27/07/2024

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններում՝ 2026 թ․-ին․ Սիմոնյան

«Ի՞նչ հարց եք տալիս. իսկ եթե եկան, հավաքվեցին նույն 15-20 հազարը, իրանք՝ գլխավոր դերակատարները մանդատները վայր են դնելու և դուրս են գալո՞ւ քաղաքականությունից»:

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով հարցին, թե ենթադրենք Բագրատ սրբազանը եկավ ու հրապարակում 50-ից 100 հազար մարդ հավաքվեց, էլի՞ չեք գնալու:

«ՀՀ-ում իշխանությունը ներկայացնում է ժողովրդին, երբ որ ժողովուրդը պահանջ կներկայացնի և կտեսնենք, որ դա ժողովրդի կողմից է»,- ասաց Սիմոնյանը և հարցին, թե ինչ քանակի մարդկանց մասին է խոսքը արձագանքեց. «Լսեք ես քանակով չգիտեմ, 2337, ես տենց բաների մասին չեմ մտածում: Տենց իրականություն իրենց կողքը ստեղծում են ընդդիմադիրները, իրենք իրենց ասածին հավատում, իրենք իրանց ասածը իրենց ԶԼՄ-ներով տարածում, դուք էլ գալիս եք՝ իրենց ԶԼՄ-ների ներկայացուցիչները նման հարցեր եք տալիս»:

ԱԺ նախագահը նաև հայտարարեց՝ վստահ է, որ ՀՀ ժողովուրդը ամեն ինչ շատ լավ հասկանում է, վստահում է սահմանազատման և սահմանագծման գործընթացին:

«Գիտի, որ Հայաստանը պետք է խաղաղության մեջ ապրի, պատերազմ չի ուզում, չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանություն, չի պատրաստվում կրոնապետության գնալ, չի պատրաստվում եկեղեցու որոշ անդամներին դիտարկել որպես քաղաքական գործիչ, որն ըստ իս անընդունելի է և հասկանում է, որ եկեղեցին, Աստվածը և հույզերը, որոնք մենք ունենք որպես քրիստոնյա մարդիկ, և անհատները, որոնք այսօր քաղաքական շահ են սպասարկում տարբեր բաներ են: Դրա համար ես չեմ հավատում, որ ՀՀ ժողովուրդը իր իմաստությունը կորցրել է»,- ասաց Սիմոնյանը:

Հարցին, թե գործընթացում արտաքին հետք տեսնում ե՞ք, Սիմոնյանն ասաց. «Երբ տեսնում ենք տարբեր տեղերից, տարբեր ուղղվածության ֆինանսավորում, տարբեր ծագումնաբանություն ունեցող բլոգերներ և հիմնականում մի երկրում գտնվող մարդիկ, երբ հայտարարում են, որ միանում են այս հզոր շարժմանը, իհարկե բնական է, որ տեսնում եմ, դա ակնհայտ է»:

«Ես քաղաքական գործիչ եմ, բայց քաղաքական առաջարկ չեմ լսել։ Ես հարգանքով եմ վերաբերվում մեր բոլոր այն քաղաքացիներին, որոնք այլ կարծիք ունեն, որոնց հետ ես համաձայն չեմ, բայց ես քաղաքական պահանջ չեմ լսել։ Իրենց առաջարկը Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ գործողություն անելն է, ինչ-որ քայլով հարձակվելը»,- ասաց նա։

Անդրադառնալով ակցիայի մասնակիցների՝ սահմանազատման կասեցման մասին հայտարարություններին՝ Սիմոնյանը նկատեց․ «Կասեցնել սահմանազատումը նշանակում է, որ դեմ են դրան։ Հայաստանը միակողմանի զիջումների չի գնում, ֆիքսում է իր սահմանները, և այդ գործընթացը շարունակվելու է այն քարտեզներով, որոնք ունեն իրավական հիմքեր, և այդ քարտեզներին մենք տիրապետում ենք»։

ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում, որը տեղի է ունենալու 2026 թվականին։

«Երբ մենք եկանք իշխանության, այդ ժամանակ չկար ձևավորված իշխանություն ընտրությունների միջոցով, և ՀՀ ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը։ Դրանից հետո՝ 2021 թվականին, նորից գնացինք ընտրությունների և ձևավորեցինք իշխանություն։ Իսկ իրավիճակ կարող է փոխվել ժամը մեկ ամեն մեկի տանը, գլխում»,- ասաց նա։

«Ես որևիցե բան չեմ բացառում, ես ասում եմ՝ երբ որ քաղաքական առաջարկ կլինի, քաղաքական գործընթաց կլինի, որովհետև ես նույնիսկ չեմ հասկանում, թե սա ինչ պրոցես է: Մենք կրոնապետությո՞ւն ենք, ինչո՞վ ենք մենք հիմա զբաղված, ի՞նչն է առաջարկը»:

«Քաղաքացին պետք է առաջարկ ունենա, երբ որ ինչ-որ մեկն ասում է՝ ես սրան դեմ եմ, պետք է առաջարկ ունենա՝ ո՞րն է այդ առաջարկը»,- ասաց Սիմոնյանը:

Հարցին, թե իշխանությունները պատրաստվո՞ւմ են ընդունել Բագրատ սրբազանին, Սիմոնյանն արձագանքեց. «Հարգելիս, էս ի՞նչ եք հարցնում, ի՞նչ է նշանակում պատրաստ եք ընդունել: Ինձ որևիցե մեկը նման առաջարկ չի արել, ես ընդունելության ժամ ունեմ, բոլոր քաղաքացիներին էլ ընդունում եմ»:

Սիմոնյանը նաև վստահեցրեց՝ միակողմանի զիջում չկա, սահմանն են գծում. «Մենք միջազգային նորմերին համապատասխան ենք անում, ո՞րն է այն միջազգային նորմը, որը, ըստ իրենց, խախտված է: Ես ուզում եմ ասել՝ քանի անգամ կարելի է նույն տրամաբանությամբ այն, ինչ որ մենք արել ենք, նույն ձևի տարբեր դերակատարներով կրկնել ու փորձել նույն բանն անել, հասկացանք, նոր բան մտածեք: Մեկ է, վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանին «Բանանի Միհրանին», Վանեցյան Արթուրին բերելու են, ցույց տան, ասեն՝ էս են էս մարդիկ: Նույն դերակատարները գնում են, ուրիշ դեմքով գալիս են, հլը մի հատ եկեք սենց փորձենք, եկեք հույզերի հետ խաղանք»:

Հարցին, թե կարծո՞ւմ է Բագրատ սրբազանի ետևում իր մատնանշած անձինք են, վերջինս արձագանքեց. «Լո՞ւրջ եք հարցնում, ո՞ր լրատվամիջոցից եք: «Ազատություն»-ի՞ց եք, հասկանում եմ ձեր հարցը, ինձ հետաքրքիր է ձեր հետևում որ ուժերն են կանգնած: Ես չեմ ուզում ձեր հարցին պատասխանել, որովհետև ակնհայտ հարցերին չեմ պատասխանում»:

Դեռ անցյալ տարվանից «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու հնարավորություն կար, որի համար Ադրբեջանի քաղաքական կամքն էր պետք։

«Հույս ունենք, որ այս գործընթացը, որը տեղի է ունենում, ևս մեկ ազդակ է, որ այդ պրոցեսը պետք է ու հնարավոր է շատ արագ ավարտին հասցնել։ Հայկական կողմը այդ ուղղությամբ գնալու է և աշխատանքները իրականացնելու է մշտապես»,- ասաց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարություններին, թե «Խաղաղության պայմանագրում» ամբողջությամբ իրենց մոտեցումներն են լինելու, Սիմոնյանը նկատեց․ «Ամբողջությամբ միջազգային նորմեր են դրված, որոնք նաև մեր մոտեցումներն են, և բոլոր այն հարցերում, որտեղ հասկացություններ կան, հայկական կողմը մերժելու է, և դրա ապացույցն այն է, որ պայմանագիրը գնում-գալիս է։ Ինչո՞ւ է այդպես, որովհետև իրենք իրենց առաջարկներն են ուղարկում, մենք ասում ենք՝ ոչ, սա էլ մեր առաջարկն է, դրա համար այդ պրոցեսը երկարում է»։

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ որևէ տարաձայնություն «Խաղաղության պայմանագրի» քննարկման փուլում չկա, սակայն կարևոր է, որ երկակի մեկնաբանություն չլինի․ «Կարևոր է, որ երկակակի մեկնաբանության տեղ չթողնենք, Նոյեմբերի 9-ի հետ կապված սակարկումներ որոշ երկրներ ու որոշ քաղաքական գործիչներ փորձեցին անել, և դա դաս էր մեզ համար, որ բոլոր ձևակերպումները երկու կողմի համար հասկանալի լինեն, թե ինչի մասին է այդ ձևակերպումը, որ մեկը չասի՝ դու այստեղ ինձ մի բան ես խոստացել, մյուսն ասի՝ ինձ մի բան ես խոստացել»: