27/07/2024

Ֆիդանի «կշտամբանքի» հասցեատեր է Սաուդյան Արաբիան, որտեղ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը «շատ բարդ բանակցություններ է վարել»

Miiliyet-ը փոխանցում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի ելույթի հիմնական թեզերը, որ պայմանականորեն կարելի է ձեւակերպել այսպես.

Գազայի հատվածում պատերազմ է ոչ թե Իսրայելի պետության եւ պաղեստինցի արաբների, այլ բռնաճնշողների եւ բռնաճնշվածների միջեւ, հետւաբար օկուպացիայի դեմ պայքարը բոլոր իսլամադավան ժողովուրդներինն է, իսլամական աշխարհի պատմությունը գիտի պառակտիչ մրցակցության դառը օրինակներ, որ չպետք է կրկնվեն, իսլամական պետությունները չեն կարող Պաղեստինի սուրբ գործը զոհաբերել տարածաշրջանային գերիշխանության համար մրցակցությանը:

Մերձավոր Արեւելքի իսլամադավան ամենաազդեցիկ երկրներ են Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Իրանը: Նրանից Իսրայելի «արյան թշնամի» ավանդաբար դիտվել է Իրանը, որ իսլամական աշխարհում հանդես է եկել որպես Երուսաղեմի ազատագրման պայքարի առաջնորդ: Գազայի հատվածում պատերազմի սկզբից, երբ ԻՀԿ-ն պետությունների առաջնորդների գագաթաժողով էր կազմակերպել, Իրանի նախագահը կոշտ քննադատել էր Իսրայելին վառելիք մատակարարող իսլամադավան երկրներին՝ ակնարկելով առաջին հերթին Թուրքիային:

Թուրքիան հակադարձում է, բայց, ըստ երեւույթին, Ֆիդանի «կշտամբանքի» հասցեատեր է Սաուդյան Արաբիան, որտեղ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը մի քանի օր առաջ, ինչպես ամերիկյան Politico-ն է ձեւակերպել՝ «շատ բարդ բանակցություններ է վարել»:

Ըստ տեղեկությունների, սաուդցիները չեն մերժել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման առաջարկությունը, բայց «եւ վճռական «այո» չեն ասել»: Գրեթե միաժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարության անանուն պաշտոնյայի կողմից մամուլին տեղեկություն է փոխանցվել, որ «ամերիկա-իրանյան գաղնի բանակցություններ չեն ընթանում, երրորդ երկրների միջնորդությամբ շփումներն, ինչպես եւ նախկինում, կոորդինացնում է փոխարտգործնախարար Բաղերին»:

Թուրքիայի արտգործնախարարն, անշուշտ, սաուդա-ամերիկյան եւ իրանա-ամերիկյան բաց կամ փակ քննարկումներից շատ ավելի է տեղեկացված: Մանավանդ որ ինքն էլ մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ «ծանր հանդիպում» է ունեցել: Եւ, երեւի, հենց այդ տպավորությամբ է ասել, որ «իսլամական աշխարհի պառակտվածությունը ձեռնտու է Իսրայելին եւ նրա հովանավորներին»: Այս համատեքստում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հակիրճ հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Բաքուն սատարում է Պաղեստին պետության հռչակմանը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1947թ. բանաձեւի:

Այն, ինչպես հայտնի է, նախկին բրիտանական ենթամանդատային Պաղեստինը բաժանում է երկու պետությունների՝ Իսրայելի եւ Պաղեստինի՝ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Հրապարակային քաղաքականության մակարդակում, այսպիսով, Բաքուն համերաշխվում է Պաղեստինի հարցում իսլամական աշխարհի ընդհանուր դիրքորոշմանը, բայց այդ մոտեցումը ֆորմալ առումով պաշտպանում է նաեւ Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ՝ Եվրամիությունը:

Իրանը, իսկ Գազայում պատերազմի բորբոքումից հետո նաեւ Թուրքիան պահանջում են, որ Իսրայելը վերադառնա 1967թ. սահմաններին, իսկ դա ենթադրում է ավելի քան քառասուն տարի իրականացված վերաբնակեցման չեղարկում, միլիոնավոր մարդկանց տեղահանություն, տարածքների, այդ թվում՝ Գոլանի բարձունների վերադարձ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը փաստացի բացահայտել է, որ «ալ-Ղուդսի ազատագրման» գաղափարն ընդամենը քարոզչական է: Բուն խնդիրն այն է, թե ո՞վ է լինելու ապագա Պաղեստին պետության «անվտանգության երաշխավորը»: Եւ այս հարցում իսլամական աշխարհը տարակարծիք է, ինչը վերաճել է ազդեցության համար սուր մրցակցության: Հաքան Ֆիդանը, կարծես, անոնսավորում է ներիսլամական ճգնաժամ: Թուրքիան նախապատրաստվում է Իրաքի հյուսիս ներխուժման: Ակնհայտորեն դա ուղղված է Մերձավոր Արեւելքում Իրանի հովանավորած «շիադավան աղեղի» խզմանը:

Մյուս կողմից Ադրբեջանը խորացնում է Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ քաղաքական, առեւտրատնտեսական եւ փոխադարձ ներդրումային հարաբերությունները: Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»: