23/12/2024

Էրդողանի խաղերը Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ութ տարվա մեջ առաջին անգամ հանդիպում է ունեցել ընդդիմության առաջնորդի՝ Օզգյու Օզելի հետ, որը Թուրքիայի առաջատար ընդդիմադիր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության նախագահն է:

Այդ կուսակցությունը բոլորովին վերջերս հաղթեց Էրդողանի առաջնորդած կառավարող ուժին ՏԻՄ ընտրություններում: Էրդողանը մեկուկես ժամ փակ հանդիպում է ունեցել ընդդիմության առաջնորդի հետ: Ըստ մամուլի, այդ հանդիպման օրակարգում է եղել սահմանադրական փոփոխությունների հարցը:

Ինչպես հայտնի է, Էրդողանը 2017 թվականի փոփոխությամբ Թուրքիայում հաստատեց նախագահական ուժեղ կառավարում, իսկ ընդդիմադիր ուժի դիրքորոշումը խորհրդարանական կառավարման մոդելն է: Ութ տարվա մեջ առաջին անգամ ընդդիմության առաջնորդի հետ Էրդողանի հանդիպումը վկայում է, որ թերեւս կան էական անհրաժեշտություններ, եւ հազիվ թե դրանք կապված լինեն լոկ սահմանադրության հետ:

Այստեղ թերեւս ուշագրավ է հանգամանքը, որ այդ տեղեկությունից մեկ-երկու ժամ առաջ Բլումբերգ գործակալությունը տարածեց տեղեկություն, որ Թուրքիան կայացրել է Իսրայելի հետ առեւտուրը լիովին դադարեցնելու որոշում: Ըստ այդ տեղեկության, Թուրքիան դադարեցնում է թե արտահանումը Իսրայել, թե ներկրումը Իսրայելից:

Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ տարեկան ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 3 միլիարդ դոլար: Հատկապես այն բանից հետո, երբ Եմենի հութիները փակեցին Կարմիր ծովի մուտքը Իսրայել ուղեւորվող նավերի համար, Թուրքիայից արտահանումը Թել Ավիվի համար ստացավ ավելի մեծ նշանակություն:

Եվ չնայած Իսրայելի իշխանության, մասնավորապես Նաթանյահուի հասցեին Թուրքիայի նախագահի կոշտ հռետորաբանությանը, առեւտուրը երկու երկրների միջեւ շարունակվում էր: Այժմ հայտնի է դառնում, որ այն լիովին դադարում է Թուրքիայի որոշմամբ:

Պաշտոնական մեկնաբանություն Անկարան գոնե այս պահի դրությամբ չի արել: Միեւնույն ժամանակ ուշագրավ է հանգամանքը, որ նախօօրեին արտգործնախարար Ֆիդանը հայտարարել էր, որ Թուրքիան միանալու է Հաագայի քրեական դատարանում Իսրայելի վարչապետ Նաթանյահուի դեմ Հարավաֆրիկյան հանրապետության ներկայացրած հայցի պաշտպանությանը:

Ահա այս պայմաններում Էրդողանը ութ տարիների ընթացքում առաջին անգամ փակ հանդիպում է անցկացնում ընդդիմության առաջննորդի հետ, առնվազն հարց առաջացնելով՝ արդյո՞ք Էրդողանը կայացրել է որոշում, որի համար պահանջվում է կամ ընդդիմության հավանությունը եւս, կամ ընդդիմությանը կոշտ զգուշացում, որ որոշմանը խոչընդոտելու պարագայում կլինի շատ կոշտ արձագանք:

Ընդ որում, հատկանշական է նաեւ, որ դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Էրդողանը հետաձգեց նաեւ մայիսի 9-ին Վաշինգտոն կատարելիք այցը: