Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին կմեկնի Անկարա: Ըստ պաշտոնական հաղորդագրության, նա կմասնակցի թուրք-ադրբեջանական գործարար համաժողովին, որ գումարվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ արտահերթ նիստի շրջանակներում:
Նախօրեին Թուրքիայի առեւտրի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը լիովին դադարեցնելու մասին: Այդ որոշումը չի կարող չազդել Իսրայել-Ադրբեջան հարաբերություններին:
Նախորդիվ մենք հարցադրում էինք արել՝ Իսրայել-Թուրքիա առեւտրաշրջանառություն ամբողջական կասեցումը կարո՞ղ է ազդեն Իսրայել ադրբեջանական նավթի արտահանմանը: Այն իրականացվում է, ըստ տեղեկությունների, Թուրքիայի միջնորդությամբ: Նավթը խողովակաշարով Բաքվից հասնում է թուրքական Ջեյհան նավահանգիստ, պահեստավորվում, ապա թուրքական լցանավերով առաքվում Իսրայելի նավահանգիստներ: Իսլամական համերաշխության կազմակերպության անցյալ տարվա խորհրդաժողովին ելույթում Իրանի նախագահ Ռայիսին խիստ քննադատության էր ենթարկել անդամ այն երկրներին, որ «շարունակում են սիոնիստական ռեժմին վառելիք մատակարարել»:
Արդյոք Բաքուն Անկարայից ազդակ ստացե՞լ է, որ Թուրքիան կարող է խոչընդոտել Ջեյհանից Իսրայել ադրբեջանական նավթի մատակարարումը կամ առնվազն ժամանակավոր սահմանափակումներ մտցնել: Տնտեսական համագործակցության Թուրքիա-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նիստի ,,արտահերթ,, անվանումը հուշում է, որ Ադրբեջանի վարչապետն Անկարա է գործողվում «արտակարգ դրության ռեժիմում»: Եւ դա, կարծես, շատ ավելի քաղաքական, քան՝ առեւտրա-տնտեսական նշանակության այց է:
Թուրքիայում, ինչպես եւ Ադրբեջանում գործադիր իշխանության ուղղակի ղեկավարը նախագահն է: Իսրայելի հետ առեւտրաշրջանառությունը լիովին կասեցնելու որոշում անձամբ Էրդողանն է ընդունել: Ընդ որում, Միացյալ Նահանգներ այցը «հետաձգելուց» եւ ԱՄՆ պետքարտուղարի հետ արտաքին գործերի նախարար Ֆիդանի, ամենայն հավանականությամբ, անհաջող բանակցություններից հետո: Ուշագրավ է, որ Իսրայելի նկատմամբ «էմբարգո» կիրառելուց հետո Էրդողանը որեւէ շփում չի ունեցել Ալիեւի հետ: Համենայն դեպս, այդ մասին պաշտոնական տեղեկություն հայտնի չէ: Բայց նա հայտարել է, որ Թուրքիան չի պարփակվում իր սահմաններում, նրա ազդեցությունն Աֆրիկայի հյուսիսից տարածվում է մինչեւ Ադրբեջան:
Որքանո՞վ է լուրջ Իսրայելի հետ առեւտրաշրջանառությունը կասեցնելու որոշումը: Թուրքիայի առեւտրի նախարարն ասել է, որ այն կտեւի՝ մինչեւ Գազայում կայուն հրադադար չհսատատվի եւ չբացվեն մարդասիրական օգնության ճանապարհները: Իսրայելի արտաքին գործերի նախարարը հակադարձել է, որ հրեական պետությունն արդեն իսկ Թուրքիային այլընտրանքներ է փնտրում: Փորձագետները համարում են, որ Էրդողանի խնդիրը ոչ թե առհասարակ Իսրայելի, այլ՝ վարչապետ Նեթանյահուի հետ է:
Էրդողանը կփորձի՞ Ալիեւին ներգրավել Նեթանյահուի դեմ «առեւտրական պատերազմում»: Ադրբեջանի վարչապետն Անկարա է մեկնում, որպեսզի «առաջին ձեռքից» տեղեկանա Թուրքիայի իրական մռադրությունների մասի՞ն, թե այնտեղ է «կանչվել՝ հանձնարարականներ ստանալու՞»: Ամեն դեպքում միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստի հրավիրումը, կարծես, թուրքական կողմի նախաձեռնությունն է եւ նվիրված է լինելու Թուրքիա-Ադրբեջան «քաղաքական ժամացույցներ ճշտելու» խնդրին:
Բաց մի թողեք
Իր ազդեցությունից դուրս որևէ համաձայնություն թույլ չտալն է ամենակարևորը
Տարաձայնություններ Էրդողանի ու Պուտինի միջև
Նախագահ Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ Վրաստանի ընդդիմադիրները ստորագրել են «Վրացական խարտիան»