27/07/2024

«Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովում ներկայացվեց կրթական բարեփոխումների վերաբերյալ երկխոսության հարթակը

Երևանում մեկնարկել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը, որի շրջանակում ներկայացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Եվրոպական Միության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի երկխոսության հարթակը Հայաստանում կրթական բարեփոխումների քաղաքականության վերաբերյալ:

Միջոցառման նպատակն է գործընկերների միջև համագործակցության և փոխլրացման զարգացման ճանապարհ հարթել, ինչպես նաև բարելավել կրթության ոլորտում կառավարության կողմից ղեկավարվող դոնորների համակարգումը:

Համաժողովի ընթացքում գործընկերները քննարկեցին կրթության համակարգի բարեփոխումները, հիմնախնդիրներն ու հնարավորությունները՝ ներկայացնելով կրթության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով և կարևորելով նման հարթակների ստեղծումը, նշեց, որ դեռևս 2019 թվականից ամեն տարի ԵՄ-ի հետ ռազմավարական երկխոսության և գործընկերության շրջանակներում կազմակերպում են կրթության ոլորտում նախորդ տարվա իրականացրած ծրագրերի և առաջիկա համատեղ անելիքների քննարկում:

«Սա շատ կարևոր հարթակ է, որտեղ մենք ներգրավում ենք կրթության ոլորտում հիմնական գործընկերներին՝ միջազգային կազմակերպություններին, տեղական կառույցներին, որոնց հետ միասին մենք կրթության ոլորտի կարևոր փոփոխությունների վրա ենք աշխատում: Այստեղ հասկանում ենք, թե որ ծրագրով ինչպիսի առաջընթաց է գրանցվել, ինչպիսի փոփոխությունների կարիք կա:

Հաշվի առնելով, որ նախորդ տարի կրթության զարգացման պետական ծրագրի գործողությունների պլանը հաստատվեց և մեզ համար ռազմավարության իրականացման տարի էր՝ այսօր միասին առիթ ունենք լսելու զեկույցը, թե նախորդող ամիսներին ինչպե՞ս է ընթացել կրթության ռազմավարության իրականացումը, ի՞նչ հիմնական դիտարկումներ կան: Խոսելու ենք նաև հանրակրթության, մասնագիտական կրթության և բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումներից և առաջիկայում սպասվող մի շարք կարևոր նախագծերից»,-ասաց Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարն ընդգծեց՝ գնահատում են ԵՄ-ի շարունակական աջակցությունը կրթության ոլորտին՝ նշելով որ կրթության զարգացման պետական ծրագիրը մշակվել է Եվրամիության աջակցությամբ և գործընկերությամբ:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, կարևորելով կրթության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը, նշեց՝ որակյալ կրթության հասանելիությունը մարդու հիմնարար իրավունքն է և էական նշանակություն ունի ցանկացած երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար:

«Հայաստանի հետ համագործակցությունը շատ երկարատև է, որը սկսվել է 2019 թվականին, երբ մենք քաղաքական երկխոսություն սկսեցինք կրթության ոլորտի շուրջ: Մենք աջակցել ենք կրթության ռազմավարության ստեղծմանը և աջակցել ենք որոշ մարզերում գիտական և տեխնոլոգիական տեխնիկաների տրամադրման հարցում: Համագործակցություն ենք իրականացնում ԹՈՒՄՈ-ի և ՔՈԱՖ-ի հետ և շուտով Սյունիքում ստեղծելու ենք երկու ՔՈԱՖ կենտրոններ, ինչը օգնելու է դիմակայունության բարձրացմանը: Թեև Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել իր կրթական համակարգի բարելավման հարցում, անհրաժեշտ է հաջորդիվ ևս աջակցել բարեփոխումներին՝ կենտրոնանալով հանրակրթական ծախսերի արդյունավետության, մատչելիության, ծառայությունների մատուցման և կրթության ընդհանուր որակի և սովորողների ուսումնառության արդյունքների վրա»,- նշեց Մարագոսը:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն ասաց, որ Հայաստանի կրթության ոլորտում աշխատող կազմակերպությունների համար առաջնահերթություն է, որպեսզի երեխաները և դեռահասները կարողանան որակյալ կրթություն ստանալ, որը նրանց լավագույնս կպատրաստի ապագայի համար։ «Հայաստանի կառավարությունը բազմիցս ընդգծել և կարևորել է այս առաջնահերթությունը վերջին տարիներին», – նշեց նա:

Վայգանդն ավելացրեց՝ «ՅՈՒՆԻՍԵՖ-ը հույս ունի, որ այս և հետագա հանդիպումների ընթացքում շահագրգիռ կողմերը պատկերացումներ կտան կրթության վերաբերյալ հիմնավոր քաղաքական երկխոսության համար, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխայի՝ հատկապես առավել խոցելիներին, հասանելի լինի որակյալ կրթությունը: