մաքսանենգություն»: Գերմանիայի կանցլերի հետ համատեղ մամուլի ասուլին Ալիեւը հայտարարել էր, որ վերջին ձերբակալությունները կատարվել են «օրենքի շրջանակներում»: Նա փաստարկել էր, որ մարդիկ «օրենքի շրջանցմամբ ֆինանսավորվում են արտասահմանից»:

ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցից հետո նույն մոտիվացիայով մեղադրանք առաջադրել հայտնի հանրային գործչին՝ նշանակում է դեմարշ հայտնել Վաշինգտոնին, չընդունել պահվող անձանց «անհապաղ ազատ արձակելու» վաշինգտոնյան «հորդորը»: Ի՞նչն է Ալիեւին դրդել նման որոշման: Ըստ երեւույթին՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացված «պատժամիջոցային» բանաձեւի նախագիծը:

Ըստ տեղեկությունների, ամերիկյան մի խումբ օրենսդիրներ «պատժամիջոցային ցուցակում» ընդգրկել են Պետական անվտանգության ծառայության տնօրեն Նաղիեւի, պաշտպանության փոխնախարար Միրզոեւի եւ հատուկ նշանակության զորախմբի առանձին բրիգադի հրամանատար Սալաեւի անունները:

Նրանք մեղադրվում են Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության նկատմամբ բռնություններ գործադրելու եւ պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ:

Մամեդլիի ձերբակալությունը, չպետք է կասկածել, արժանանալու է իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությանը: Ալիեւի հաշվարկն, ըստ երեւույթին, այն է, որ քաղբանտարկյալների շուրջ քննարկումների ընթացքում հնարավոր է պետական դեպարտամենտին համոզել, որպեսզի ազդեցություն գործեն կոնգրեսականների նկատմամբ, եւ առաջարկված բանաձեւը չընդունվի: Խնդիրն այստեղ մարդու իրավունքների պաշտպանությունը չէ:

Եթե ԱՄՆ Կոնգրեսը Նաղիեւին, Միրզոեւին եւ Սալաեւին ճանաչի «պատերազմական հանցագործ» եւ համապատասխան պատժամիջոցներ կիրառվեն, ապա անցյալ տարվա սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների հարցն ակտուալանում է՝ քաղաքական հետեւանքներով հանդերձ:

Ի՞նչ կարելի է սպասել ԱՄՆ Կոնգրեսից: Ըստ տեղեկությունների՝ «պատժամիջոցային բանաձեւն արդեն երկկուսակցական է, նախաձեռնությանն աջակցում է քսանմեկ կոնգրեսական»:

Բայդենի վարչակազմը կմիջամտի՞ Կոնգերսի քննարկումներին: