«Հայաստանում ներդրված նոր QR կոդերի համակարգը իր հետեւից բերելու է ՀՀ-ում արտադրված եւ ՀՀ ներմուծված մի շարք ապրանքատեսակների թանկացման: Իսկ գոյացած գումարի կեսը գնալու է, РБК-ի տվյալներով, ուզբեկ բիզնես մագնատ Ալիշեր Ուսմանովին: Տարբեր տեղեկությունների համաձայն` Ուսմանովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընկերն է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իսկ հիմա ամեն ինչի մասին՝ հերթով: Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության հովանավորությամբ նոր գագիկխաչատրյաններ են ծնվում, որոնք հարստանում են հենց պետության հաշվին՝ առանց լուրջ ջանքեր գործադրելու:
Իբրեւ ԵԱՏՄ անդամ երկիր Հայաստանը ենթարկվում է վերպետական այդ կառույցի կանոններին, որոնցից մեկը ապրանքների նույնականացման համակարգն է: Հայաստանում այսօր ծխախոտը, ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքները, այդ թվում՝ գարեջուրը, ջուրը, տեխնիկայից` դյուրակիր համակարգիչներն ու բջջային հեռախոսներն արդեն վաճառվում են QR կոդով։ Իսկ ո՞վ է QR կոդերն արտադրող բիզնեսմենը, որը ահռելի գումարներ է աշխատելու:
Ապրանքների դրոշմավորման համար ՀՀ կառավարությունն ազգային օպերատոր է ընտրել, որին տրվել է ապրանքների նույնականացման բացառիկ իրավունքը։ «Հետքը» դեռ այս տարվա հունվարին հրապարակել էր` 1 հատ QR կոդն արժե 4.2 դրամ, իսկ տպագրությունը՝ 2.2 դրամ։ Առանց արտադրական պրոցեսում առաջացած այլ ծախսերի՝ միայն QR ստանալու եւ 1 միավոր ապրանքի վրա փակցնելու համար տնտեսվարողը վճարում է 6.4 դրամ։ Օրինակ՝ նախորդ տարվա 11 ամսում Հայաստանում շշալցվել է 53 միլիոն լիտր ջուր։ Եթե հաշվենք, որ արտադրված ջուրը շշալցվել է 1-ական լիտր ծավալով տարաներում, ապա ստացվում է, որ 53 միլիոն հատ QR կոդ է ստացվել, որն արժե 222 միլիոն դրամ (550 հազար ԱՄՆ դոլար՝ առանց տպագրական ծախսի): Նկատեցի՞ք, սա միայն 11 ամսվա եւ միայն շշալցված ջրերի վրա փակցված QR կոդից գոյացած գումարի չափն է, որի ուղիղ կեսը՝ 111 մլն դրամը գնալու է ուզբեկ մեծահարուստի գրպանը` մոտ 270 հազար ԱՄՆ դոլար։ Ջրերի նոր QR կոդի կիրառումը սկսվելու է մայիսի 1-ից: Իսկ ո՞վ է այս նոր խոշոր բիզնեսի հայ գործընկերը, որը ուզբեկ գործարարի հետ, կառավարության որոշմամբ, 2020 թվականի դեկտեմբերին դարձել է ազգային օպերատոր:
QR կոդի բիզնեսը, ըստ «Հետքի», պատկանում է կոնսորցիումով հանդես եկող` «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ին: Այդ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թ .-ին, 50/50 «փայերով» երկու բաժնետեր ունի՝ Ռուսաստանում գրանցված` ‘Центр развития перспективных технологий” ՍՊԸ-ն եւ Հայաստանում հիմնադրված «Ֆրուկտուս» ՍՊԸ-ն։ «Ֆրուկտուս» ՍՊԸ-ի 100% բաժնետերը Նարեկ Սեդրակի Եսայանն է. ոչ թե «Թիմ տելեկոմի» Եսայան եղբայրները, այլ նրանց ազգականն է Նարեկը` մերօրյա գագիկխաչատրյանը, որը, QR կոդերի պետական հովանավորությամբ ստեղծված գերեկամտաբեր բիզնեսով, շուտով մուլտի միլիարդատեր է դառնալու:
ՍՊԸ-ի մյուս բաժնետերը՝ ‘Центр развития перспективных технологий” ՍՊԸ-ն, ռուսական РБК-ի փոխանցմամբ, կապվում է ուզբեկական ծագմամբ ուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի հետ: QR կոդերից ստացված գումարի ուղիղ կեսը գնալու է նրան՝ Իլհամ Ալիեւի ընկերոջը: Forbes-ը հրապարակել է, որ Գերմանիայի իշխանությունները Համբուրգում կալանքի տակ են վերցրել պատժամիջոցների տակ ընկած ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի` 156 մետր երկարությամբ «Դիլբար» շքեղ զբոսանավը, որը գնահատվում է 600 միլիոն դոլար։ Այսինքն՝ մի կողմից Նիկոլ Փաշինյանը հակադրվում է Ռուսաստանի Դաշնությանը, մյուս կողմից ՌԴ օլիգարխին դարձրել է ազգային օպերատոր:
Հետաքննությունը շարունակվում է»:
Բաց մի թողեք
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են
Աշխատանքի հերթական իմիտացիան՝ Փաշինյանի հանձնարարությամբ