27/07/2024

Իջևանցի ոստիկաններից ոմանք հրաժարվել են ․․․

Առավոտյան ոստիկանները, սեւ բերետավորները բիրտ ուժ են կիրառել Կիրանցում խաղաղ ակցիա իրականացնող տղամարդկանց, ականապատ տարածքների ճանապարհը փակ պահողների, այդ թվում անչափահասների նկատմամբ:

Տղամարդկանցից շատերը բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունք եւ այնտեղ ծեծի ենթարկվել: Նրանցի մեկը Կարեն Ղազարյանն է, ով երեկ «Հրապարակին» տված հարցազրույցում ասում էր. «Ոստիկանները մեզ համար ոչ մի նշանակություն չունեն»: Կարենը պատմում էր նաեւ, որ օրերս տեղի ունեցած բիրտ ուժի կիրառման ժամանակ ոստիկանները ջարդել են իր քիթը, բայց ինքն այդ վիճակում նորից եկել է ակցիան շարունակելու:

Ըստ բռնության ենթարկված կիրանցիների, ոստիկաններն իրենց ծեծի ենթարկելիս ասել են. «Մեր դե՞մ եք դուրս եկել, դե կերեք»:

Ըստ մեր աղբյուրի, իջեւանցի ոստիկանների մեջ կան մարդիկ, որոնք հրաժարվում են դուրս գալ ցուցարարների դեմ: Ասում են, որ այստեղ բոլորը ճանաչում են իրար, այնտեղ իրենց ընկերներն են, բարեկամները, ծանոթները: Բագրատ սրբազանը նրանցից ոմանց ամուսնությունը, մյուսների` երեխաների մկրտությունն է օրհնել:

Եւ քանի որ տեղի ոստիկաններն այլեւս հուսալի չեն եւ իրենց հայրենակիցների արյունը չեն հոսեցնում, Նիկոլ Փաշինյանի հրահանգով այլ մարզերից են ոստիկանական ուժեր բերվել Տավուշ։