15/10/2024

Ֆրանսիան ՀՀ իշխանություններից առավել մտահոգ է, սակայն եկե՞լ է ձերբազատման ժամանակը

Ֆրանսիայի դեսպանը Փարիզում խորհրդակցություններից հետո վերադարձել է Բաքու եւ շարունակում է գործունեությունը, հայտնում են Բաքվի լրատվամիջոցները:

Ֆրանսիայի դեսպանը խորհրդակցությունների համար Փարիզ էր կանչվել շաբաթներ առաջ, որտեղ նա հանդիպել էր ընդհուպ նախագահ Մակրոնի հետ: Ֆրանսիայի դեսպանի վերադարձը նշանակու՞մ է ֆրանս-ադրբեջանական առճակատման չեզոքացման կամ սառեցման մեկնարկ, թե՞ ոչ: Եթե Ֆրանսիայի դեսպանը վերադառնում է Բաքու, ապա նշանակում է, որ Ադրբեջանը «հաղթեց», առնվազն այս ռաունդը:

Մյուս կողմից, չվերադառնալու պարագայում էլ ստացվելու էր, որ հաղթեց Ադրբեջանը, քանի որ Ֆրանսիային ներքաշեց իր «քաշային կատեգորիայի» հետ դիմակայության՝ ՄԱԿ ԱԽ անդամ միջուկային տերությանը: Այդպիսով, հնարավոր է եզրակացնել, որ Բաքվի միջոցով հաջողվեց առնվազն փոքր, թեկուզ ժամանակավոր, բայց ծուղակ ստեղծել Ֆրանսիայի համար, եւ ոչ միայն Կովկասում: Վերադարձնելով դեսպանին Բաքու, Փարիզը գուցե փորձում է սկսել ծուղակը հաղթահարելու գործընթաց: Դրա համար, որքան էլ չհնչի տարօրինակ, անհրաժեշտ է դուրս գալ Ադրբեջանի հետ առճակատման ռեժիմից:

Իհարկե, այդ ռեժիմը բավականին լիկվիդային է հատկապես Հայաստանում, որտեղ Ֆրանսիան ակնհայտորեն փորձում է հնարավորինս ընդգրկուն տիրել, գերել հայ հանրության հոգին ու սիրտը: Բայց, հաջողելով այդ գործում, Փարիզը կարող է ձախողել ռեգիոնալ դերը: Մինչդեռ Հայաստանի համար արժեքավոր կարող է լինել հենց այդ: Ֆրանսիա, որը Կովկասում է իր աշխարհաքաղաքական բարձրության վրա, այլ ոչ թե իբրեւ Ադրբեջանի հետ հարաբերություններ պարզող նախկին «ծանր քաշային»:

Հակառակ պարագայում, Ֆրանսիան ստիպված է լինելու ընդամենը «պատսպարվել» Հայաստանում, փորձելով այդ կերպ խաղալ ընդամենը «խանգարելու» վրա, այլ ոչ ռեգիոնալ անվտանգության նոր ճարտարապետությանը հիմնարար կերպով նպաստելու, ինչը բնականաբար կարող է բերել նաեւ Ֆրանսիայի միջազգային դերի վերբեռնմանը:

Այստեղ սակայն Փարիզը թերեւս բավականին հակասական իրավիճակի առաջ է եւ ստիպված պետք է լինի կայացնել նոր որոշումներ, որոնք իրենց էության մեջ կլինեն առավել ոչ պոպուլյար, քան օրինակ քաղաքական ամբարտավանության չափերն անցած Ադրբեջան Ֆրանսիայի դեսպանի վերադարձի մասին որոշումը: