22/05/2024

Ի՞նչ է ասելու Ալիեւը, եթե Մոսկվան «պահանջի» խաթարել Ալմաթիի նախատեսվող բանակցությունները

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ Իլհամ Ալիեւը մայիսի 2-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Վերին պալատի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչեւին եւ ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի ու համերկրացիների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին:

Մոսկվայում Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիեւ՝  գրեթե մեկ աշխատանքային օր տեւած բանակցություններից հետո եթե ռուսաստանյան պաշտոնյաների Բաքու այցի անհրաժեշտություն կար, ապա, ըստ տրամաբանության, դա պետք է իրականացվեր կառավարության ներկայացուցիչների մակարդակով, որպեսզի գործնական տեսքի բերվեին առեւտրա-տնտեսական եւ կոմունիկացիոն ծրագրերի շուրջ նախագահների ձեռք բերած սկզբունքային համաձայնությունները:

Մոսկովյան «դեսանտի» կարգավիճակը, մանավանդ Դաշնային ժողովի Վերին պալատի պրոֆիլային կոմիտեի ներկայությունը եւ հանգամանքը, որ նրանք ուղղակի հանդիպում են «պահանջել» Ալիեւից, վկայում են, որ Կոսաչեւ-Կալաշնիկով «դուետը» բացառապես քաղաքական առաքելություն ունի: Ընդ որում, նրանք Բաքու են գործուղվել երկու կարեւոր իրադարձությունների ֆոնին: Առաջինն, անկասկած, Ալմաթիում հայ-ադրբեջանական նախարարական հանդիպման համաձայնությունն է, բայց մանավանդ՝ այդ առթիվ Ղազախստանի նախագահի հայտարարությունը, որ, կարծես, որոշակիորեն «սահմանում է հայ-ադրբեջանական կարգավորման եւ սահմանազատման իրավական հիմքը»՝ շեշտադրելով Ալմա-Աթայի 1991թ. դեկտեմբերի 21-ի հռչակագրի պատմականությունը:

Երկրորդ իրադարձությունը Բաքու Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխխոսնակի այցն է, որի մասին ադրբեջանական կողմը թեեւ պաշտոնական տեղեկություն չի տարածել, բայց փաստը հազիվ թե Մոսկվայի համար գաղտնիք է կամ կարող էր գաղտնի մնալ: Ի՞նչ ուղերձ են Բաքու հասցրել Կոսաչեւը եւ Կալաշնիկովը, որ, ի դեպ, անցած ամիսներին մեկ անգամ չէ, որ համերաշխություն են հայտնել Իլհամ Ալիեւին, իսկ Հայաստանի եւ նրա իշխանությունների հանդեպ վերաբերմունքի հարցում հատել բոլոր կարմիր գծերը:
Ո՞ւմ կարող է ձեռնտու լինել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով՝ արդեն իսկ համաձայնեցված, հանդիպման ձախողումը,- հարցադրում էինք արել երեկ: Ըստ երեւույթին, բանակցությունների չկայացման կամ ձախողման շահառու շարունակում է մնալ Մոսկվան: Մաանվանդ որ Ուկրաինան նույնպես Ալմաթիի հանդիպմանն աջակցություն է հայտնել, իսկ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը երեկ հայտարարել է, որ պետքարտուղար Բլինքենը ներգրավված է «հայ-ադրբեջանական ճգնաժամի կարգավորմանը»: Ուշագրավ է նաեւ, որ Ալմաթիի հանդիպման համաձայնության մասին կողմերի հայտարարությանը նախորդել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի Ղազախստան այցը:

Երեւում է, իրականությունից չափազանց հեռու է ռուսաստանցի քաղաքագետ Տարասովի դիտարկումը, որ հայ-ադրբեջանական բանակցությունների արեւմտյան հարթակի չեղարկումը եւ հետխորհրդային տարածք «վերադարձը» Մոսկվայի համար «ընդունելի է»: Հակառակ դեպքում Դաշնային ժողովի Վերին պալատի փոխնախագահը եւ պրոֆիլային կոմիտեի նախագահը Բաքու չէին գործուղվի, ճշգրտումներ կարվեին, թեկուզ, Լավրով-Բայրամով հեռախոսազրույցի ձեւաչափով: Հավանական է, որ Կոսաչեւը եւ Կալաշնիկովը Ռուսաստանի նախագահից Ալիեւին «բարեւագիր են տարել»: Ի՞նչ բովանդակությամբ:

Համաձայնեցված հանդիպումից Բաքվի հրաժարումը չափազանց արտառոց եւ բոլոր առումներով սկանդալային կլինի, բանակցությունները ձախողելու առիթ Ալիեւը միշտ էլ կարող է գտնել: Ընդ որում, Ադրբեջանում այս օրերին պահեստազորայինների հավաքներ են անցկացվում, որ ուղեկցվում են «գումարտակային մակարդակի ուսումնա-վարժական ստուգատեսներով»: Խոսել, որ Հայաստանը եւ Ադրբեջանն «ավելի, քան երբեք մոտ են խաղաղությանը» եւ բանակը բերել «թիվ մեկ պատրաստության»՝ անհամատեղելի է: Մանավանդ որ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Ալիեւը դեռեւս չի հավաստիացրել, որ Տավուշ-Ղազախ հատվածում «սահմանազատումից» հետո ադրբեջանական զորքերը կհեռանան, նրանց կփոխարինի սահմանապահ ծառայությունը:

Մոսկվան դիտարկե՞լ է Ղազախստան-Ուկրաինա-Ադրբեջան-Հայաստան քաղաքական համերաշխության «սպառնալիք»: Կենտրոնական Ասիայի երկրներն անցել են «անվտանգության փոխադարձ երաշխիքների» հիման վրա հարաբերությունների կարգավորման, որ, ըստ կանխատեսումների, պետք է հասնի «ռեգիոնալ ինտեգրացիայի ինստիտուցիոնալացման»: Հայ-ադրբեջանական «պատմական հաշտությունը» կարող է տրանսֆորմացվել հարավ-կովկասյան «տնտեսա-կոմունիկացիոն կոնֆեդերացիայի»: Երկու դեպքում էլ սասանվում են Ռուսաստանի արդեն ոչ թե տարածաշրջանային, այլ գլոբալ-աշխարհաքաղաքական շահերը:

Ի՞նչ է ասելու Ալիեւը, եթե Մոսկվան «պահանջի» խաթարել Ալմաթիի նախատեսվող բանակցությունները: Բայց ավելի կարեւոր է փորձել կռահել, թե դրա դիմաց Ալիեւին ի՞նչ է առաջարկում Պուտինը: «Եթե մենք կարողանանք առաջիկա տարիներին պահպանել մեր պետականությունը, ապա…,,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա կասկածու՞մ է Ալմաթիի բանակցությունների կայացմանը: