27/07/2024

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ՀԸ եթերում պատասխանել է Պետրոս Ղազարյանի հարցերին, խոսել սահմանազատման գործընթացի և այլ հարցերի մասին։

«Մենք ասում ենք՝ մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, այլ հարց, որ ասում ենք՝ պետք է վերարտադրել սահմանը։ Դա նշանակում է, որ պետք է գետնի վրա տեղորոշել էդ սահմանը արդեն ձևավորված սկզբունքների հիման վրա»,- ասել է վարչապետը։

Հարցին՝ տեղի ունեցողն ունի՞ աշխարհաքաղաքական ենթատեքստ, վարչապետը պատասխանել է. «Մեր երկրի անվտանգության ապահովման և շահերից է բխում, որ մենք, ի վերջո, որդեգրենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության և առանց արտաքին հովանավորության ապրելու բանաձև։ Գտնենք այդ բանաձևը»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ կիրանցի ամեն բնակչի շահը պետության ուշադրության կենտրոնում է. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք»:

Մենք այսօր ձևավորում ենք սահմանի վերարտադրության համար անհրաժեշտ փաթեթը, և այդ փաթեթը հիմնված է Ալմա-Աթայի հռչակագրի վրա:

Ըստ վարչապետի, ընդհանրապես աշխարհում ոչ մի երկիր մեկ գործողությամբ սահման չի ձևավորել։ Սահմանի վերարտադրման կամ սահմանազատման գործընթացը տևական գործընթաց է։

«Դա մի կոճակ չէ, որ մենք սեղմենք և սահմանը վերարտադրվի, լուսավորվի: Եթե ուշադրություն եք դարձրել՝ ապրիլի 19-ի մամուլի հաղորդագրության մեջ արձանագրվել է, որ սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվել են մի քանի կարևոր բաների մասին: Դրանցից առանցքայինը, որ Ալմա-Աթայի հռչակագիրը 2 կողմերից ընդունվում է որպես բազային սկզբունք՝ սահմանազատման գործընթացի համար, և սահմանազատումն այդ սկզբունքով որևէ տեղից պետք է սկսվի և սկսվում է այդ տեղից, և պետք է իր բնականոն հունով շարունակվի և ամբողջանա:

Փաստաթղթում այս սահմանազատման պրոցեսն անվանված է սկզբնական գործընթաց և այդ սկզբնական գործընթացը կարևոր է նաև հայտնի հանգամանքների բերումով, որպեսզի մենք այս ընթացքում կուտակած փորձը, արդեն գետնի վրա կուտակած փորձը կարողանանք ձևավորել որպես, ինչպես միջազգային խոսույթում ընդունված է ասել՝ լավագույն պրակտիկա, և այդ լավագույն պրակտիկան ձևակերպել, այդ լավագույն պրակտիկայի ձևակերպումը բերել խորհրդարանի հաստատմանը՝ որևէ ձևաչափով, և ահա այդ մանդատի վրա շարունակել ամբողջական գործընթացը»,- ասաց վարչապետը:

Նույն սահմանազատման հարցում, ըստ վարչապետի Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արդեն 20 և ավելի տարի շարունակվում է։ Նիկոլ Փաշինյանն ասաց որ Վրաստանի գործընկերների հետ մի քանի անգամ խոսել է և կա ընդհանուր ըմբռնում, որ պետք է արագացնել գործընթացը:

«Առավել ևս Ադրբեջանի պարագայում, մեզ բոլորիս հայտնի հանգամանքների պայմաններում, պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը: Ինչո՞ւ, որովհետև քանի սահմանազատված չէ, հասկանալի է, որ կոնֆլիկտի որոշակի առիթ կարող է դառնալ, և այս է պատճառը, որ մենք սկսում ենք առավել մեծ կոնֆլիկտային պոտենցիալ ունեցող տեղերից, որպեսզի իրադրությունը պահենք մաքսիմալ կառավարելի»,- ասաց վարչապետը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կադաստրի կոմիտեն հերքել էր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը, համաձայն որի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը նշել էր, թե Սովետական ժամանակաշրջանի սահմանազատման, սահմանագծման աշխատանքների վերաբերյալ վերջին ակտը՝ «Հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների ճշգրտման մասին» 1988 թ․արձանագրությունը, որը 2022 թվականին պահվել է Կադաստրի կոմիտեում, այս պահին արդեն առկա չԷ, փաստաթղթերն ու քարտեզները այլևս գոյություն չունեն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ՀԸ եթերում պատասխանելով Պետրոս Ղազարյանի հարցին, թե ինչի՞ հիման վրա է այս սահմանազատումն իրականացվում, վարչապետն ասաց տեղյակ է հայտարարության մասին, նաև անձամբ է տեղեկատվություն վերցրել և Կադաստրի կոմիտեից, և մյուս մարմիններից։

«Չի ասվում, որ այդ հարցումից առաջ խմբակցության մեկ այլ պատգամավոր խմբակցության ղեկավարը նույնպես հարցում է իրականացրել և Կադաստրի կոմիտեից խնդրել կամ պահանջել է թղթերը: Կադաստրի կոմիտեից նրան ասել են, որ այդ փաստաթղթերի գաղտնիության ռեժիմն այնպիսին է, որ չեն կարող դրանք տրամադրել, բայց հրավիրել են խմբակցության ղեկավարին ծանոթանալ փաստաթղթերին Կադաստրի կոմիտեում:

Հետագայում, երբ սահմանազատման այս գործընթացներն ակտիվացել են, դա եթե չեմ սխալվում, այդ հարցումը եղել է 2022թ., Պաշտպանության նախարարությունն իր գործառույթներն իրականացնելու համար այդ փաստաթղթերը խնդրել է Կադաստրի կոմիտեից և Կադաստրի կոմիտեն տրամադրել է Պաշտպանության նախարարությանը, ենթադրում եմ՝ գաղտնիության ավելի բարձր աստիճանով, և երբ այդ ժամանակ երկրորդ անգամ Կադաստրի կոմիտե դիմել են, Կադաստրի կոմիտեն ուղղակի ասել է, որ մեր ձեռքի տակ այդ փաստաթղթերը չկան:

Այդ փաստաթղթերը բոլորը կան, հիշում եմ, որ փաստաթղթերի թվարկումներ էին անում, բոլոր փաստաթղթերը, բնականաբար, կան, Հայաստանի Հանրապետության կառավարության տրամադրության տակ են, և դրանց հետ աշխատում են, ընդ որոմ՝ ոչ մեկ գերատեսչություն, աշխատում են տարբեր գերատեսչություններ, դրանք գաղտնիության որոշակի սանդղակ ունեցող փաստաթղթեր են և իրենց հետ աշխատելու, հարաբերվելու որոշակի ռեժիմներ կան, և ենթադրում եմ, որ թյուրիմացությունները կարող են կախված լինել այդ ռեժիմների հետ:

Բայց ուզում եմ այդ թեմայի հետ կապված հետևյալի վրա ուշադրություն դարձնել, որ երբեմն՝ մենք հասկանալիորեն կենտրոնանում ենք տարբեր իրադրությունների բերումով կենտրոնանում ենք կոնկրետ տեղանքների վրա և սկսում ենք լայնորեն քննարկել, թե կոնկրետ տեղանքներում ի՞նչ է եղել, ո՞նց է եղել, ե՞րբ է եղել և այլն, և այդպես շարունակ, բայց ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգանաքի վրա, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարության խնդիրը եղել է ներդնել մի այնպիսի բանաձև, որը կապահովի ոչ միայն առանձին վերցրած մի հատվածի սահմանի վերականգնման լեգիտիմ հիմքի վրա, այլև հանրապետության, ավելի ճիշտ՝ Հայաստան-Ադրբեջան ամբողջ սահմանագծով:

Մենք կարող ենք ունենալ տարբեր տեղերի համար տարբեր փաստաթղթեր, տարբեր փաստաթղթերի խմբեր, ենթադրենք՝ 1, 2․․․․ 10 փաստաթղթերի տրցակներ, որովհետև գիտեք, որ պրոցեսները հասկանալիորեն մի երկրի մեջ է եղել՝ Խորհրդային Միության նկատի ունեմ, տարբեր պրոցեսներ են եղել:

Հիմա մենք պետք է սկզբունք որդեգրենք, թե ի՞նչ սկզբունքով ենք սահմանազատումն իրականացնում, մենք այդ տարբեր տրցակներից վերցնում ենք այն թղթապանակները, որոնք իրար հետ, այսպես ասած, լեգիտիմ կապ ունեն, և այդ լեգիտիմ կապով մենք ոչ թե մի առանձին վերցրած հատվածի խնդրի տրամաբանությամբ ենք նայում, այլ նայումե նք մեր տրամաբանությամբ, որ մեր սահմանի ամբողջ երկայնքի լեգիտիմ վերարտադրումը կարողանանք արտաբերել:

Այսինքն՝ այս է պատճառը, որ այստեղ կարող է որոշակի շերտեր առաջանան, այդ թվում՝ հանրային կոմունիկացիայի առումով, որ կառավարությունն ունենա կաշկանդվածություններ՝ պատասխանելու հարցին, բա այս ծառն ի՞նչ եղավ, բա այս քարն ի՞նչ եղավ, որովհետև այդ ծառը և քարը մենք դիտարկում ենք ուրիշ այլ բազմաթիվ ծառերի և քարերի հետ նույն շղթայի մեջ, և մեզ համար կարևոր է ստեղծել լեգիտիմ հենքով գիծ, որ այս բոլոր քարերը և ծառերը միացնեն իրար, սահման նկատի ունեմ, որ Հայաստանի Հանրապետության շուրջ լեգիտիմ միջազգային իրավունքով ամրագրված սահման ձևավորվի, ավելի ճիշտ՝ վերարտադրվի այդ սահմանը»,- ասաց վարչապետը:

2022թ. հոկտեմբերի 6-ին մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչելու վերաբերյալ, և որ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է դրվի սահմանազատման գործընթացի հիմքում: Հիմա շատ կարևոր է, որ մենք նաև գործնականում ի ցույց դնենք մեր հավատարմությունն այդ գործընթացին, իհարկե կարևոր է, որ Ադրբեջանը նույնպես դա ի ցույց դնի:

«Հիմա գիտեք, որ նույնիսկ այդ գործընթացից առաջ եղել է Ադրբեջանի համար որպես խաղաթուղթ և որպես փաստարկ 4 գյուղերի փաստը և փաստարկը, և ես առիթ ունեցել եմ ասելու, որ շատերն ասում են՝ որ մենք Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ, ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ քաղաքականությունը միջազգայնորեն լեգիտիմացնելու, չակերտներով կամ առանց չակերտների, լեգիտիմացնելու առումով:

Ես ուզում եմ այս նրբությունը մենք ճիշտ հասկանանք, որովհետև մենք ի՞նչ խնդիր ունենք։ Այս պատմությունը որևէ կերպ չի կարելի կտրված դիտարկել 2020թ. իրադարձություններից և փորձից, որովհետև ես՝ անձամբ որպես այս ամենի պատասխանատվությունը կրող անձ և պաշտոնյա, ուզում եմ նաև դա ընդգծել: Ես ամենևին չեմ մոռացել այն քննադատությունները, որ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո հնչում էին:

Նկատի ունեմ հետևյալը՝ նրանք ասում էին, որ շատ է հնչել քննադատությունը, թե իշխանությունը պարտավոր էր քայլեր ձեռնարկել պատերազմը կանխելու համար: Կա՞ր արդյոք տարբերակ պատերազմը կանխելու: Ես ասում էի՝ այո՛, կար տարբերակ պատերազմը կանխելու, դրա համար մենք պետք է համաձայնեինք՝ հայկական կողմը, վերադարձնել Ադրբեջանի 7 շրջանները, համաձայնել ԼՂ ընթացիկ կարգավիճակի լուծարմանը, համաձայնել, որ ԼՂ-ն հայ-ադրբեջանական բնակչություն ունեցող միավոր է, համաձայնել, որ Լեռնային Ղարաբաղը հայ-ադրբեջանական կառավարման ներքո է, այսինքն՝ իշխանության մեջ են ոչ միայն հայեր, այլև ադրբեջանցիներ, և նրանք համատեղ են կառավարում՝ խորհրդարանական մակարդակից սկսած, եթե իհարկե համաձայնություն լիներ Խորհրդարանի գոյության մասին և այլն, և այդպես շարունակ:

Եվ այն ժամանակ մարդիկ ասում էին, գիտեք ի՞նչ, մենք այդքան տեղեկատվություն չունեինք, դուք ունեիք այդ տեղեկատվությունը, դուք կայացնեիք տեղեկատվությունից բխող որոշումներ, որովհետև դա Ձեր աշխատանքն էր, դա Ձեր պատասխանատվությունն էր: Իհարկե, ես դրան փաստարկ, հակափաստարկ, ինչ ունեմ ներկայացրել եմ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում, բայց այդ բոլոր ուղերձները, որոնք, այդ թվում՝ ընդդիմության ուղերձն էին, որոնք, այդ թվում՝ հանրության ուղերձներն էին, այդ բոլոր ուղերձները ես ի գիտություն եմ ընդունել, և հիմա իմ ունեցած ամբողջական տեղեկատվության հիման վրա, որոնք, ընդ որում՝ ուզում եմ ասել, այդ տեղեկատվության մեջ շատ գերգաղտնի բաներ չկան, որովհետև ժամանակակից աշխարհում տեղեկությունները բաց են, այլ բան, թե ինչ հերթականությամբ և ինչ պատկերով են այդ տեղեկությունները դասավորվում այն պաշտոնյայի սեղանին, ով այդ ամեն ինչի հետ ամենօրյա ռեժիմով աշխատում է:

Եվ մենք կայացնում ենք այս որոշումները: Բայց ես ուզում եմ նաև հետևյալն ասել, իմ համոզմունքն արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության զարգացման մի շատ կարևոր անկյունաքար է դրվում, և կարծում եմ՝ սա շատ կարևոր պրոցես է, շատ կարևոր իրադարձություն է: Ես չեմ ուզում բարձրագոչ բաներ ասել, բայց սա անկյունաքար է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, անվտանգությանը և հետագա զարգացմանը, ընդ որում՝ մեր պետության երկարաժամկետ գոյության համար։

Ես մի քանի անգամ՝ 2020, 2021, 2022 թվականներին ասել եմ, որ առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն, և եթե մենք առաջիկա տարիներին կարողանանք պահպանել մեր պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը՝ կկարողանանք երաշխավորել, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանի Հանրապետություն, անկախ պետությունը գոյություն կունենա: Հենց հիմա ձեր աչքի առաջ դա է տեղի ունենում»,- ասաց վարչապետը: