27/07/2024

Հայաստանում իշխանություն երեւույթի արատավոր երկրորդ շրջանը

Որտեղից է սկսում որեւէ իշխանության քայքայում, որպես այդպիսին: Սկսում է անպատժելիության զգացումից, սկսում է պետության ու սեփական գոյության նույնացումից, սկսում է անսխալականության զգացումից, սկսում է «անհեռացվելիության» զգացումից: Սրանք բոլորը ըստ էության սինդրոմներ են, որոնք նկատվում են ներկայիս կառավարող մեծամասնության շրջանում:

Ընդ որում, ոչ միայն նկատվում են, այլ ստանում են բավականին ակտիվ, տեղ-տեղ անգամ մարտնչող դրսեւորում: Սա կարող է ունենալ թե ներքին արժեհամակարգային-որակական, թե նաեւ ներիշխանական հարաբերություններով պայմանավորված պատճառներ, սակայն դրանից գործնականում չի փոխվում խնդրի քայքայիչ էությունը՝ երեւույթը սկսում է քայքայել հենց իշխանությանը:

Ընդ որում, Հայաստանն ունի դրա նախադեպը: Հայաստանի կառավարող նախկին համակարգը քայքայվել է հենց այդ սինդրոմներից սկսած: Քայքայվել է այն պատճառով, որ ժամանակին ուշադրության չի արժանացրել սինդրոմները, իսկ ժամանակի ընթացքում դրանք սկսել են այնքան խորանալ, զարգանալ ու հատել անշրջելիության կետը, որ այլեւս անհնարին է դարձել իրավիճակի շրջադարձ:

2018 թվականը եղել է դրա հետեւանքը, ոչ թե ինչ որ ընդդիմադիր ուժի կամ խմբի հմուտ եւ կոնցեպտուալ գործունեության տրամաբանական արդյունք, կամ անգամ՝ հեղափոխականության արդյունք: 2018 թվականը առաջին հերթին դրանից առաջ գոյություն ունեցած համակարգի տոտալ քայքայման հետեւանք էր, հենց ներքին՝ արժեհամակարգային ու հոգեբանական քայքայման, ախտահարման: Գործող իշխանության, կառավարող գործող համակարգի պայմաններում «մեկնարկը տրված» է, «գործընթացը՝ սկսված», ընդ որում տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների բերումով, թե ներքին, թե նաեւ արտաիշխանական:

Ըստ էության, հնարավոր է ասել, որ սկսված է Հայաստանում իշխանություն երեւույթի արատավոր երկրորդ շրջանը, եթե առաջինը համարենք մինչեւ 2018 թվականը եղած քայքայումը: Մինչդեռ, չի նշմարվում ներուժ, որը թույլ կտա դիտարկել այդ ընթացքը մինչեւ անշրջելիության կետը կասեցնելու հնարավորություն: Իսկ այդ կետը ներկայումս կարող է մոտենալ շատ ավելի արագ, քան նախկինում, որովհետեւ այսօր արագությունները լայն ու ընդգրկուն թափ են հավաքել համաշխարհային բոլոր մակարդակներում: