27/07/2024

Շանտաժի քաղաքականության լեգիտիմացում

Հայաստանի խորհրդարանի կառավարող մեծամասնության ներկայացուցիչներից ոմանք հայտարարում են, որ «4 գյուղերը» Ադրբեջանի հարձակման «վերջին լեգիտիմ փաստարկն» է, որից էլ, ըստ իրենց, զրկվում է Բաքուն ապրիլի 19-ի պայմանավորվածությամբ:

Հայաստանի խորհրդարանի մեծամասնության ներկայացուցիչները փաստորեն անում են հայտարարություններ, որոնք ըստ էության «լեգիտիմացնում» են Բաքվի նախորդ հարձակումները, որոնց հետեւանքով ադրբեջանական զինուժը գրավել է Հայաստանի տարածքը: Ի՞նչ է նշանակում «վերջին լեգիտիմ փաստարկ»:

Նշանակում է, որ եղել են այլ լեգիտիմ փաստարկներ: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Հայաստանի խորհրդարանի կառավարող կուսակցության ներկայացուցիչները կամա, թե ակամա հայտարարում են, որ Ադրբեջանը ունեցել է նախորդ հարձակումների «լեգիտիմ փաստարկ», եւ սա հիմա՝ «վերջինն» է:

Մի կողմ թողնենք այն, թե որքանով է այդ գնահատականը ընդհանրապես համարժեք առկա իրողություններին, որոնք գոյություն ունեն թե Կովկասում, թե անվտանգության միջազգային համակարգում ընդհանրապես: Վերադառնանք «լեգիտիմ փաստարկ»-ին առհասարակ:

Առհասարակ, որեւէ երկիր չունի որեւէ այլ երկրի վրա հարձակման լեգիտիմ որեւէ փաստարկ: Սա թերեւս պետք է ի գիտություն ընդունեն բոլոր այն գործիչները, որոնք չունեն ադրբեջանական ագրեսիան որեւէ կերպ արդարացնելու դիտավորություն: Ուժի կիրառման բացառման, ուժի կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքը միջազգային կարեւորագույն սկզբունքներից մեկն է, որ ամրագրված է ՄԱԿ կանոնադրությամբ, Հելսինկյան Եզրափակիչ ակտով, ու նաեւ՝ Հայաստանի կառավարող մեծամասնության այդքան «ցիտած»՝ Ալմաթիի 1991 թվականի հռչակագրով:

Եթե անգամ որեւէ պետություն համարում է, որ այլ երկիր զբաղեցրել է իրեն պատկանող տարածք, հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով եւ դա է ամրագրվախ միջազգային բոլոր լեգիտիմ փաստաթղթերում, ի դեպ նաեւ՝ Եվրոպայի Խորհրդում, որին Հայաստանն ու Ադրբեջանը անդամակցել են ուժի կկիրառման կամ դրա սպառնալիքի բացառման պարտավորությամբ:

Հետեւաբար, թե Ադրբեջանը, թե որեւէ այլ երկիր չի կարող ունենալ մյուսի վրա հարձակվելու «լեգիտիմ փաստարկ»: Իսկ, եթե փաստարկը ուժն է, ապա այդ դեպքում, ոչ թե 4, այլ 104 «գյուղ» հանձնելու պարագայում անգամ պահպանվելու է իրերի այն դրությունը, երբ հարցերը լուծվելու են կամ ուժով, կամ ուժի վրա հիմնված շանտաժով: Եվ այստեղ է գոյություն ունեցող իրավիճակի ամբողջ խնդիրը՝ շանտաժի քաղաքականության լեգիտիմացում: