27/07/2024

Կույր դժգոհություն, որը հանրության համար առաջնային է դարձրել համակարգից ազատվելը

Հայաստանում հաճախ է հնարավոր լսել, հատկապես վերջին երեք-չորս տարիներին, որ ժողովորդը սխալվել է 2018 թվականին: Այս մասին խոսում են տարբեր քաղաքական խմբեր, կուսակցություններ, դրանց առանձին ներկայացուցիչներ:

Ընդ որում, այդ մասին խոսում են չթաքնված «մեշահոգությամբ», այն իմաստով, թե՝ ժողովուրդը սխալվել է, սխալի հետեւանքը եղել է ծանր, բայց ոչինչ, իրենք ներում են ժողովրդին: Սա հայկական քաղաքական համակարգ կոչվածի ցինիզմի մի դրսեւորում է:

Առավել եւս, որ այդ սրսեւորմամբ աչքի են ընկնում հիմնականում այն համակարգի ներկայացուցիչները, կամ այսպես ասած՝ այդ ներկայացուցիչների «ննոր սերունդը», որոնք կառավարման հետեւանքն էր նաեւ այն, որ երկրում հասունացել էր հեղափոխության հրամայականը:

Եվ ժողովուրդը չի սխալվել, ժողովուրդը գնացել է հեղափոխական շարժման, կամ փոփոխությունների շարժման հետեւից՝ ինչպես կուզեք անվանեք 2018-ին տեղի ունեցածը, որովհետեւ դրանից առաջ եղածն է շատ ճիշտ ու հստակ գնահատել: 2018-ի իր քայլով ժողովուրդը գնահատել է ոչ թե 2018-ին «եկողը», այլ այն, որ ճանապարհել է 2018-ին:

Ու այն, որ Հայաստանում իրավիճակը հենց այդ կետին է հասել՝ մինչ այդ կետը կառավարած ըստ էության բոլոր վերնախավերի եւ նրանց հարող տարբեր շրջանակների պատասխանատվության եւ զգալիորեն նաեւ հանցանքի դաշտում է: Որովհետեւ այդ համակարգը բաց է թողել Հայաստանը որակապես փոխելու մի քանի պահ, հանրության դժգոհություններին, հանրության բողոքին, սոցիալական, սոցիալ-հոգեբանական վիճակին մշտապես նայելով իշխանական բարձրությունից, անտարբերությամբ կամ ցինիզմով ու մեծամտությամբ:

Հենց այդ վերաբերմունքն է, որ Հայաստանում հասունացրել է անասելի մեծ եւ ինչ որ իմաստով կույր դժգոհություն, որը հանրության համար առաջնային է դարձրել արդեն ամեն կերպ այդ համակարգից ազատվելը, առանձնապես խորամուխ չլինելով նոր համակարգի ձեւավորմանն առնչվող հարցերի մեջ: Հասարակությունն աջակցել է փոփոխությանը, որի հետագա ընթացքն էլ խոշոր հաշվով կախված էր լինելու հասարակական-քաղաքական վերնախավերից:

Բնականաբար, առաջին եւ գլխավոր հերթին՝ իշխանության եկած խմբից, որը լիովին տապալել է իր բաժին պատասխանատվությունը: Միեւնույն ժամանակ նաեւ հասարակական-քաղաքական մյուս դերակատարներից, որոնք գործնականում ձախողել են սեփական անելիքը:

Հետեւաբար, քաղաքական, հասարակական վերնախավերը ճիշտ կանեն սկսեն խոսել սեփական սխալներից՝ ժողովրդի հետ, այլ ոչ թե միմյանց հետ խոսեն ժողովրդի «սխալների» մասին:

Այդ դեպքում գուցե առաջանա իրավիճակի հետագա զարգացման համար ճիշտ եզրահանգումներ անելու իրական հնարավորություն: