18/05/2024

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Ռուս լրագրող Ալեքսեյ Վենեդիկտովը կարծում է, որ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ անվտանգության հստակ մեխանիզմներ կարող են կառուցել կա՛մ մեծ գերտերությունները՝ շատ հստակ դիտորդական, հետևողական մանդատով, կա՛մ հենց իրենք՝ այս հակամարտության մասնակիցները։

Այս մասին նա ասել է Factor.am-ի հետ հարցազրույցում՝ նշելով, որ ՀՀ վարչապետը հայտնվել է վատի և շատ վատի միջև ընտրության առջև ու միաժամանակ ներկայացրել մի ուշագրավ ու տարիների վաղեմություն ունեցող պատմություն: Հարցազրույցի այդ հատվածը ներկայացնում ենք ստորև.

«Կարո՞ղ են Հայաստանի ներկայիս ղեկավարությունը և Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը, ում ուզում եք՝ Մոնակոյի, Լյուքսեմբուրգի կամ Զիմբաբվեի, կամ թեկուզ մարսեցիների միջնորդությամբ, ինչ-որ կերպ կառուցել անվտանգության մեխանիզմներ:

Իսկապես, ո՞վ և ինչպե՞ս կարող է երաշխավորել անվտանգությունը։ Դա կարող են անել կա՛մ մեծ գերտերությունները՝ շատ հստակ դիտորդական, հետևողական մանդատով, կա՛մ հենց իրենք՝ այս հակամարտության մասնակիցները։

Դե, այսօր վարչապետ Փաշինյանն է այնտեղ:

Գիտե՞ք, ես ձեզ մի պատմություն կպատմեմ, որը ձեզ դուր չի գա։ Ուրեմն, դա Դավոսում էր, հավանաբար 2000-ականները։ Ես Դավոսում հավատարմագրված թղթակից եմ։ Ես քայլում եմ և հանկարծ լսում եմ՝ «Ալեքսե՛յ»: Տեսնում եմ՝ Հեյդար Ալիևիչը (Ադրբեջանի նախկին նախագահ, Իլհամ Ալիևի հայրը-ԽՄԲ) նստած է սեղանի շուրջ և սուրճ է խմում, ասում է՝ նստիր։ Անվտանգության աշխատակիցը աթոռ է հրում հետույքիս տակ։

Նստում եմ ու հայտնվում Հեյդար Ալիևիչի ու Ռոբերտ Քոչարյանի արանքում, երբ շրջվում եմ դեպի աջ, ու՝ «օյ»:

Իսկ Հեյդար Ալիևիչն ինձ ասում է՝ հիշիր. Իսկ մենք ծանոթ էինք, երբ նա Մոսկվայում թոշակառու էր, ինչպես ասում են, նկատի ունեմ՝ Հեյդարին։ Ասում է՝ հիշիր, Ռոբիկ, ես նրան էի խորհուրդ տալիս կուսակցության համար: Ամեն ինչ հասկացա՞ր, դե հիմա գնա։

Հասկանու՞մ եք, չէ՞։ Ու ես լրիվ ապշած էի։ Այսպիսին է մեր աշխարհը, հասկանո՞ւմ եք, չէ՞։ Ամբողջովին շշմած՝ վերջացրեցի սուրճս ու քամուց քշված գնացի։

Եվ ահա, եկել է ևս մեկ սերունդ։ Քաղաքական գործիչների հերթական սերունդն է եկել, որը նման կապեր չունի։ Որի հետևում արդեն երկու Ղարաբաղյան պատերազմ է, վերջինները, նկատի ունեմ: Ո՞րն է լավ վերջաբանը, ո՞ւմ համար է այն լավ: Այն, ինչ դու լավ ես համարում, քո հարևանը վատ է համարում, և հակառակը: Եվ այս անվտանգության պատմությունը, իմ կարծիքով, շատ կարևոր է։ Ինչո՞ւ։

Ես իսկապես ցավում եմ ձեր վարչապետի համար, ով ինքն է ստիպված լինելու հենց կայացնել որոշումներ, որոնք, դե, վերջնագրի ակնարկ պարունակեն»։