27/07/2024

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել էր «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Սա ավելի է սրել երկրում ծայր առած բողոքի ալիքը։

Ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները։ Վրաստանի անվտանգության ուժերը պղպեղի սփրեյ են օգտագործել ցուցարարների դեմ։

Ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, որին դեմ են արտահայտվել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները՝ այն համարելով Եվրամիությանը՝ հանրապետության ինտեգրման խոչընդոտ։

Ապրիլի 15-ից Թբիլիսիում ընդդիմադիրներն ու քաղաքացիական ակտիվիստները բողոքի ակցիաներ են անցկացնում օրինագծի դեմ։

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը կարագացնի Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին։

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վարչապետը նաև հավելել է, որ օրենքը կարևոր ներդրում կունենա պետական ինքնիշխանության ամրապնդման գործում և կկանխի «քաղաքական փոքրամասնության բռնի գործողությունները»։

«Մենք, իհարկե, կընդունենք այս օրենքը, կլինեն անհարմարություններ, որոնք կտևեն մի քանի օր, բայց երկարաժամկետ հեռանկարում մենք տարիներով կապահովագրենք երկիրը բևեռացումից և արմատականությունից»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի խորհրդարանում լիագումար նիստի մեկնարկից առաջ, որտեղ պետք է շարունակվեր «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի քննարկումը, ընդդիմության և խորհրդարանական մեծամասնության անդամների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել:

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։

Փաստաթղթի օգտին քվեարկել են 150 պատգամավորներից 83-ը՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության և նրանց դաշնակիցների ներկայացուցիչները։ Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի խորհրդարանում լիագումար նիստի մեկնարկից առաջ, որտեղ պետք է շարունակվեր «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի քննարկումը, ընդդիմության և խորհրդարանական մեծամասնության անդամների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել:

«Վրաստանում վերջին օրերին այդքան քննարկվող նախագիծը կոչվում է ոչ թե «Օտարերկրյա գործակալների մասին», այլ «Օտարերկրյա ազդեցության մասին» նախագիծ: Պիտակավորման այդ մասը գոյություն չունի, և ընդդիմության բրենդինգի շնորհիվ է այն, այսպես ասած, ռուսականացվել: Ռուսականացնելը Վրաստանի քաղաքական գործընթացների մի մասն է. երբ ինչ-որ բան դուր չի գալիս ընդդիմությանը, կամ այլ քաղաքական ուժերի, ապա այդ ամենը պիտակավորում են «ռուս», «ռուսական» պիտակներով»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով Վրաստանում կրքեր բորբոքած նախագծին:

Վերջինս առավել մանրամասնում է, թե ինչ է ենթադրում այս նախագիծը. «Որոշ կոսմետիկ փոփոխություններից հետո սա օրենքն ընդունելու երկրորդ փորձն է, որը նախատեսում է, որ այն լրատվամիջոցներն ու ՀԿ-ները, որոնք տարվա ընթացքում իրենց բյուջեի 20 տոկոսից ավելին ստանում են օտար երկրներից՝ լինի դեսպանատուն, միջազգային դոնոր կազմակերպություններ, թե պետություններ, պետք է այդ կառույցները գրանցվեն ռեեստրում և որոշ հաշվետվություններ ներկայացնեն: Դե ֆակտո, եթե ֆինանսավորում է ստացվում որևէ երկրից կամ կառույցից, պարզ է, որ այդ կառույցը, կամ երկիրը կարող է որոշակի ազդեցություն ունենալ ներքաղաքական կյանքի վրա, ու կապ չունի՝ Ադրբեջանն է, «Սոկարը», ամերիկյան USAID-ը, թե ռուսական հիմնադրամներից որևէ մեկը»:

Ըստ վրացագետի՝ հենց սրա դեմ է փորձում պայքարել իշխանությունը, ընդդիմությունն էլ փորձում է նախընտրական շրջանում ընդվզում բարձրացնել, որտեղ շատ լուրջ ռիսկեր կան:

«Իշխանությունների վրա ճնշումներ կան թե՛ երկրի ներսից, թե՛ դրսից: Այսօր Վրաստանը փորձում է ինքնիշխանության և անկախության ուղով գնալ, և այս պրոցեսը դրա հետ է կապված: Իրենք չեն հրաժարվում Եվրոատլանտյան ուղղությունից, բայց ուզում են իրենց ներքին հարցերը ինքնուրույն լուծել: Ուստի Հայաստանը, որը ևս գնում է այդ ուղով, ավելի հստակ և ճիշտ ընկալումներ պիտի ունենա այս բոլոր պրոցեսների վերաբերյալ: Ի վերջո, բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները, անկախ նրանից՝ սիրո՞ւմ ենք, թե՞ ոչ, իրենց շահերն ունեն մեր տարածաշրջանում, և գալիս է մի պահ, որ այն կենտրոնները, որոնք քեզ երկար տարիներ աջակցում են, ունեն մի օրակարգ, որը քո ազգային շահերի հետ չի համընկնում, և այս պարագայում Վրաստանում հենց այդպես եղավ»,- ասում է վրացագետը:

Ըստ նրա՝ սա Արևմուտքի դեմ կամ Արևմուտքից հեռանալուն նպաստող նախագիծ չէ. ԵՄ մի շարք երկրներ էլ ունեն նման օրենսդրական նախաձեռնություններ, կամ օրենքներ, պարզապես Վրաստանում այս իշխանությունները Բրյուսելի տեսանկյունից այդքան էլ վստահելի չեն, այն քայլերը չեն անում, որոնք պետք են նրան:

«Պետք է հստակ հասկանալ, որ ձգտելով դեպի ԵՄ և ՆԱՏՕ՝ Վրաստանը չպետք է այնտեղից եկող բոլոր նախաձեռնություններին աջակցի և իր ազգային շահերին դեմ գնա: Այս համատեքստում Արևմուտքի համար այս իշխանությունները այդքան էլ հարմար չեն, և իրենց ավելի ձեռնտու է այսօրվա ընդդիմությունը, որն ավելի ակտիվ կլինի Արևմուտքի՝ հակառուսական օրակարգում, ու կապ չունի, թե դրա համար Վրաստանն ինչ գին կվճարի»,- ասում է Ջոնի Մելիքյանը:

Վերջինս նկատում է՝ այս պրոցեսը կարևոր է նաև Հայաստանի համար՝ տեսնելու, թե ինչ խնդիրներ կարող են լինել ԵՄ-ի հետ հետագա հարաբերություններում, երբ ինչ-որ հարցում Բրյուսելի և Երևանի շահերը չհամընկնեն: Միաժամանակ, ըստ վրացագետի, Վրաստանում տեղի ունեցող այս պրոցեսները կարող են նաև ազդեցություն ունենալ տարածաշրջանի ու նաև Հայաստանի վրա. «Եթե նեգատիվ սցենարներ տեղի ունենան՝ իշխանափոխություն, հեղափոխություն և այլն, ապա բավականին լուրջ ռիսկեր կարող են առաջանալ: Այս բոլոր բողոքական պրոցեսների շարժիչ ուժը «Վրաստանի միացյալ շարժում»-ն է, որի լիդերը Միխեիլ Սաակաշվիլին է, որը բաց տեքստով ամիսների ընթացքում աջակցել է մեր հարևան Ադրբեջանին, գովել Իլհամ Ալիևին: Դեռևս դիվերսիֆիկացիայի պրոցեսում, որևէ բանի չհասած՝ մեզ համար բավականին լուրջ ռիսկեր կարող են լինել: Եթե էլ ավելի վատանան ռուս-վրացական հարաբերությունները, եթե սադրանքներ լինեն, Լարսը փակվի, բավականին լուրջ հարված կլինի նաև մեր տնտեսության համար»:

Ըստ զրուցակցի՝ Հայաստանի՝ ԵՄ-ի հետ մոտենալու, արտաքին կապերը դիվերսիֆիկացնելու ճանապարհին շատ կարևոր է երկու բաղադրիչ, որ Վրաստանը լինի արևմտամետ և ունենա կայուն հարաբերություններ ՌԴ-ի հետ՝ ավանդական շուկան, առևտուրը, տնտեսությունը պահելու իմաստով:

«Հիմա, եթե ՌԴ-ի հետ բախումներ ու սադրանքներ լինեն, այդ ամենը բավականին բացասական կազդի մեզ վրա, և ինչ-որ չափով կտա շանս մեր հակառակորդին հերթական ագրեսիաների դիմելու, քանի որ էլ ավելի խառը կլինի իրավիճակը տարածաշրջանում: Ուստի ռիսկերը բավականին մեծ են, և այն ամենը, ինչ տեղի է ունենում Թբիլիսիի կենտրոնում այս օրերին, իմ կարծիքով՝ շատ լուրջ ազդելու է տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վրա»,- ասում է զրուցակիցը:

Կրկին խոսելով նախագծի մասին՝ փորձագետն ասում է՝ այն ներկայացվում է բացասական լույսի ներքո, սակայն իրականում ուղիղ կապ ունի Վրաստանի սուվերենության հետ:

«Իրենք ուզում են լինել Եվրոպայում, բայց նաև ուզում են, որ Բրյուսելը իրենց ներքին սուվերենությանը չհարվածի, չասեն, որ Սահակաշվիլին քաղբանտարկյալ է: Շատ հարցեր կան երկրի ներսում, որ դրսի ազդեցությունը բավականին մեծ է, և դրա համար են այսօրվա իշխանությունները գնում այս ուղով: Կհաջողե՞ն, թե՞ ոչ, կախված է նրանից, թե փողոցային պայքարի փուլում ինչ իրավիճակ կստեղծվի: Եթե որևէ արտառոց բան տեղի չունենա, մարդիկ չզոհվեն այնտեղ, ինչը կարող է իշխանությունների դեմ օգտագործվել, Մայդանի սցենարը տեղի չի ունենա: Սակայն եթե երկրի ներսում և դրսում փորձեն իրավիճակը լարել, ապա կարող է «Մայդան»-ի սցենարը կրկնվել, ինչը բավականին լուրջ խնդիրներ կառաջացնի թե՛ Վրաստանի, թե՛ տարածաշրջանի համար»,- ասում է վրացագետը:

Նա այն համոզմանն է, որ Վրաստանի ներքին կայունությունը, անվտանգությունը Հայաստանի շահերից է բխում, ու ոչ թե այս պրոցեսներով պետք է «հիանալ», այլ ցույց տալ, որ մեզ համար կարևոր է երկրի կայունությունը, սուվերենությունը և Վրաստանի Եվրաատլանտյան ինտեգրումը: