29/05/2024

Նրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Աթանեսյան

Հրապարակախոս, ԼՂ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման՝ Տավուշի մարզից քայլերթով Երևան գալու նախաձեռնությանը:

«Էս, որ Հայ առաքելական եկեղեցու վրա որոշները «ստավկա» են դրել, գոնե քրիստոնեական դավանանքի «պրոտոկոլին» ծանո՞թ են, գիտե՞ն, որ ՀԱԵ-ն կանոնիկ ընկալմամբ թե՛ Կաթոլիկ, թե՛ Ուղղափառ եկեղեցու համար օտար է, խորթ, աղանդավոր:

Էդ ո՞վ պիտի Հայաստանում «քրիստոնաեպետություն» հովանավորի:

Սորոսական Վատիկա՞նը, որ Իլհամ Ալիեւի բիզնես-գործընկերն է, թե՞ Կոստանդուպոլսի Հունաց Տիերզերական Պատրիարքը, որի հացուջուրն Էրդողանն է մատակարարում: Թե՞ հույսները դրել են Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի վրա, որ Ոսկե Հորդայի ժամանակների ոգով Կազանում քրիստոնեա-մուսուլմանական հոգեւոր սեմինարիա է հիմնադրում:

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞: Մանավանդ որ Հռոմը, Մոսկվայի եւ Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքն այսօր միմյանց կոկորդ են կրծում, որպեսզի իսլամական աշխարհի թիվ մեկ բարեկամի կարգ ստանան:

Արդեն բաց պիտի ասվի՝ սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը: Գիտակցո՞ւմ են, որ մեր երկիրը, եթե ՀԱԵ-ն պիտի առաջնորդ լինի, հակադրվում է միանգամից թե՛ Վատիկանին, թե՛ Հունաց Տիեզերական Պատրարքին, թե՛ Ռուսաց, թե՛ Վրաց Ուղղափառ եկեղեցուն, թե՛ Մերձավոր Արեւեկքի դեռեւս գոյություն քարշ տվող քրիստոնեական եկեղեցիներին, թե՛ հատկապես ամբողջ իսլամական աշխարհին:

Իսկ գուցե գիտակցաբա՞ր են անում: Ի վերջո, Հայ առաքելական եկեղեցին Չինգիսխանն էլ է ճանաչել, բայց ոչ որպես Հայաստանի քաղաքական ինքնության, այլ՝ հայ հպատակ համայնքի ներկայացուցչի»: