27/07/2024

Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով

«Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված են գնում կատարելու ընթացակարգերը, որոնք թվով 4-ն են` Էլեկտրոնային աճուրդը, մրցույթը, գնանշման հարցումը և մեկ անձով կատարվող գնումը։ Սակայն պետական գնումների Armeps համակարգում առկա է «գնում չհանդիսացող ծախս»  անունով ընթացակարգ ևս։ 

«Գնումների մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին» և պետական ֆինանսական կառավարման ոլորտը կարգավորող մնացած օրենքները, ինչպես նաև կառավարության 2017 թ․ մայիսի 4-ի №526-Ն որոշումը չեն սահմանում գնում չհանդիսացող ծախս  «ընթացակարգ»։

Կառավարությունն այդ հասկացությունն օրենսդրական դաշտ է ներմուծել 2018 թ․ հունիսի 15-ին՝ «Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №706-Ն իր որոշմամբ։

Թվում էր, թե 2018 թ․ հետո բոլոր նման խնդրահարույց, կայացվող որոշումների առումով ոչ թափանցիկ կարգավորումներն ու ընթացակարգերը վերանալու էին պետական ֆինանսական կառավարման համակարգից։ Սակայն դրա փոխարեն հեղափոխական կառավարությունը կատարելագործել է նախկինում ներմուծված այդ «ընթացակարգը» և այն լիարժեք օգտագործում է որոշ դեպքերում՝ «Գնումների մասին» օրենքը շրջանցելու համար։

Կառավարությունը սահմանել է, որ գնում չհանդիսացող ծախս (այսուհետ՝ ԳՉԾ) են համարվում․

1) նախորդ տարիների բյուջեների կատարման ընթացքում ստանձնած պարտավորությունների դիմաց առաջացած պարտքերի մարման ծախսերը,

2) միջազգային պարտավորությունների կատարումը,

3) հսկիչ գնումներով կատարվող ծախսերը,

4) աշխատանքային պայմանագրերը, քրեական, վարչական կամ դատական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց որոշումներով նախատեսված կոնկրետ անձանց կողմից մատուցվող ծառայությունների գծով ծախսերը, արժեթղթերի հավատարմագրային կառավարման հետ կապված ծախսերը,

5) կանխիկ և բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների գծով՝ ՀՀ կառավարության որոշումներով հաստատված ծախսերը և

6) ՀՀ տարածքից դուրս կատարվող գնումների գծով կատարվող ծախսերը։

Ընդ որում, եթե «Գնումների մասին» օրենքը նախատեսում է, որ «մեկ անձ» ընթացակարգ կիրառելու դեպքում պատվիրատուները պետք է հիմնավորեն դրա անհրաժեշտությունը, ԳՉԾ-ի դեպքում նման պահանջ գոյություն չունի։ Այսինքն, պատվիրատուները կարիք չունեն հիմնավորելու այն գնումների հետ կապված ծախսերը, որոնք, իրենց կարծիքով, գնում չեն հանդիսանում։ Armeps համակարգում կառավարությունն այդ «ընթացակարգն» օգտագործում է առնվազն 2013 թ․-ից։

Եթե 2013-16 թթ․ ԳՉԾ «ընթացակարգով» գնումները չէին գերազանցում 150 մլն դրամը, ապա 2019 թ․ սկսած դրանց ծավալները միլիարդավոր դրամներ են կազմում և վերջին տարիներին շարունակաբար ու հետևողականորեն ավելանում են՝ 2023 թ․ կազմելով 11․7 մլրդ դրամ (Գծապատկեր 1)։

Գծապատկեր 1․ ԳՉԾ ընթացակարգով կատարված գնումները 2017-23 թթ․ (մլն դրամ)

Աղբյուր․ Armeps Ծանոթություն․ 2013-16 թթ․ ԳՉԾ ընթացակարգով գնումների ծավալները համեմատաբար փոքր են եղել․ 2013 թ․՝ 1 մլն, 2014 թ․՝ 5 մլն, 2015 թ․՝ 75․2 մլն, 2016 թ․՝ 143․7 մլն դրամ։

Զուգահեռաբար, ավելանում է նաև ԳՉԾ «ընթացակարգով» գնում իրականացնող պետական գերատեսչությունների քանակը, որն էլ, իր հերթին, հանգեցնում է բյուջեից այս ընթացակարգին հատկացվող գումարների աճի։

Միայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախորդ տարի ԳՉԾ-ով կնքել է 40 պայմանագիր՝ ավելի քան 7․5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով։ Գնման այս ձևն ամենից հաճախ կիրառում է Քննչական կոմիտեն։ Նախորդ տարում Քննչական կոմիտեն ԳՉԾ դասակարգմամբ կնքել է 2822 պայմանագիր։ Իսկ ընդհանուր առմամբ՝ այս «ընթացակարգը» նախորդ տարի կիրառվել է ավելի քան 3400 անգամ։

Այս «ընթացակարգի» վերաբերյալ տեղեկատվությունը կառավարությունը պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության մեջ Ազգային ժողով առանձին չի ներկայացնում, պետական գնումների վերաբերյալ տարեկան հաշվետվություններում չի արտացոլում (ինչպե՞ս արտացոլի, եթե պատվիրատուների կարծիքով՝ դրանք գնում չեն հանդիսանում)։

ԳՉԾ «ընթացակարգով» գնումների վերաբերյալ որոշումների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը լրջագույն խնդիր է։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ԳՉԾ «ընթացակարգով» 4․1 մլրդ դրամ արժեքով ճանապարհների վերանորոգման պայմանագիր է կնքել «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ-ի հետ։

2023 թ․ ՏԿԵՆ-ը ճանապարհների վերանորոգման մի շարք այլ պայմանագրեր է կնքել տարբեր կազմակերպությունների հետ։ Առավել խոշոր 4 պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է Գծապատկեր 2-ում։

Գծապատկեր 2․ ՏԿԵՆ կողմից ճանապարհների վերանորոգման առավել խոշոր 4 պայմանագրերի դեպքում ընտրված մասնակիցները, պայմանագրի կնքման ամսաթիվը, օգտագործված գնման ընթացակարգը և պայմանագրի արժեքը

  Ընտրված մասնակից Պայմանագրի կնքման ամսաթիվ Գնման ընթացակարգ Պայմանագրի գումարը (դրամ)
1 «Ճանապարհ» ՍՊԸ 2023-08-30 ՄԱ 4,276,641,552
2 «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ 2023-03-29 ՀՄԱ 4,105,240,218
3 «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ 2023-12-07 ԳՉԾ 4,129,500,000
4 «ԵՎՐՈԱՍՖԱԼՏ» ՓԲԸ 2023-04-18 ՀԲՄ 3,859,500,000

Աղբյուր․ Armeps  Ծանոթություն․ ՄԱ՝ մեկ անձ, ՀՄԱ՝ հրատապ մեկ անձ, ՀԲՄ՝ հրատապ բաց մրցույթ

Չկա բացատրություն, թե ինչ տարբերություն գոյություն ունի ճանապարհների վերանորոգման նպատակով «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ հետ 2023 թ․ մարտի 29-ին կնքված 4․105 մլն դրամ արժեքով և դեկտեմբերի 7-ին կնքված 4․129 մլն դրամ արժեքով պայմանագրերի միջև, որ առաջինի դեպքում ՏԿԵՆ-ը համարել է, որ դա գնում է և պայմանագիրը կնքելու համար կազմակերպել է հրատապ մեկ անձ ընթացակարգ, իսկ երկրորդի դեպքում որոշել է, որ այն գնում չի հանդիսանում։

Armeps համակարգի համաձայն՝ 2023 թ․ ԳՉԾ «ընթացակարգերից» 58-ի դեպքում գնման առարկայի անվանման դիմաց նշված է «գնում չհանդիսացող ծախս»։ Այսինքն, ոչ միայն օգտագործվել է «Գնումների մասին» օրենքով չնախատեսված «ընթացակարգ», այլ նաև հայտնի չէ, թե ինչ են «չգնել» պատվիրատուները, և այդ առումով այդ գործարքները թափանցիկ չեն։

ԳՉԾ «ընթացակարգի» հետ կապված մի շարք հարցեր մնում են բաց։ Հասկանալի չէ, թե ինչպե՞ս են պատվիրատուները որոշում, որ այս կամ այն ծախսը գնում չի հանդիսանում։ Պարզ չէ, թե ո՞վ և ինչպե՞ս է վերահսկում «Գնումների մասին» օրենքով չնախատեսված գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգի» օգտագործումը։

Գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգը» դարձել է սև խոռոչ, որը պատվիրատուների նորանոր խմբեր է ձգում իր դաշտ։ Գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգը» դարձել է մեկ անձ ընթացակարգի քողարկված տարբերակը, որը պատվիրատուներին թույլ է տալիս շրջանցել «Գնումների մասին» ՀՀ օրենքը։

Արտակ Քյուրումյան