27/07/2024

Ադրբեջանի նախագահը աշխարհաքաղաքական «դեռահասի» դիրքից մտադիր չէ պոկվել Ֆրանսիայից

Ադրբեջանի նախագահ Ալիեւը ոչ մի կերպ չի ուզում «բաց թողնել» Ֆրանսիայի նախագահ Մակրոնին:

Ալիեւը հերթական անգամ հայտարարել է, թե միջազգային հանրությունը չպետք է թույլ տա նոր գաղութատիրություն, իսկ գաղութատիրական վարքագծի համար մեղադրել է Ֆրանսիային՝ իր անդրծովյան տարածքներում:

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նույնիսկ բացահայտ կերպով ստանձնել է Նոր Կալեդոնիայի «ազատարարի» կարգավիճակը, թեեւ Բաքվին անշուշտ հետաքրքրում է ոչ թե Կալեդոնիայի ճակատագիրը, այլ սեփական հարցերը:

Ինչպես արդեն նշել եմ, Բաքուն փաստացի դիվանագիտական-քաղաքական պատերազմ է հայտարարել Ֆրանսիային, ձգտելով այդ կերպ լուծել մի քանի հարց: Նախ, այդ «պատերազմը» վաճառքի հանել աշխարհաքաղաքական շուկայում, գնորդ փնտրելով Ֆրանսիայի մրցակից սուբյեկտների շրջանում:

Դրանից բացի, Ալիեւն այդպիսով փորձում է ձեռք բերել ռեգիոնալ խոշոր խաղացողի կարգավիճակ՝ մարտահրավեր նետելով ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամ երկրներից, միջուկային տերություններից մեկին:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Բաքու եւ շարունակում է աշխատանքը: Փարիզը նրան շաբաթներ առաջ հետ էր կանչել խորհրդակցությունների համար, դեսպանի հետ խոսել էր ընդհուպ նախագահ Մակրոնը:

Դեսպանի վերադարձը Բաքու, ինչպես նաեւ խորհրդակցոությունների ընթացքում Ֆրանսիայի հռետորաբանության զսպվածությունը հուշում են, որ Փարիզը կարծես թե կայացրել է Ադրբեջանի հետ «կռիվ-կռիվ» չխաղալու որոշում, խուսափելով այն թակարդից, որ հյուսվում է այդ խաղով:

Եթե մի փոքր կենցաղայնացնենք իրավիճակը, ապա պատկերացրեք, թե ինչպիսի վերաբերմունքի կարող է արժանանալ հասուն, սոլիդ, կայացած տղամարդը, եթե պարբերական կռիվների մեջ լինի որեւէ թաղամասի կամ փողոցի դեռահասների խմբի կամ նրանցից որեւէ մեկի հետ:

Սա փոքր ինչ կոպիտ համեմատություն է, քանի որ կենցաղն ու համաշխարհային քաղաքականությունը նույնական չեն, սակայն այդուհանդերձ, հարաբերությունների մոդելավորումը ունի ընդհանուր սկզբունքներ:

Եվ փոխարենը, կարելի է պատկերացնել դեռահասին, որին հաջողվել է դառնալ կայացած, սոլիդ տղամարդու մրցակից: Ադրբեջանի նախագահը աշխարհաքաղաքական «դեռահասի» դիրքից որեւէ կերպ մտադիր չէ պոկվել Ֆրանսիայից: Դա մտորելու թեմա է նաեւ Հայաստանի համար: