23/12/2024

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հանձնարարությամբ ուղարկված նամակը հասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ նամակի պատասխանը արդեն ուղարկվել է։ Վերջինս տեղյակ է ստացած նամակի և պատասխան նամակի բովանդակությունից, սակայն չցանկացավ հանրայնացնել այդ տեղեկությունը։

«Ես գրություն չեմ ստացել, ԱԺ-ին է փոխանցվել, ում որ ուղարկել են, իրեն հարցրեք, իսկ ուղարկել են Սարգիս Խանդանյանին։ Ես կարող եմ ասել, որ շատ վաղուց իմ գործընկերը այդ պատասխանը ուղարկել է՝ մեկ-երկու օր հետո, պարզապես այդ րոպեին երևի տիկին Զախարովային հարմար է եղել տենց արձագանքել և չարձագանքել մյուս մասին։ Պարզ է, որ բեմականացված հարց ու պատասխան է մշտապես տեղի ունենում»,- ասաց նա։

ԱԺ նախագահը նաև կարևորեց․ «Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել։ Տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել։ Ես ամենաուղիղ մանդատով մարդկանցից մեկն եմ, արել եմ հայտարարությունը ում անունից, որ մասնակցել եմ։ Եթե որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում իրենց ժողովրդին, իրենց խնդիրն ու պատկերացումներն են։ ՀՀ-ում իշխանությունն ու ընդդիմությունը ներկայացնում է իր ժողովրդին»։

Հիշեցնենք՝ Մատվիենկոն ապրիլի 24-ին էր հանձնարարել պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։

Ելույթ ունենալով Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունն է»՝ ինքը ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։

ՀՀ Ազգային ժողովը նամակը ստացել էր ապրիլի 26-ին։